«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Պարզապես պատերազմ էր

Պարզապես պատերազմ էր
23.09.2025 | 19:15

Սկիզբը՝ այստեղ

Նորիկի աղավնիները, բաց կապույտ երկնքում շրջապտույտներ կատարելով, իջնում էին մեր տանիքին, թթենու ծառի ճյուղերին և իրենց գյգլոցներով ասես ինձ վերադարձնում կյանք։ ՈՒրախ էի, որ Նորիկին համոզել էի (կամ գուցե ինքն էր ուզում, որ ինչ- որ մեկը համոզեր), որ նա թողնի աղավնիներին՝ հույս պահելով, որ վայրի կդառնան և կշարունակեն ապրել, մինչև կարդացի իմ սիրելի ընթերցողներից մեկի մեկնաբանությունը. «Նելլի՛ ջան, աղավնիները վայրի չեն դառնում, աղավնիները պարզապես կարոտից մեռնում են»...

Ալյոնայենց մեքենայով պիտի գնայինք, ընդամենը 10 րոպե ժամանակ ունեի հավաքվելու՝ մի ձեռի պայուսակով։ Շունը բացառվում է, որովհետև տեղ չկար, և փոքրիկ Արենչոն մեքենայում է։

Նորիկին ես համոզել էի, բայց ինձ ո՜վ է խաբելու, համոզելու, տալու այն բառերի շարանը, որ ես էլ շանը համոզեմ, որ նրան տանելը անհնար է, որ ես՝ կենսաբանական թույլ արարած եմ, պիտի փրկեմ իմ կյանքը, իսկ դու անլեզու կենդանի ես, քո միսիան ավարտել ես, ինչքան նվիրված ծառայել ես, հիմա ավելորդ ես, մեքենայում էլ տեղ չկա։

Այն շանը, որ ձմռան ցրտերին տաքացնում էր սառած ոտքերս, որ իմ ծանր պայուսակները, վզից կախելով, բերում էր, իմ բաց դռան պահապանն էր, իմ մենակությունը կիսողը, իմ ցավը փարատողը, որ նրա փափուկ ականջների տակ հաճախ եմ լացել, նրա կրծքին բնական սպիտակ խաչ կա դաջված... եթե թ..... րը նկատեն, առաջինը նրան կկրակեն։ Դա էլ ետ չպահեց ինձ, և ես, որոշում հանած, ներս մտա...

Գուչչին գալարվեց ոտքերիս շուրջը,

փաթաթվեց, սեղմվեց, ամբողջ մարմնով կախվեց ինձանից,

թաթերը դրեց ծնկներիս ու կարծես, ինչ- որ բան զգալով, աղաչական նայեց. նա այդ պահին եռանկյունաձև բարձրացրեց հոնքերը, զուգահեռ էլ աչքերը. ցավը տեսա այնտեղ, անարդարությունը, բայց նաև հավատարմության լուռ վեհությունը։ Նայեց ակնդետ և հանկարծ կտրուկ շրջվեց ու գնաց բազմոցի և պատի արանքում տեղավորվեց. դա նրա պատժախուցն էր, երբ մի արտառոց բան էր անում այնտեղ էինք խոթում։ Շուրջս նայեցի, ամեն ինչ տեղում է, նույնիսկ ձեռք չի տվել հացին ու ջրին, աչքերը անքնությունից կարմիր էին, և մեղավոր հայացքը անընդհատ թաքցնում էր։ Հայացքս հանդիպեց վարագույրներին. մի քանի ամիս առաջ էի առել, էժանը չկար, թանկը վերցրի... և ի՜նչ՝ վարագույրի ծյուլը եռանկյունաձև պատռված էր և կախ ընկած նախորդ պատռած, բայց անտեսանելի մանրակարածի վրա։

Նայեցի, բայց այս անգամ անտարբեր հայացքով, որովհետև Տունս այլևս ինձ չէր պաշտպանում, որովհետև թ..... րքը ցանկացած պահի կարող է անարգել մտնել և տանս սրախողխող անել, որովհետև ծվեն դառած վարագույրները այլևս ոչինչ չունեն պատսպարելու իրենց ներսում, որովհետև իրական տերերը այլևս չկան իր անվտանգության տարածքում։ Իսկ երբ Տունը կորցնում է իր անվտանգությունը, դադարում է Տուն լինելուց, այն դառնում է կացարան։

Նախորդ անգամ երբ պատռել էր, պիրթիճպատավ էնքան թակեցի, որ փայտը կոտրեց, որովհետև նոր էի կախել,

և շատ թանկ էր, իսկ ինքը համառորեն թուշը դեմ էր տվել և հնազանդորեն թողնում էր, որ ծեծեմ։ Վերհիշելով՝ քթիս ծոխերը յեր իլավ, ինչքա՜ն նյութականացված են մեր զգացմունքները, ինչքա՜ն ենք հոգևորը ենթարկեցնում կեցությանը։

Շունը բռնեց իմ հայացքը և զարմացավ, որ ոչինչ չեմ ձեռնարկում։ Դանդաղ քայլերով մոտեցավ ինձ և գեղեցիկ թուշը ինձ դեմ տվեց։

Չդիմացա․․․ ՈՒ արտասվելով համբուրում էի նրա փայլուն, լեցուն թշերը, նա հասկացավ, որ ազատվել է մեծ պատժից, ինքն էլ սկսեց իր գուրգուրանքների տարափը (4 օր մենակ էր մնացել), այնուհետև մի ոստյունով թռավ բազմոցին, մեջքի վրա պառկեց՝ ոտքերը կողքի գցելով՝ նոր գուրգուրանքներ ակնկալելով։

Նա բռնեց իմ հայացքը, շոյում էի նրան, իսկ հոգումս լսում էի նրա վնգստոցները։ Ասես շնային բնազդով զգում էր, որ մի բան այն չէ, որ իմ այս հեռանալը խանութ կամ դպրոց գնալը չէ. սա մի շատ սարսափելի բան էր, որ եթե աչքը թարթի, դա տեղի կունենա։ Արցունքներս թափվում էին նրա աչքերի մեջ, ու նա համառորեն չէր թարթում՝ հայացքը չհեռացնելով ինձանից։

Մինչ նա վայելում էր պակաս օրերի գուրգուրանքը՝ ես մի ակնթարթում վերցրի պայուսակս, ու մինչ նա կհասցներ հետևիցս, ուժեղ փակեցի դուռը։

Կաղկանձում էր, վնգստում էր, ճանկռում էր դուռը... այնուհետև ամբողջ մարմնով էր խփում, ու ես այդ պահին հասկացա, որ աշխարհի դաժանագույն մարդկանցից եմ։ Խեղճը վազելով գալիս էր պատուհանի մոտ, կախվում վարագույրներից,, հետո թռիչքով դեպի դուռը՝ իրեն զարկելով երկաթե սառը դռանը։ Նստել եմ աստիճաններին, գլուխս առել ափերիս մեջ և շան պես անզորությունից ոռնալ եմ ուզում...

- Ինչա՞ եղել, Նելի՛ տոտա, մեքենան սպասում է, Տանը սպասում են քեզ,- Կարոն էր ՝ Արմենի մարտական ընկերը։

- Չեմ կարող , Կարո՛, բա Գուչչի՞ն․․․

- Գուչչին ես կբերմ, ասում են Հայկազովում բենզին են բաժանում, գնանք բերենք, մենք էլ ճանապարհ ընկնենք։

- Կարո՛ ջան, սառնարանում քիչ ուտելիք կա, կես շիշ էլ թթի օղի, գիտեմ, որ սիրում ես... հետո դռները կփակես, բանալիները բերես։

- Բա Արմենն ասելա...

- Ի՞նչ։

- Որ վառեմ տունը։

- Չանես նման բան։ Հաշվի ինձ ես վառում։

Սեպտեմբերի 25-ն էր։

.... Երբ պայթեց բենզինի պահեստը, առաջին պահին Կարոն եկավ հայացքիս դեմ, նա ասաց, որ Հայկազովից բենզին պիտի բերի։ Զանգերը չէին գնում, կապ չկար, ով էլ խոսում էր, հետո սուգ-վայնասուն էր բարձրանում։ Կան հսրյուրավոր զոհեր ու վիրավորներ, մարդիկ իրենցից պոկում են վառվող շորերը և վազում հիվանդանոց։

Վերջապես զանգերը գնացին։

Չեմ սպասում, որ խոսի, գոռում եմ.

- Կարո՜ո՜ո՜ո՜ո՜...

- Հա՜ա՜ա՜, Նելլի՛ տոտա, ինչա՞ եղել։ Թողած արաղդ Արմանի հետ խմել էինք ու քնով անցել, բանա՞ եղե...

Կարոն իսկի տեղյակ էլ չէ... իմ թողած թթի արաղը փրկել էր երկու կյանք։

Տեսե՞լ եք մարդ միաժամանակ և՛ ծիծաղի, և՛ լացի։ Հեռախոսի մյուս կողմից լսվում էր Գուչչիի հաչոցը։Պարզապես ծիծաղում էի՝ անժպիտ,

Անզգացմունք, դողալով, ատամներս կափկափելով։ Իսկ լացի պահը՝ պարզապես ձեռքով փակում էի բերանս։

Պարզապես պատերազմ էր, որի վերջը չէր երևում։

.... Արդեն Երևանում եմ, Կարոյի ընտանիքը ջերմ ընդունեց ինձ, ինչը երբեք ես չեմ մոռանա։

Մի օր էլ, երբ ուշ պառկել էինք, հանկարծ լսեցի Կարոյի կնոջ՝ Մարինեի ճչոցը՝ վա՜յ մամա, էս ովա՞, էս ինչա՞։

Ձայնի վրա վազեցի նրա ննջասենյակը։

Իմ Գուչչին հոգնած պառկել էր Մարինեի կողքին, խեղճն էլ երազի մեջ գրկել էր և...

Մինչ Կարոն լոգարանից դուրս կգա, Գուչչին հսնգիստ սողոսկել է վերմակի տակ, երկար ճանապարհ եկած, Մարինեին գրկել, քնել....

Այնքան էր հոգնած, որ ձայներն անգամ չարթնացրին։

Գուչչին, իմ մարդացած Գուչչին՝ այս տմարդի աշխարհի դեմ...

21.09.2025

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ