Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի գործող իշխանությունը չունի ո՛չ երկիրը պաշտպանելու կարողություն, ո՛չ սեփական բանակցային օրակարգ

Հայաստանի գործող իշխանությունը չունի ո՛չ երկիրը պաշտպանելու կարողություն, ո՛չ սեփական բանակցային օրակարգ
14.09.2026 | 11:28


2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից հինգ րոպե անց ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ։ Հրետակոծվեցին Սոթքը, Վարդենիսը, Ջերմուկը, Գորիսը, Կապանը, Արտանիշն ու Իշխանասարը։ Հարվածներ հասցվեցին ոչ միայն ռազմական դիրքերին, այլև բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Երկօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, այդ թվում՝ երեք քաղաքացիական անձ, 293 վիրավոր։ Ավելի քան 20 զինծառայող գերեվարվեց, երեքի գտնվելու վայրն անհայտ մնաց։ Ադրբեջանական ստորաբաժանումներն առաջ եկան Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում։

Անցել է չորս տարի։ Չորս տարի անց Հայաստանի իշխանությունը հանրությանը չի ներկայացրել՝

1. ադրբեջանական զորքերն այսօր Հայաստանի ո՞ր տարածքներում են գտնվում,

2. քանի՞ քառակուսի կիլոմետր է մնում նրանց վերահսկողության տակ,

3. ի՞նչ բանակցային փաստաթղթով և ի՞նչ ժամկետում պետք է նրանք դուրս գան,

4. ինչո՞ւ սահմանազատման օրակարգը չի սկսվում հենց դեօկուպացիայից,

5. ինչո՞ւ TRIPP-ի, հաղորդակցությունների և Ադրբեջանի համար դեպի Նախիջևան երթուղու բացման գործընթացը չի պայմանավորվում հայկական տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերմամբ։

Եվրոպական խորհրդարանը դեռ 2023 թվականին դատապարտել է Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան և պահանջել նրա զորքերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Իսկ Հայաստանի իշխանությունը, որը պարտավոր էր այդ պահանջը դարձնել պետական արտաքին քաղաքականության առանցք, այսօր փորձում է այն տարրալուծել անորոշ «սահմանազատման գործընթացի» մեջ։

Սա ոչ թե դիվանագիտական ձախողում է, այլ՝ պետական անզորության և գիտակցված անգործության համակարգված դրսևորում։

Բաքուն ուժով դիրքեր է զբաղեցրել Հայաստանի տարածքում, չի ճանաչել դրանցից դուրս գալու որևէ պարտավորություն, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել, իսկ Երևանը շտապում է խոսել ենթակառուցվածքներ բացելու, հողեր օտարելու, կառավարող ընկերություն ստեղծելու և Ադրբեջանին դեպի Նախիջևան կապ տրամադրելու մասին։

Իշխանությունն առաջարկում է մեզ հավատալ «խաղաղությանը», բայց չի պատասխանում ամենապարզ հարցին՝ եթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում։ Իսկ եթե խաղաղությունը դեռ հաստատված չէ, ինչո՞ւ է Հայաստանը նախապես տրամադրում այն ռազմավարական արդյունքները, որոնք Ադրբեջանը ցանկանում էր ստանալ ուժի սպառնալիքով։

224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց։ Առնվազն որևէ պաշտոնական հիշատակի արարողության կամ պետական խոնարհման ու ոգեկոչման մասին հանրությանը տեղեկություն չտրվեց։ Մինչդեռ այդ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր շուրջ 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով՝ այն նույնիսկ հռչակելով «տարածաշրջանում հաստատված խաղաղության վկայություն»։

Զոհվածների հիշատակը հարգել նշանակում է, նախևառաջ, պաշտպանել պետության տարածքը, վերադարձնել բռնազավթված դիրքերն ու տարածքները և թշնամու պահանջները չվերածել պետական քաղաքականության։ Եթե սա դավաճանական կեցվածք չենք անվանում, ապա ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունն առնվազն չունի ո՛չ երկիրը պաշտպանելու կարողություն, ո՛չ սեփական բանակցային օրակարգ, ո՛չ էլ զոհվածների կյանքի գնով պահպանված պետության նկատմամբ պատասխանատվության զգացում։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ