Թեթևսոլիկ, անլուրջ, երկրի կառավարման պատասխանատվությունը չզգացող մարդիկ են այսօր ղեկավարում մեր պետությունը, որոնք կրակի հետ են խաղում` չգիտակցելով, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարելը: Նրանց թվում է, թե խաղ ու պար է 21-րդ դարում պետություն ղեկավարելը` աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակաշրջանում, այն էլ գայլերի ոհմակի հարևանությամբ:
Երբ հետևում ես, թե ինչով են զբաղված այս մարդիկ, ում մենք վստահել ենք պետության ղեկը արդեն 8 տարի, ուղղակի սարսափում ես, թե ինչ ավանտյուրայի մեջ ենք ներքաշվել և հասկանում ես, թե ինչ հրաշք է, որ դեռ կանգուն է մեր պետությունը:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վտանգների առաջ է կանգնած մեր երկիրը, և ինչքան անփույթ ենք եղել մենք մեր պետության նկատմամբ, բավական է պարբերաբար մտնել պետության առաջին դեմքերի, կառավարության անդամ կոչվողների ֆեյսբուքյան էջերը և անկողմնակալ աչքով կարդալ, թե ինչ են գրում, ինչով են զբաղված այդ անձինք` սկսած կառավարության ղեկավարից, վերջացրած շարքային պատգամավորով ու պաշտոնյայով:
Ահա այս մեկը, որի պաշտոնի անունն է էկոնոմիկայի նախարար, Գևորգ Պապոյան անունով, իրականում ոչ մի կապ չունի մեր երկրի տնտեսության հետ, սոսկ կուսակցական քարոզիչ է, պատարագների մեծ սիրահար` պատահաբար նախարարի աթոռին հայտնված:
Մյուսը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է կոչվում` Դավիթ Խուդաթյան անունով, որն իր բուն գործը թողած` ՏԻՄ ընտրությունների կազմակերպիչ է դարձել, ՔՊ տարածքային քաղաքականության կոորդինատոր:
Հաջորդը ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ է` Ռոմանոս Պետրոսյան անունով, ով քաղաքական նոր ուժի դեմ պայքարի առաջամարտիկն է դարձել և Սամվել Կարապետյանին վարկաբեկելու իշխանական ծրագրի ղեկավարներից է:
Մյուսն իբրև թե ԱԺ փոխնախագահ է` Ռուբեն Ռուբինյան անունով, հայ-թուրքական բանակցությունների պատասխանատուն, ով իրականում եկեղեցու և կաթողիկոսի դեմ պայքարի ակտիվ դերակատարներից է, և դա անում է հաջորդ խորհրդարանում մի աստիճան բարձրանալու համար:
Հաջորդը իբրև թե վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, բայց մեր երկրում խառնակչության ու ատելության մթնոլորտի գլխավոր ճարտարապետն է` ֆեյքերի քրմապետը:
Սրանց մեջ անգամ պաշտպանության, սոցապ, կրթության ու առողջապահության նախարարներ կան, որոնք իրենց ոլորտները կառավարելու փոխարեն զբաղված են կուսակցական գործունեությամբ, եկեղեցու դեմ արշավով, Նիկոլ Փաշինյանի հիվանդ մտքերի իրականացմամբ, արդարացմամբ ու հիմնավորմամբ:
Իշխանական այս խառնամբոխի մեջ չկա մեկն, ով զբաղվի իր բուն պարտականություններով, դուրս չգա Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից և գոնե փորձի պետության համար օրըստօրե ավելի վտանգավոր դարձող իրենց շեֆին վերադարձնել պետության կառավարման հուն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ