Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին կանգնած կրպակատիրոջ շանտաժը

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին կանգնած կրպակատիրոջ շանտաժը
04.04.2026 | 19:24

ՔՊ արտահերթը կամա թե ակամա հիշեցրեց Ջերոմ Սելինջերին։

Թվաց՝ տարեկանի արտում եմ՝ անդունդի եզրին։ Փորձում եմ գլուխ հանել համագումարի ամբիոնից բարձրաձայնված վտանգավոր դիլեմայից՝ պետության անվտանգային (ՀԱՊԿ) և տնտեսական (ԵԱՏՄ) վեկտորները շաղկապված են ոչ թե ռազմավարական հայեցակարգերի, այլ կոմունալ վճարների, զորօրինակ՝ գազի գնի հետ։

Համոթ ինձ՝ չգիտեի։ «Լուսավորվեցի» միայն այսօր՝ Ալեն Սիմոնյանի քաղաքական շանտաժի և պատասխանատվությունից խուսափելու հերթական դրսևորումից հետո․

«ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք, եթե ՌԴ-ն մեր վերաբերյալ գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի»։

Կատարյալ սյուրռեալիզմ. եթե գազի գինը չբարձրանա, մենք կմնանք մի կառույցում, որը «մեզ չի պաշտպանում», իսկ եթե թանկանա՝ հանկարծ կմտաբերենք, որ Արցախը Ալիևին նվիրելուց և տասնյակ հազարավոր ընտիր տղաների արյունը որպես ջուր հեղելուց հետո «ինքնիշխանություն» ենք ձեռք բերել։

Սա ոչ թե երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսք է, այլ պետական մտածողությունից իսպառ զուրկ կրպակատիրոջ մակարդակի առևտուր։

Երբ չունես այլընտրանքային անվտանգային համակարգ և էներգետիկ անկախություն, լպիրշություն է գերտերությանն այսպիսի ոճով սպառնալը, որ նման է ինքնակամ անդունդ թռչելուն։

ՈՒ՞մ պարզ չէ, որ ներքին լսարանին նետված հերթական խայծն է՝ ցուցադրելու, թե իբր իրենք «դուխով» են և կարող են պայմաններ թելադրել։

Իրականում, սակայն, խիստ վտանգավոր սադրանք է, որի հետևանքները՝ գազի անջատում, տնտեսական շրջափակում, սեփական ճարպոտ «կաշվի» վրա զգալու է ոչ թե ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ անողը, այլ «հպարտ հարկատուն», որի կենացը նրանք այդքան ջերմեռանդորեն խմում են։

Հիշյալ սպառնալիքն իրականում նախապատրաստում է վաղվա պարտվողական «զոհի» դերը։ Եթե տնտեսությունը փլուզվի կամ նոր աղետներ լինեն, նրանք կասեն․

«Տեսա՞ք, մենք ուզում էինք ընդդիմանալ, բայց մեզ պատժեցին»։

Ականատեսն ենք՝ սեփական ձախողումները, Արցախի կորուստն ու պետականության կազմալուծումն արտաքին ուժերի վրա բարդելու հերթական «կապիկ-շոուի»։

ՔՊ համագումարի ամբիոնից հնչած տխեղծ այս մտքերը ոչ թե ուժի դրսևորում են, այլ սեփական պետությանը նետված դատավճիռ։

Երբ քաղաքական միտքը սահմանափակվում է «գազի հարցով» շանտաժ անելով, նշանակում է՝ իշխող վերնախավը վերջնականապես կորցրել է իրականության զգացողությունը։ Այս ներկայացման ավարտը կանխատեսելի է. երբ վարագույրն ընկնի, բեմում մնալու է ոչ թե ինքնիշխանության համար պայքարողը, այլ սեփական երկիրը սնանկության և վտանգի հասցրած ձախողված խմբակը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ