ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

ՈՒժ և խելք ունեցողների խաղը միշտ էլ ընթացել է թույլերի կորուստների հաշվին

ՈՒժ և խելք ունեցողների խաղը միշտ էլ  ընթացել է թույլերի կորուստների հաշվին
04.01.2026 | 14:05

Եթե աշխարհաքաղաքականության հարցերին մոտենում ենք օբյեկտիվորեն և ընդունում այն բազմիցս հաստատված փաստը, որ պետական մակարդակի մրցակցային գոյապայքարում բարոյական բաղադրիչը իսպառ բացակայում է, ապա սեփական շահին հասնելու ճանապարհին ուրիշի, թեկուզ դաշնակցի, շահը հաշվի չառնելը, մանավանդ, եթե դա իր համար ռիսկեր չի պարունակում, բարոյապես անընդունելի համարելով հանդերձ, պետք է այն համարել կանխատեսելի։

Իսկ ինչ վերաբերում է հզորների միջև թույլերի հաշվին շահեր փոխանակելուն, ապա այն հին է ինչպես աշխարհը, և դրա համար նրանց, այսինքն, հզորներին ամոթանք տալը նույնն է, ինչ որ նավը խարտակող փոթորկին ասես՝ ամոթ քեզ։

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ ուժ ու խելք ունեցողների կողմից շահ ու կորստի շուրջ խաղը, այն էլ ատոմային դարում, իր կործանարար վախ ու ռիսկերով, ուժեղների տեսանկյունից, պետք է հնարավորինս ընթանա թույլերի կորուստների հաշվին։

Սեփական մերկապարանոց շահը հետապնդելու համար իրենց գործն իմացող ուժեղներին թույլերի կողմից ամոթանք տալը պարզապես անբուժելի միամտություն է։

Մարդկային հասարակության մեջ, այն էլ նրա աշխարհաքաղաքական մակարդակում, ապրելն իր էությամբ շատ քիչ է տարբերվում ջունգլիի կյանքից, միայն այն տարբերությամբ, որ ջունգլիում վճռական նշանակություն ունեցող ուժին, չափերին, խորամանկությանն ու զգուշությանը մարդկանց դեպքում ավելանում է նաև ամեն ինչ պլանավորող խելքը և, մեկ էլ, ավելանում են միամիտները, որոնց անալոգը ջունգլիում բոլորովին չկա։

Բացի դրանից, աշխարհի համար այս մասշտաբի ուժային բախումը իր չափերով ու անորոշություններով աննախադեպ է, քանի որ մինչև հիմա, ըստ էության, պատերազմները եղել են Արևմուտքի տարբեր մասերի միջև, իսկ այժմ դրանք աշխարհի տարբեր մասերի միջև են։

Կյանքի ու մահվան կռիվը դեռ իր դաժանության պիկին չի հասել, և նույնիսկ դեռ բախման կողմերի կազմն անգամ լրիվ հայտնի չէ։

Սա դեռ միայն սկիզբն է, քանի որ դեռևս նույնիսկ ուժեղների միջև հարցերը պարզված չեն, նույնիսկ Հնդկաստանի ու ԵՄ-ի հետ կապված հարցերը անորոշության մեջ են, իսկ մյուսների և ուժեղների արանքների բուֆերների հարցերը դեռևս չեն էլ շոշափվել, քանի որ դրանք էլ ածանցյալ հարցերի ածանցյալներն են միայն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ