Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

«Ձեր տղային տվեք մեր աղջկան»

«Ձեր տղային տվեք մեր աղջկան»
08.08.2026 | 13:10

(ներկայացման հաջողված մեկնարկը խոստանում է երկար ու հաջող բեմական կյանք)

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ սպասված պրեմիերան. հանդիսատեսի դատին հանձնվեց գրող, լրագրող, դրամատուրգ ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆԻ հեղինակած «Ձեր տղային տվեք մեր աղջկան» կատակերգությունը, որը դարձավ թատերաշրջանի առանձնահատուկ իրադարձություններից մեկը՝ միավորելով արդիական սոցիալական շերտերն ու դասական կատակերգական ավանդույթները:

Այս կատակերգությունը յուրօրինակ հայելին է մերօրյա իրականության, որտեղ հեղինակը հմտորեն միահյուսել է սոցիալական խորքային խնդիրներն ու զուտ մարդկային, անկեղծ զգացմունքները: Պիեսի առանցքում կաշառակերության և շահամոլության ճահճում հայտնված Փոլադյանների ընտանիքն է՝ իրենց առօրյա հոգսերով, հավակնություններով ու ձևավորված աշխարհայացքով, որին հակադրվում է հարևան երկու ընտանիքների զավակների սերը։ Վերլուծելով ստեղծագործության դրամատուրգիական կառուցվածքը՝ հարկ է նշել, որ հեղինակը չի խուսափել պարզ, կենցաղային հումորից։ Եվ հենց դրանք էլ ծառայում են որպես միջոց՝ մերկացնելու մարդկային թերություններն ու արատները: Տան բռնապետ և ամեն ինչ տնօրինող տիկին Սոֆիկի կոշտ որոշումները, ամուսնու՝ Վոլոդյայի ներքին դիմադրության արդյունքում ծնվող կոմիկական իրավիճակները, ինչպես նաև սոցիալական խիստ մերօրյա խնդիրների (մասնավորապես՝ կրճատման տակ հայտնված ուսուցչուհի Վարդուշի պատմությունը) արծարծումը ներկայացմանը հաղորդում են բազմաշերտություն:

Այս ամենի ֆոնին զարգացող Կարենի և Կարինեի սիրո պատմությունը դառնում է այն մաքրագործող ուժը, որը հավասարակշռում է դրամատուրգիական լարվածությունը:

Պրեմիերան առանձնացավ նաև ռեժիսորական համարձակ մոտեցումով։ Հրավիրյալ բեմադրիչ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան-ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը հանդիսատեսին ներգրավեց բոլորովին նոր ձևաչափի մեջ. հանդիսասրահի սովորական տեղաբաշխման փոխարեն հանդիսատեսը տեղավորվել էր ուղղակիորեն բեմում՝ դեմքով դեպի կուլիսային տարածքը, որտեղ էլ ծավալվում էին գործողությունները: Այս մոտեցումը հիմնովին ջնջեց բեմի և դահլիճի միջև եղած ավանդական սահմանագիծը և բերեց բեմական տարածության օգտագործման էականորեն նոր մոտեցում։ Աննախադեպ ջերմ և անկեղծ մթնոլորտի պայմաններում դերասաններից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա գտնվելով՝ հանդիսատեսը դարձավ ներկայացման անմիջական մասնակիցը:

Առաջնախաղին ներկա էին Վանաձորից ժամանած պիեսի հեղինակ Գագիկ Անտոնյանը և այլ հյուրեր։ Հեղինակը թատրոնին հայտնեց իր երախտիքի խոսքն ու ներկայացմանը մաղթեց բեմական երկար կյանք։ Այնուհետև նա թատրոնին նվիրեց իր պիեսների նոր ժողովածուն։ Ներկայացման հաջողության գրավականներից էր նաև դերասանական կազմի ներդաշնակ աշխատանքը: Գորիսի դրամատիկականի դերասաններ Աննա Հովակիմյանի, Միքայել Մաշուրյանի, Լյուդմիլա Պետրոսյանի և Ակսել Բակունցի վարպետությունն ու կերպարային ճշգրտությունը լրացվում էին նորաթուխ երիտասարդներ Մարիա Մնացականյանի և Գարրի Մալունցի թարմ էներգիայով: Վերջիններիս բեմական անբռնազբոս ավյունն ու խարիզման հատուկ շունչ ու աշխուժություն հաղորդեցին կատակերգությանը։

Հատուկ ուշադրության են արժանի նաև նկարչական ձևավորումը (նկարիչ՝ Անի Կրեչյան) և պարուսույց Լիլի Նարինյանի աշխատանքները:

Թատերական այս հաճելի երեկոն հանդիսատեսին պարգևեց ոչ միայն անհոգ ծիծաղ ու դրական լիցքեր, այլև մտորելու տեղիք տվեց: Բեմադրության ավարտին հաջորդեց գինու համտես-հյուրասիրությունը, որը հհնարավորություն ընձեռեց հանդիսատեսին անմիջական մթնոլորտում կիսվելու իրենց տպավորություններով, քննարկելու արծարծված թեմաները և շփվելու ստեղծագործական կազմի հետ։

Ներկայացման հաջողված մեկնարկը խոստանում է երկար ու հաջող բեմական կյանք

Ներկայացման առաջնախաղի գործընկերներն ու աջակիցներն են Պռոշյանի կոնյակի գործարանը և «PASSAGE» ռեստորանը, նվագակցող ջութակահարուհի Հասմիկ Ներսիսյանը, որոնց աջակցությամբ թատերական երեկոն առավել հիշարժան դարձավ։

Գայանե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի հասարակայնության և արտաքին կապերի պատասխանատու

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ