Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Մեր մշտական ուղեկիցը

Մեր մշտական ուղեկիցը
18.04.2026 | 12:36

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ դեր է կատարում Լուսինը մեր մոլորակի, բնականաբար, նաև մարդկության կյանքում։ Մեր հոգսաշատ կյանքում դրան այնքան էլ ուշադրություն չենք դարձնում։ Գիտենք միայն, որ մեր Երկրի բնական արբանյակն է, լուսավորում է մեր գիշերները, և մենք, նստած մեր պատշգամբներում, հմայվում ենք մեր գիշերային լուսատուով։

Բայց ոչ, նրա գոյությունը, պարզվում է, մեր մոլորակի համար չափազանց մեծ նշանակություն ունի։

Հիմա տեսնենք, թե ինչ կլինի, եթե նա հանկարծ անհետանա Երկրի ձգողականության դաշտից։ Սկզբում կարող է թվալ, թե առանձնապես ոչինչ չի պատահել. գիշերները դարձել են ավելի մութ ու վերջ։ Այնինչ իրականում Երկրում շատ բան կսկսի փոխվել։ Լուսինը ղեկավարում է օվկիանոսների տեղատվություններն ու մակընթացությունները։ Առանց նրան հսկայական մակընթացությունները գրեթե կանհետանան, ծովերն ավելի հանդարտ կդառնան, բայց նրանց ամբողջ էկոհամակարգը կսկսի քայքայվել։ Բայց ամենավտանգավորն այն է, որ Լուսինը կարգավորռւմ է Երկրի թեքության աստիճանը, և առանց նրա մեր մոլորակը կսկսի դանդաղ ճոճվել ինչպես հոլ, որն ահա-ահա կընկնի։ Հազար տարի անց կլիման կվերածվի քաոսի, որոշ մայրցամաքներ կսկսեն սառչել, մյուսները կվերածվեն անապատների։ Եղանակը կդառնա բացարձակ անկանխատեսելի։

Եվ այդ ամենը կարող է սկսվել, եթե մի օր արթնանանք ու տեսնենք, որ Լուսինն անհետացել է։ Եվ սա դեռ ամենը չէ։ Իսկ եթե պատկերացնենք, թե առանց Լուսնի օրական քանի երկնաքար կբախվեր Երկրին և ինչ ավերածություններ կկատարեր, ավելի պարզ կդառնա, թե որքան կարևոր է Լուսինը մեզ համար։

Նա Երկրի համար իսկական պաշտպանական զրահ է։ Նաև... Լուսնի ձգողական ուժը դանդաղեցնում է Երկրի պտույտը։ Առանց Լուսնի, Երկիրն ավելի արագ կպտտվի, ինչի հետևանքով օրը կդառնա շատ ավելի կարճ (6-8 ժամ), գիշերները ևս, իսկ քամիներն ու փոթորիկները կդառնան շատ ավելի ուժգին: Աստղաֆիզիկոսների հաշվարկով, Լուսինն ամեն տարի հեռանում է Երկրից մոտ 4 սմ։ Այնպես որ, պետք է պահպանել մարդկության կամար այդ խիստ անհրաժեշտ երկնային մարմինը, ոչ թե հիմա էլ փորձել ատոմային մարտագլխիկներ տեղակայել նրա մակերևույթին։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 139

Մեկնաբանություններ