ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Պետականակործան մի ավանտյուրա վերհիշելիս

Պետականակործան մի ավանտյուրա վերհիշելիս
17.10.2026 | 13:14

2014թ. ապրիլի 9-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ասում էր հետևյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում ընտրվի պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Այս խոսքը նա ասում էր ուղիղ եթերում՝ ի լուր ողջ հայության: Հարկավ, այն նաև ուղերձ էր Ադրբեջանին և Արցախյան հիմնահարցի լուծմանը ներգրավված միջազգային կառույցներին ու պետություններին (ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն):

Լինելով հմուտ պետական և քաղաքական գործիչ՝ նա, անշուշտ, քաջ գիտակցում էր, որ այդ հայտարարությամբ հատում է անդառնալիության քաղաքական և բարոյական մի սահման, որից հետո իշխանության ղեկին մնալու ցանկացած որևէ հիմնավորմամբ «փաթեթավորված» իր հավակնությունը կարժանանա համարժեք հակազդեցության հայաստանցիների կողմից, ինչպես նաև կխթանի անձնական վարկի կտրուկ անկմանը գործընկեր երկրների և կազմակերպությունների ղեկավարների շրջանում, ինչի ականատեսը դարձանք 4 տարի անց՝ 2018թ. ապրիլին: Ամենով հանդերձ, սակայն, նա գնաց այդ քայլին՝ ճանապարհ հարթելով այս «պետականաքանդ սահմանադրությունը» Հայոց պետականության փխրուն ուսերին նստեցնելու առաջ:

2021թ. ապրիլի 28-ին, հայտնի կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված բացառիկ հարցազրույցում, փորձելով արդարացնել վարչապետի պաշտոնին հավակնելու և երկիրն առաջնորդելու իր ձախողված քայլը, Սերժ Սարգսյանն ասում է հետևյալը. «Վարչապետի պաշտոնին իմ մնալու պատճառը, իմ գործընկերների հորդորներին ընդառաջ գնալով, միայն ու միայն նրա համար էր, որպեսզի Արցախյան բանակցային գործընթացը հասցնեմ մի այնպիսի հանգրվանի, որ հարցի լուծումը կախված չլինի գլխավոր բանակցողից, հասկանո՞ւմ եք»:

Վերոշարադրյալ մեջբերումները սոսկ նրա համար էին, որպեսզի հստակ ֆիքսենք երկու իրողություն.

ա) 2014թ. Սերժ Սարգսյանը, ելակետ ունենալով Հայոց պետականության հանդեպ սերն ու պատասխանատվությունը, իր հայտարարությամբ բացառում էր երկրի առաջնորդ կարգվելու հավակնությունը:

բ) 2018թ. Սերժ Սարգսյանը, ելակետ ունենալով Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում գլխավոր բանակցողի փոփոխության անթույլատրելիությունը, փորձեց կրկին ստանձնել երկրի առաջնորդությունը: Բոլորից լավ հասկանալով, որ դրժելով իր իսկ տված «նախագահական» հեղինակավոր խոսքը՝ թեկուզ հանուն հայության սրբության սրբոց դարձած Արցախի և կարգվելով վարչապետ, հնարավոր բոլոր կողմերի համար կընկալվի որպես պետական-քաղաքական ամենասովորական մի աճպարար:

Հասանք հանգուցալուծմանը. իսկ կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը այնպես ուղղորդել զարգացումները, որ հա՛մ չդրժեր իր խոստումը, հա՛մ էլ չեզոքացներ Արցախյան «ճակատում» առկա լրջագույն ռիսկերը: Միանշանակ՝ կարող էր: Ընդամենը պետք էր 2018թ. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «խնդրել» և, ինչու ոչ, «պահանջել», որ ստանձնի 2017թ. ընտրությունների արդյունքում խորհրդարանական որակյալ մեծամասնություն ձևավորած ուժի՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի պարտավորությունն ու ընտրել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ : Ե՛վ ինքը մնար իր տված «նախագահական» հեղինակավոր խոստման բարձրության վրա, և՛ Արցախյան հարցի գլխավոր բանակցողը՝ հանձինս Քոչարյանի, չէր փոխվի: Ժողովրդական հայտնի խոսքով արտահայտված՝ «Ո՛չ խորովածը կվառվեր, ո՛չ էլ շամփուրը»:

Թող Սերժ Սարգսյանը պատասխանի հարցին, թե ինչու՞ 2018թ. «կրելով այդքան մեծ սեր ու պատասխանատվություն Հայոց պետականության հանդեպ», զարգացումները չուղղորդեց այդ տրամաբանությամբ, այլ իր տարակույս հարուցող գործողությունների արդյունքում իշխանության ղեկին հայտնվեց «նորահայտ մի Գանդի», որն ընդամենը երկու տարում վերածվեց Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղարի լպիրշ որդու ցանկությունների և պահանջների հլու կամակատարի՝ ներքաշելով Հայոց պետականությունն այս աղետաբեր շրջանի մեջ:

Չի՛ պատասխանի: Իհարկե չի՛ պատասխանի: Որովհետև, 2018-ից ի վեր, օդում կախված այս անպատասխան հարցը չի ունեցել և չունի որևէ հոդաբաշխ պատասխան: Եվ ոչ միայն ինքը չի պատասխանի, այլև բացահայտ կամ քողարկված հակաքոչարյանական, իմա՝ հակահայկական քարոզչություն իրականացնող բոլոր այն «կարկառուն տարրերը», որոնց այդքան «մեծ սերն ու պատասխանատվությունը Հայոց պետականության հանդեպ» այլևս զզվանքից բացի որևէ այլ զգացում չեն առաջացնում հայ հանրության գիտակից և խելամիտ հատվածի մոտ:

Իսկ պատասխանելու ժամանակը, այնուամենայնիվ, գալու է: Ոչ ոք սին հույսեր չփայփայի, որ խույս է տալու պետականակործան այդ ավանտյուրայի համար հասանելիք պատասխանատվությունից և պատժից:

Հուսանք՝ այդ ժամանակը շատ չի ուշանա:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 178

Մեկնաբանություններ