Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Զարմանալի է և հուսահատեցնող

Զարմանալի է և հուսահատեցնող
14.01.2026 | 15:36

2015 թվականի Գյումրիի ողբերգական ոճրագործության հետևանքը գոնե այս տարելիցի օրերին իր գործուն արձագանքն ունենար սոցիալական ցանցերում։

Ո՛չ, ամեն ինչ հաշվարկաված է, ամեն մի դժբախտ դեպք ազգի կյանքում վարագուրվում է անտարբերության կամ մոռացության վարագույրով և նետվում է անհայտություն։

Ամեն տարի, ամեն ամես, ամեն օր քաղաքական մի արտառոց դեպք ու որոշում է կայացվում Հայաստանում, ու մարդիկ չեն հասցնում ընկալել, քննել ու հասկանալ այդ որոշման և իրադարձության նպատակն ու հետևանքները, երբ կառավարությունը քաղաքական մի նոր մոլորեցնող բան է որոշում։

Անցյալ տարեվերջին կառավարության որոշումով ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվեցին ցորեն՝ Ղազախստանից և Ռուսաստանից, նաև նավթամթերք՝ ադրբեջանից։

Ցորենի որակի մասին որոշ մասնագետներ կասկած հայտնեցին։ Իսկ ադրբեջանական նավթամթերքի՝ բենզինի և դիզելային վառելիքի գները շուկայականից մոտ 80 դրամ էժան է վաճառվելու։ 80 դրամ էջանով գայթակղում են մեր վարորդների՞ն։ Ինչ ամոթ է ու վիրավորական։

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ 1945 թվի դաժան պատերազմից հետո, երբ երկուստեք միլիոնավոր մարդկային զոհեր եղան, ԽՍՀՄ-ն ու ավերված Գերմանիան անցնեին ազատ առևտրի․ ճիշտ է հարձակվողը Գերմանիան է եղել, բայց նա էլ իր երկիրը մասնատած ԽՍՀՄ-ին չէր կարող ներել։

Եվ երկար տարիներ այդ երկրների միջև հիշաչարության ոգին է իշխել։ Մինչև որ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Բեռլինի պատը քանդեցին, բայց մի փոքր հատված պահեցին՝ սերունդներին զգոն ու սթափ պահելու համար։

Հիշաչարությունն առհասարկ վատ բան է, եթե մարդն իր ամբողջ կյանքում հետապնդում է իր ընկերոջը կամ բարեկամին` նրանցից մի փոքր անախորժ վերաբերմունք ստանալու պատճառով:

Աստված մարդու մեջ դրել է նաև ներողամիտ լինելու շնորհը։ Բայց հայերս անհիշաչարությունը թշնամու հանդեպ և առհասարակ կարճ հիշողությունը, մեր պատմական անհաջողությունների հարցում, եղել են ու շարունակում են լինել մեր քաղաքական կորուստների և ազգային դժբախտությունների հիմնական պատճառը։

Թշնամին անում է այն, ինչին ընդունակ է և ինչն իր շահերից է բխում։

Իսկ մե՞նք։

Մենք ևս ազգային ու պետական շահ ունենք, որ պարտավոր ենք, ինչ գնով էլ լինի, պաշտպանել, ինչպես պաշտպանում ենք ռազմի դաշտում մեր խրամատներն առաջնագծում։

Այսինքն՝ կրակային գիծը։

Բայց երբ նպատակաուղղված և հետևողականորեն ոչնչացնում են քո տեսակն ու քո երկիր-Հայրենիք-պետությունը, քո ժողովրդին հայրենազուրկ են դարձնում ու ցրում են աշխարհով մեկ, ծառայեցնում այլոց երկիրը շենացնելուն, նաև իրենց գենը քո ազգի արյունով մաքրելուն, ահա այդ դեպքում հիշաչարությունը դառնում է ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ միակ զենքը։

Իսկ մենք այդ ազնիվ «զենքը» յոթ քարի տակ, յոթ կողպեքի տակ ենք պահում։

Հիմա, տրամաբանականից զատ, հոգեբանական և բարոյական հարց հայերիս՝

Մեզ պե՞տք են այդ 80 դրամ, թեկուզ և ձրի, ադրբեջանական բենզինն ու թշնամու երկրով ներմուծվող ցորենը։

Մի՞թե սա մեզ պատիվ է բերում, հայե՛ր ջան։

Ես հիշաչար եմ․․․ ազգիս ու երկրիս թշնամու հանդեպ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ