Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուսական ոսկու ճանապարհը դեպի Շվեդիա․ NOHAB-ի տարօրինակ գործարքը. 2

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուսական ոսկու ճանապարհը դեպի Շվեդիա․ NOHAB-ի տարօրինակ գործարքը. 2
18.09.2026 | 12:10

Սկիզբը՝ այստեղ

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էի 1920 թվականին Խորհրդային Ռուսաստանի և շվեդական Nydqvist & Holm AB (NOHAB) ընկերության միջև կնքված հսկայական շոգեքարշային գործարքին։

Այժմ փորձենք գնալ մեկ քայլ առաջ և հետևել ոչ թե շոգեքարշներին, այլ փողին և ոսկուն։

Եվ այստեղ պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում։

1. Ինչպե՞ս NOHAB-ը հայտնվեց գործարքի կենտրոնում

1920 թվականին շվեդ գործարար Գուննար Վ. Անդերսոնը կապեր ուներ Ռուսաստանի հետ և բանակցությունների ընթացքում տեղեկանում է, որ խորհրդային իշխանություններին անհրաժեշտ են մեծ քանակությամբ շոգեքարշներ։

Խնդիրը մեկն էր։

Շվեդական արտադրողները չէին ցանկանում իրենց վրա վերցնել այդ չափի պատվերը։

Այդ ժամանակ Անդերսոնը որոշում է ինքնուրույն ձեռք բերել համապատասխան արտադրող։

Ընտրությունը կանգնում է NOHAB-ի վրա։

Շվեդական NOHAB-ի պատմական արխիվի տվյալներով՝ Անդերսոնը ընկերություն է մտնում՝ իր հետ բերելով 230 միլիոն շվեդական կրոնի ռուսական պատվեր և 7 միլիոն կրոնի կանխավճար։ Այդ գործարքի շնորհիվ նա դառնում է NOHAB-ի գործադիր տնօրեն և գրեթե միանձնյա սեփականատեր։

Ուշադրություն դարձնենք թվերին։

Ռուսական պատվեր՝ 230 մլն կրոն։

Սկզբնական կանխավճար՝ 7 մլն կրոն։

Մինչդեռ NOHAB-ի վերահսկիչ բաժնետոմսերը Անդերսոնը ձեռք է բերում մոտ 5.5 մլն կրոնով։

Այսինքն՝ պատվերը ստացած մարդը փաստացի կարողացավ հենց այդ պատվերի ստեղծած ֆինանսական հնարավորության միջոցով ձեռք բերել այն գործարանը, որը պետք է կատարեր պատվերը։

2. Իսկ NOHAB-ը կարո՞ղ էր իրականացնել նման պատվեր

Մինչ այդ ընկերությունն ուներ մոտ 780 աշխատակից, իսկ ռուսական պատվերից հետո սկսվեց հսկայական ընդլայնում։

Կառուցվեցին նոր արտադրամասեր, ձեռք բերվեցին այլ ձեռնարկություններ, աշխատակիցների թիվը մի քանի տարվա ընթացքում գերազանցեց 2,000-ը։ Շվեդական աղբյուրները ռուսական պատվերը նկարագրում են որպես այն ժամանակվա Շվեդիայի խոշորագույն առանձին արդյունաբերական պատվերներից մեկը։

Այստեղ արդեն հարց է առաջանում.

ինչո՞ւ նման բացառիկ պետական պատվերը տրվեց մի ընկերության, որն այդ պահին նույնիսկ չուներ այն իրականացնելու անհրաժեշտ արտադրական հզորությունները։

Իհարկե, հնարավոր բացատրությունը պարզ է. Ռուսաստանին շտապ անհրաժեշտ էին շոգեքարշներ, իսկ Անդերսոնը պատրաստ էր կազմակերպել դրանց արտադրությունը։

Բայց ֆինանսական մեխանիզմը դրանից պակաս հետաքրքիր չի դառնում։

3. Ռուսաստանը վճարում էր ոչ թե սովորական արժույթով, այլ ոսկով

Սա պատմության առանցքային կետերից մեկն է։

NOHAB-ի շվեդական պատմական արխիվն ուղղակի նշում է, որ ռուսական հսկայական պատվերի հիմնական վճարումը կատարվում էր ոսկով։

1920 թվականի հոկտեմբերին առաջին 500 շոգեքարշների ֆինանսավորման շրջանակներում խոսքը մոտ 56 տոննա ոսկու մասին էր (այսօրվա՝ 2026 թ. սեպտեմբերի ոսկու շուկայական գնով՝ մոտ 7.8 միլիարդ ԱՄՆ դոլարի համարժեք)։

Համեմատության համար՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ռուսաստանի Պետական բանկի կենտրոնացված ոսկու պաշարը գնահատվում էր մոտ 1,312.5 տոննա։ Այսինքն՝ միայն այս 56 տոննան համարժեք էր նախապատերազմյան կենտրոնացված պետական ոսկու պաշարի մոտ 4.3%-ին։

Եվ այստեղ արդեն հայտնվում է կոնկրետ ֆինանսական հաստատություն՝

Nordiska Handelsbanken-ը։

Պահպանված տվյալների համաձայն՝ հենց այդ բանկը ներգրավված էր ռուսական ոսկու տեղափոխման, պահպանման և գործարքի ֆինանսական ապահովման մեխանիզմում։

1920 թվականի նոյեմբերին ռուսական ոսկու առաջին խմբաքանակը գաղտնի ճանապարհով հասցվեց Ստոկհոլմ։

1921 թվականի սկզբին հաջորդեց ևս մոտ 9.65 տոննա ոսկի (այսօրվա գնով՝ մոտ 1.35 միլիարդ ԱՄՆ դոլարի համարժեք), որն այն ժամանակ գնահատվում էր շուրջ 25 միլիոն շվեդական կրոն։

Դրա զգալի մասը պահվում էր բանկում NOHAB-ի անունով և օգտագործվում արտադրության ու հզորությունների ընդլայնման ֆինանսավորման համար։

Այսինքն՝ այստեղ մենք արդեն ունենք վերականգնվող ֆինանսական շղթայի մի հատված.

Խորհրդային Ռուսաստան

ռուսական պետական ոսկի

Շվեդիա

Nordiska Handelsbanken

NOHAB / արտադրության ֆինանսավորում

Սա արդեն փաստագրվող մեխանիզմ է։

4. Բայց ոսկին NOHAB-ով չէր սահմանափակվում

Հենց այստեղ է հարցը դառնում ավելի լայն։

1920 թվականի հոկտեմբերի պայմանավորվածություններում խոսքը վերաբերում էր ոչ միայն NOHAB-ին վճարելուն, այլ ռուսական ոսկու տեղափոխմանը, ապահովագրմանը, պահպանմանը և վաճառքին, ինչպես նաև այդ ֆինանսական մեխանիզմի միջոցով այլ եվրոպական գնումների ապահովմանը։

Այսինքն՝ Շվեդիան պարզապես շոգեքարշ արտադրող երկիր չէր։

Այն դառնում էր խորհրդային ոսկու՝ միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու կարևոր հանգույց։

Ավելին, ԱՄՆ Կոնգրեսում 1921 թվականի դեկտեմբերին ներկայացված վկայության համաձայն՝ ռուսական ոսկին Էստոնիայից հասնում էր Շվեդիա, այնտեղ վերաձուլվում և շվեդական վերահսկիչ դրոշմ ստանալուց հետո կարող էր ուղարկվել նաև Միացյալ Նահանգներ։

Այդ վկայությունը ինքնուրույն չի որոշում ամբողջ հոսքի ծավալը կամ վերջնական շահառուներին, բայց ցույց է տալիս, որ Շվեդիան օգտագործվում էր որպես ռուսական ոսկու միջազգային շրջանառության միջանկյալ հանգույց։

Այստեղ արդեն առաջանում է գլխավոր հարցը.

եթե ոսկին Շվեդիայում վերաձուլվում էր, վաճառվում և մտնում միջազգային ֆինանսական շրջանառության մեջ, ապա ովքե՞ր էին դրա վերջնական գնորդներն ու շահառուները։

5. Պետք է հետևել փողի ճանապարհին

Պատմությունը միայն պաշտոնական պայմանագրերի տեքստերով ուսումնասիրելը երբեմն նույնն է, ինչ ընկերության գործունեությունը գնահատել միայն հաշիվ-ապրանքագրերով՝ առանց բանկային քաղվածքները տեսնելու։

Պայմանագրում կարող է գրված լինել.

«500 շոգեքարշի ձեռքբերում»։

Բայց ֆինանսական հետազոտողի համար դրանից հետո սկսվում են մյուս հարցերը.

Ո՞վ վճարեց։

Ի՞նչ ակտիվով վճարեց։

Ո՞ր բանկով անցավ գումարը։

Ո՞վ ստացավ այն։

Ո՞ւր փոխանցվեց հետո։

Ո՞վ էր վերջնական շահառուն։

Հենց այստեղ է գործում մի կարևոր սկզբունք.

փաստաթղթի բացակայությունը չի ապացուցում իրադարձության բացակայությունը։ Բայց հնարավոր մեխանիզմի գոյությունն էլ ինքնին դեռ չի ապացուցում, որ հենց այդ մեխանիզմն է կիրառվել։

Պատմության մեջ խոշոր ֆինանսական ու քաղաքական պայմանավորվածությունների իրական բովանդակությունը միշտ չէ, որ ամբողջությամբ արտացոլվում է հրապարակային պայմանագրերում։

Այդ պատճառով անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն փաստաթղթի ձևական բովանդակությունը, այլ նաև փողի շարժը, միջնորդներին, բանկերին, սեփականության փոփոխությունները, որոշումների ժամանակագրությունը և վերջնական շահառուներին։

NOHAB-ի դեպքում այդ ճանապարհի առաջին հատվածը բավական հստակ է.

Ռուսաստան → ոսկի → Շվեդիա → բանկային համակարգ → NOHAB և միջազգային շրջանառություն։

Իսկ ամենակարևոր հարցը մնում է բաց.

ո՞ւմ ձեռքում վերջնականապես հայտնվեց ռուսական ոսկին։

Հենց այդ պատճառով պատմական իրադարձությունները հասկանալու համար երբեմն գաղափարախոսություններից, հայտարարություններից և պաշտոնական փաստաթղթերից ոչ պակաս կարևոր է հետևել մեկ շատ պարզ բանի՝ փողի շարժին։

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ