ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ամերիկա գնալ՝ չէր նշանակում Ամերիկա գնալ, այլ նշանակում էր արտագաղթել, իսկ ով արտագաղթում էր, համարվում էր մեռած

Ամերիկա գնալ՝ չէր նշանակում Ամերիկա գնալ, այլ նշանակում էր արտագաղթել, իսկ ով արտագաղթում էր, համարվում էր մեռած
04.08.2026 | 17:13

Էսօրվա ջահելները երևի դժվար պատկերացնեն, որ ժամանակին նույնիսկ Երևանից Մոսկվա ուղղակի զանգել հնարավոր չէր, պիտի զանգ պատվիրեիր։ Դա կոչվում էր միջքաղաքային զանգ։ Պատվիրում էիր ու հեռախոսի կողքը նստած սպասում, հաճախ՝ ժամերով։ Հետո, մեկ էլ, հեռախոսը սկսում էր արագ-արագ զանգել՝ զընգ-զընգ-զընգ։ Հեռախոսակայանի օպերատորն էր արագ-արագ զնգզնգացնելով քեզ հասկացնում, որ շուտ մոտենաս հեռախոսին, ինչքը շատ զբաղված ա, ժամանակ չունի։ Վազում, վերցնում էիր լսափողն ու սկսում գոռալ։ Հա՛, անպայման պետք էր գոռալով խոսալ, որ ձայնդ տեղ հասներ։

Գոռում էիր քո պատվիրած հինգ րոպեն, ու հեռախոսավարուհին, որ միշտ տհաճ, ճղճղան ձայն էր ունենում, մտնում էր խոսակցության մեջ ու ասում՝ վե՛րջ, ժամանակն անցավ։ Ու անջատում էր։ Էդ պահին միշտ մտածում էիր, որ հեռախոսավարուհին հանգիստ կարող էր լսել ձեր ամբողջ խոսակցությունը, ու լրիվ օրինական, իրավունք ուներ։

Միջազգային զանգերի մասին էլ չեմ ասում։ Ո՜վ էր տենց բան անում։ Ասենք՝ մտքովդ անցավ՝ զանգես Ամերիկա, խոսաս Ամերիկա գնացած ընկերոջդ հետ։ Հա՛, ի՞նչ կա, թող անցնի, մտքերի վրա ոչ ոք արգելք չի դրել։ Կարևորը՝ բարձրաձայն չասես։ Հատկապես, որ Ամերիկա գնալ չէր նշանակում Ամերիկա գնալ, այլ նշանակում էր արտագաղթել, իսկ ով արտագաղթում էր, համարվում էր մեռած։ Վերջ, դու էլ չկաս։ Էդ հիմա են հարցեր տալիս՝ մահից հետո կյանք կա՞, թե՞ չէ։ Էն ժամանակ մենք շատ լավ գիտեինք, որ մահից հետո էն էլ ի՜նչ կյանք կա։ Պարզապես՝ ռոումինգը դեռ չէին հնարել, որ ողջերն էլ մի քիչ էդ կյանքի ձայները լսեին։

Ու Սովետի փլուզումից ընդամենը մի տարի անց, երբ ամեն ինչ դեռ էդ վիճակում էր, ոտքս Անգլիա ընկավ։ Գիտե՞ք ինչ արեցի։ Լոնդոնում մտա առաջին հանդիպած հեռախոսի խցիկը՝ էն սիրուն, կարմիր փողոցային խցիկներից մեկը, կոպեկը գցեցի անցքի մեջ, լսափողը վերցրի, հավաքեցի միջազգային, միջքաղաքային կոդերը, հետո՝ մեր տան հեռախոսի համարը, ու... Զանգը գնաց։ Մեկ էլ՝ ալո՛։ Մամայի ձայնն էր՝ մոտ, ասես կողքս լիներ։

Գիտե՞ք ինչ զգացողություն էր, կարծես Մերգելյանի այգին ճամպրուկը դրած հետս Լոնդոն էի բերել, ու հիմա բացել, փռել էի Տրաֆալգարի հրապարակի կողքին։

Չհաջողվեց երկար խոսալ, հեռախոսն էնքան արագ էր կուլ տալիս անգլիական էն ծանր մետաղադրամները, որ չէի հասցնում լցնել անցքի մեջ։ Բայց երկար պետք էլ չէր խոսալ, մի երկու րոպեն էլ բավական էր, որ մինչև կյանքիս վերջ հիշեի էդ զգացողությունը։

Դա շատ վաղուց չէր՝ ընդամենը մի երեսունհինգ տարի առաջ։

Նոր զանգեցի Ամերիկա, խոսացի ընկերոջս հետ։ Հիմա տենց զգացողություններ չեն լինում, անցյալում են մնացել։ Հիմա համարն էլ չես հավաքում, սեղմում ես նկարի վրա ու՝ Ալո՛։

Փոքրացել ա աշխարհը, շատ ա փոքրացել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ