«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Պարզապես պատերազմ էր

Պարզապես պատերազմ էր
20.09.2025 | 12:35

Սկիզբը՝ այստեղ

(պարզապես կարդացեք իմ Երկրի պատմությունը, 3-րդ մաս)

Արդեն հույս չունեի կտրոնով ոսկիս բանկից ստանալու, բայց արդեն չէի հապաղում, աշխատում էի որքան կարելի է շուտ հասնել։

...Արցախբանկի դիմաց հոծ բազմության

աղմուկը ինձ կտրեց վերջին հույսից։ Պարզվեց, որ ոչ մի ոսկի էլ չեն բաժանել, պարզապես մարդկանց սուտ խոսքերով կերակրում են.

«Ոսկիները բանկում չեն, Երևանի ճանապարհին են, այնտեղ կստանաք» հայելապատ, անկոտրուն դռների հետևից ասում էր հավուր պատշաճի հագնված բանկի կառավարիչը։

Ծփանք տվեց հորձանքը՝ ինձ էլ առած իրենց մեջ՝ ոտքերս կտրելով գետնից, զգում էի՝ ինչպես են ճարճատում ոսկորներս, դուրս գալն ու առաջ գնալը միևնույն պրոցեսն էր, չէիր կարող, դու դատապարտված ես այդ զանգվածի մի մասը լինել և առաջ գնալու համար չկանգնել, որովհետև մրզված կընկնես, այլ հրել ու առաջ գնալ, եթե ուզում ես ոչ թե ոսկիդ ստանալ, այլ գոնե այդ ճզմարանից ողջ դուրս գալ, ապրել։

Հոգեբանները այդ պահը կորակեն՝ эфект толпы... Ես էլ նիհար էի այդ ժամանակ՝ ձեռքերս աղի ձողիկների պես, ընդամենը վեր էի բարձրացրել թոնրի ցախերի պես. օդ չկար, աչքերս մեկառմեկ մթնում էին, ստիպված երկնքին էի նայում, որ իմանամ՝ ուշքս տեղն է, թե ոչ։

Ամենից շատ մի բան էր անհանգստացնում ինձ՝ չլինի աշակերտներս այստեղ լինեն ու այդ վիճակում տեսնեին ինձ՝ և՜ զավեշտական է, և՜ ողբերգական։Հաճախ էի նրանց մոտ ասում՝ ծառերը կանգնած են մահանում... հիմա կանգնած հեչ հերիք, ինքն էլ հալա ճզմված։

Այնքան սարսափելի էր վիճակս, որ երանի տվեցի թ.....քից փախչելու պահերին. գոնե այն ժամանակ կենդանի մնալու շանսս ավելի մեծ էր։

Օդում հնչող, դիրքերից վերադարձած զինվորների գոռոցները ինձ վերադարձնում էին կյանք։ ՈՒրեմն դեռ սաղ եմ։

- Բացե՛ք դռները, ա ..... տղերք, խաբում եք մեզ, Բլեսը ոսկին տալիս է, էս սհաթս ավտոմատես տակը կտամ ծեզ, տվեցեք մեր վեսկեն, ռադ ինինք քինանք...

Լուսաքողարկած ապակու ետևում երևում էին շարքով կանգնած սև աշխատանքային կոստյումներով ախրանայի շարքերը։ Այս անգամ ինքնավստահ չէին նրանց դեմքերը։ Երևի նրանք էլ են զգացել պատերազմի շունչը։

Ինչե՜ր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված...

«Գնացե՜ք Ազգային ժողով և թույլատրություն վերցրեք, և մենք կբաժանենք»,- ներսից բարձրախոսով հայտարարում էր ներկայացուցիչը թե կառավարիչը՝ հասկանալով, որ ստի դետեկտորը չանցավ, իսկ իր դեմ ամեն ինչ կորցրած, գազազած ամբոխն էր։ Նրանք նաև ժամանակ էին շահում՝ ամբողջ աշխատակազմով ետնամուտքով դուրս գալու համար՝ թերագնահատելով խելագարված ամբոխի 6-րդ զգայարանի առկայությունը։

Հիմա էլ ամբոխն էր վերցրել վերահսկողությունը իր ձեռքը։

Նրանք արդեն խելացի են գործում, մի խումբ տղամարդիկ և կանայք ուղղվեցին դեպի ազգային ժողովի շենքը, որն ընդամենը 50-60 մետրի վրա էր. նրա գմբեթին դեռ փողփողում էր Արցախի միայնակ դրոշը։

Բանկի ապիկար ղեկավարությանը թվում էր՝ «ուրիշին քըս տալու» ժեստով կցրեր ժողովրդին, բայց չարաչար սխալվում էր։

Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված (լույս դառնաս դու, Բանաստե՜ղծ, 40 տարի դասավանդելով՝ հիմա եմ հասկանում պոեմի իմաստը՝ ինքս էլ դառնալով այդ ամբոխի մի մասնիկը)։

Նրանք թերագնահատել են ամբոխի ունակությունները։

Նա այդ պահին իր բրոկայի կենտրոնի ֆորս մաժորի բջիջներն էր գործ դրել։

«Ժողովութ, տըղըրներատ տուրուր չի կյաք, էս ...․․․ տղերքը հանցա օզումըն մեզ խափին, ցրին... Քինանք զադնի խոդերն էլ փակինք, վեր տյուս չի կյան, փախճին։ Տահանց լյավը...»,- ամբոխի միջից գոռում էր ամենաբաձրահասակ, զինվորական հագուստով տղամարդը։

Ամբոխը նորից ղռռռացնելով հորձանք տվեց ՝ լրացնելով նոսրացած շարքերը և ավելի մոտենալով բանկի արդեն ճաքեր տված՝ հրակայուն դռներին։ Մեկ-մեկ որպեսզի զգացնել տան տնօրենությանը, որ կան, զիվորական սապոգով այնպես են խփում խեղճուկրակ դռանը, որի հետևի արձանացած ախրանան հետ էր նահանջում։

Իսկ ես ծովի երախն ընկած ծղոտի պես ոտքերս օդում կամ աջ կողմում եմ հայտնվում, կամ ձախ և ամենակարևորը՝ ձեռքիցս բաց չէի թողնում զահիրմար կտրոնը՝ 64։

Թ-րից վախս բթացրել էր բոլոր զգայարաններս։ ՈՒղեղումս արդեն երկու կտոր ոսկին չէ, այլ թե ինչպես կենդանի դուրս կգամ այդ ճզմարանից։ Ինչ կարող էր անել Ազգային ժողովը ամբոխները խելագարվածի հանդեպ, քանի որ մոտ լինելով հանդերձ՝ տեսնում էր՝ ինչ է կատարվում։

ՈՒրախության ձայներ լսեցինք՝ համաձայնել են... դե արի ամբոխի հոսքը պահիր։ Ես բռնելու տեղ չունեի, ամբոխը թըռ արած ինձ առաջ էր տանում, այնքան, որ գրասեղանի առաջ տղամարդը դիմեց ինձ՝ «Ծեր պասպորտը, մայրիկ»։։ Երկար զննում էր պասպորտս՝ նայում էր պասպորտի մանկավաժի համեստ նկարին, մեկ էլ դիմացը կանգնած գարնանային որսի դուրս եկած դեկաբրազին, գլուխը տարօրինակ շարժում, նորից նայում։ Հազիվ բռնել էի սրահի կլոր սյուներից՝ վախենալով հոսքը ինձ շպրտի ապահով տեղից՝ աղերսագին խնդրում էի՝ բալա՜ս, եսըմ, իմ պասպորտսա...

Ձայնիս վրա ոսկի բերող աղջիկը շրջվեց, ճանաչեց, քանի որ գործարքներս հիմնականում Արցախբանկում էի անում, տղայի ականջին ինչ-որ բան շշնջաց։ Տղան արագորեն կնիքեց ոսկին ստանալու համաձայնագիրը և ինձ տվեցին իմ ոսկեղենը։ Ստանալը մեկ, ետ դառնալը երկու... Չեմ չարաշահի ձեր համբերությունը, երևի կարդացողներից էլ են այդ ամբոխում ճզմվել, նրանք ինձ լավ կհասկանան։

Թե ինչ պատհեց հետո, չգիտեմ, միայն այն գիտեմ, որ հայտնվեցի նորից նռան ծառի մոտ։

Նորից նռա՞ն.... Արցախբանկի մուտքից դեպի ձախ ձգվող գազոնում տեղադրված էր բրոնզաձույլ նռան ծառը։ Թշնամին երևի դա էլ է հոշոտել, ինչ-որ կարմիր բան է տեսնում, պոզերը սրած հարձակվում է։

Ինչ -որ է, գրպանումս պինդ սեղմել եմ ոսկիս, մյուս ձեռքում կտրոնս էր՝ 64, որն այդպես էլ պետք չեղավ, բայց այն չշպրտեցի և արդեն Հայաստանում, երբ պատահական լվացքի մեքենայից ինձ պես ձզմված հանեցի, ես շատ լաց եղա, որովհետև նա Հայրենիքում գտնվելու իմ վերջին օրվա ցավոտ ապրումների վկան էր։

Չէի շտապում տուն, ասես ուզում էի երկարացնել ժամերս, թափառել սիրած վայրերում, թեկուզ գիտեի Գուչչին (շունս) տանը սպասում էր ինձ։

Վայելել վերջին պահերը, շնչել օդը մաքուր, նստել արևկող տեղ, որովհետև Հայրենիքիդ արևի քաղցրությունը ուրիշ էր։ ՈՒրախ էի, որ հեռախոսիս չէին զանգում. որտեղից զանգեին, եթե լիցքավորում չկա։ ՂՏ բակում հազիվ 20% լիցքավորել էի, էն էլ ինքն իրեն մարեց։

Փակ էին Վետերանների միության շենքի դռները։

Մոտեցա Ազատամարտիկների մուտքի մոտ տեղակայված պուլպուլակին, մի լավ կուշտ խմեցի։

Կամաց-կամաց քայլերս տարան պուրակ, որն իմ մտորումների, հանգստի մշտական վայրն էր։

Սիրում էի նստել մեր ազատամարտիկների հայացքի ներքո տեղակայված նստարաններին և մտովի խոսել նրանց հետ։

Լավ է չգնայի, ետ դառնալ էլ չէի կարող։ Նկարների վահանակն ասես կար ու չկար... այն նման էր աչքերը հանած պատուհանների. բարձրաձայն՝ բալաս վաա՜այ անելով, մղկտալով ՝ դանակով կամ մկրատով կտրում հանում էին իրենց որդիների նկարները...

Կտրելուց հետո ներողություն էին խնդրում մնացած տղաներից՝ ասես նոսրացնելով նրանց շարքերը և պատուհասի մեջ մենակ թողնելով՝ խնամքով ծալում նկարները և «վաա՜յ բալաա, էս նկարդ յեր կալինք, պա հանգիստդ հունց պիտի տանինք» ասելով՝ հեռանում։ Կտրած նկարներից խախտվում էր նկարների հավասարակշռությունը և մնացած նկարներն էլ պոկվելով և կախվելով՝ հոշոտված տեսք էին տալիս վահանակին։ Ես շատ խղճացի տղաներին, նրանք ասես լրիվ որբացան՝ միայնակ ու լքված պուրակում։

Տաք եղանակ էր, իսկ էկզոտիկ վարդերն էլ բուրում են՝ դեպի իրենց գրավելով սիրո կարոտ մեղուների։

Ինչքա՜ն անարդար է կառուցված կյանքը։

Ինչքա՜ն անարդար է բնության սահմանած հաշվեկշիռը։

Ինչքա՜ն խեղճ ու անպաշտպան է մարդը, միաժամանակ՝ անխիղճ ու բարբարոս։

Ի՜նչ տարբերություն՝ որտե՜ղ ես ապրում, ինչպե՜ս ես ապրում, թող ամեն մարդ ապրի այնտեղ, որտեղ ուզում է, թող չլինեն երկրներ ու սահմաններ, այն ժամանակ պատերազմներ չեն լինի։

Ինչպե՜ս թողնել տղաներին ու գնալ՝ այլևս չտեսնելու ցավով։

Իսկ գերեզմաննե՜րը. ի՜նչ կլինի նրանց հետ։

Մտքերը զարնվում էին գլխիս և պատասխաններ չունենալով՝ պատրաստվում նոր հարվածի։

Հազիվ լսելի շշնջացի՝ «Տղե'րք, մենք արժանի չենք ձեզ, այս հողին»...

Այդ տղաների մեջ նաև իմ աշակերտները կային։ Ես ամոթից շրջեցի հայացքս։

Պարզապես պատերազմ էր, որն իր ճանապարհին ավերում է ամեն ինչ։

(շարունակելի)

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

16.09.2025

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ