«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մարզերի բնակիչները երկրորդ կարգի քաղաքացիներ չեն, և Երևանը Հայաստանից կտրված առանձին տարածք չէ

Մարզերի բնակիչները երկրորդ կարգի քաղաքացիներ չեն, և Երևանը Հայաստանից կտրված առանձին տարածք չէ
15.10.2026 | 11:46

Չէի ուզում անդրադառնալ այս դեպքին, սակայն ստեղծված հանգամանքներն ու պաշտոնյայի հրապարակային պարզաբանումը ստիպեցին արտահայտել դիրքորոշումս։

Փորձ է արվում կատարվածը ներկայացնել որպես լրատվական վերնագրի հետևանքով առաջացած թյուրըմբռնում։ Բայց եկեք տարանջատենք երկու բան՝ այն, թե ինչ է գրվել վերնագրում, և այն, թե ինչ ռազմավարական նպատակ է իրականում հռչակել պաշտոնյան։

Նրա իսկ պարզաբանմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է, որպեսզի Երևան ժամանող քաղաքացիներն իրենց մեքենաները թողնեն քաղաքի մուտքերի մոտ կառուցվելիք ավտոկայանատեղիներում և մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։

Ուրեմն ո՞րն է թյուրըմբռնումը։

Եթե խոսքը պարզապես կամավոր այլընտրանք առաջարկելու մասին է, ապա հարց չկա․ ստեղծե՛ք հարմարավետ ավտոկայանատեղիներ, զարգացրե՛ք հանրային տրանսպորտը, և քաղաքացին ինքը կորոշի՝ օգտվել այդ հնարավորությունից, թե ոչ։

Բայց եթե ռազմավարական նպատակն այն է, որ մարզերից Երևան եկող մարդիկ իրենց մեքենաները թողնեն քաղաքի մուտքերի մոտ և շարունակեն ճանապարհը հանրային տրանսպորտով, ապա հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչ է ենթադրվում այդ նպատակի իրականացման հաջորդ փուլերում։ Դա լինելու է զուտ կամավո՞ր համակարգ, թե՞ հետագայում նախատեսվում են մեքենաների մուտքը սահմանափակող միջոցներ։

Սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են։

Երևանի երթևեկության խնդիրը ոչ ոք չի ժխտում։ Բայց այդ խնդրի լուծումը չի կարող ինքնանպատակ կերպով վերածվել քաղաքացիների տեղաշարժի սովորույթները թելադրելու քաղաքականության։ Մարզերի բնակիչները երկրորդ կարգի քաղաքացիներ չեն, և Երևանը Հայաստանից կտրված առանձին տարածք չէ։

Մարդիկ մայրաքաղաք են գալիս աշխատանքի, բուժման, ուսման, պետական կառույցներ այցելելու և բազմաթիվ այլ անհրաժեշտ պատճառներով։ Նրանցից պահանջել մեքենան թողնել քաղաքի մուտքի մոտ՝ նշանակում է նրանց վրա լրացուցիչ ժամանակային և նյութական բեռ դնել։

Ավելին՝ եթե ապագայում նախատեսվի մեքենաների մուտքի պարտադիր սահմանափակում, առաջանալու է նաև սահմանադրականության հարց։ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածն ամրագրում է ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Նման սահմանափակումները պետք է ունենան իրավական հիմք և համապատասխանեն անհրաժեշտության ու համաչափության պահանջներին։

Հետևաբար, թյուրըմբռնումը վերնագրի շուրջ կարող է լինել, բայց բուն ռազմավարական մտադրության վերաբերյալ հարցերը մնում են։ Պաշտոնյայի պարզաբանումը չի վերացնում այդ հարցերը, այլ հաստատում է, որ նման նպատակ իսկապես կա։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ