Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ապաքինվել ոչ միայն ապրելու համար, այլ նաև՝ Մեծ երազանքը իրականացնելու

Ապաքինվել ոչ միայն ապրելու համար, այլ նաև՝ Մեծ երազանքը իրականացնելու
21.02.2026 | 15:32

Արցախահայության ներսում այսօր մի լուռ, խոր ցավ է ապրում։ Դա պարզապես կորուստ չէ։ Դա անավարտ հրաժեշտ է։ Երբ չի հասցրել փակել տան դուռը, վերջին անգամ շոշափել պատերը, ասել՝ «մնաք բարով»։ Գերեզման, որին չհասցրին խոնարհվել։ Բակ, որի փոշին դեռ թվում է՝ կպած է ձեռքերին։

Երբ սուգը երկարում է, ներսում ծնվում է կասկած՝ «միգուցե ես թո՞ւյլ եմ»։

Բայց ոչ։ Սա թուլություն չէ։ Սա հոգու առողջ արձագանքն է անառողջ իրականությանը։ Երբ արմատներդ կտրում են հողից, սիրտը երկար ժամանակ է փորձում հասկանալ՝ ինչպես ապրել առանց իր հողի շնչի։

Չավարտված տրավման լուռ է։ Այն արտահայտվում է անքնությամբ, հանկարծակի բարկությամբ, անբացատրելի դատարկությամբ։ Այն ապրում է հողի հոտի հիշողության մեջ, եկեղեցու զանգի ձայնում, մանկության բակի պատկերում։ Եվ յուրաքանչյուր հիշողություն միաժամանակ և՛ ցավ է, և՛ ուժ։ Բայց հենց այդ ուժն է վերականգնման հիմքը։ Վերականգնումը պարզապես հոգեբանական բուժում չէ։ Այն ազգային կամք է։ Այն ներքին որոշում է՝ ապաքինվել ոչ միայն ապրելու համար, այլ նաև Մեծ երազանքը իրականացնելու համար։ Վերադարձը դեպի Արցախ չի սկսվում սահմաններից։ Այն սկսվում է հոգուց։ Սկսվում է այն պահից, երբ մենք որոշում ենք չկոտրվել, չհանձնվել, չմոռանալ։

Երբ վերականգնումը դառնում է հավաքական նպատակ, երբ յուրաքանչյուրի անձնական ապաքինումը դառնում է ընդհանուր ճանապարհի մի մասնիկ։ Սուգը սիրո ապացույց է։ Իսկ սերը, երբ միանում է արժանապատվությանը և կազմակերպվածությանը, դառնում է ուժ։ Ու հենց այդ ուժն է, որ մի օր կարող է իրականություն դարձնել բոլորիս Մեծ երազանքը՝ Վերադարձ դեպի Արցախ։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 11751

Մեկնաբանություններ