ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի, ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 2

Բացառված չէ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը դուրս գա իր ներկայիս շրջանակներից, ընդլայնվի, ու դրանում ընդգրկվեն նոր պետություններ. 2
24.07.2026 | 16:04

Սկիզբը՝ այստեղ

Իրանի պատասխան հարվածներից կատաղած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանին առավել զանգվածային հարված հասցնելու հնարավորությունը:

Ճիվաղ Թրամփը հայտարարել է Իրանին զանգվածային հարված հասցնելու հնարավորությունը դիտարկելու մասին: Ինչպես այսօր, «Новости Mail»-ի փոխանցմամբ, հաղորդել է ամերիկյան «Axios» պորտալը, ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ մոտ է համապատասխան որոշում ընդունելուն:

«Ես դիտարկում եմ զանգվածային հարձակման հնարավորությունը։ Ավելի մասշտաբային, քան երբևէ,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։- Ես մոտ եմ որոշում կայացնելուն։ Մենք բոլորս պատրաստ ենք դրան»:

Նրա խոսքով՝ Իսրայելը «երկու րոպեից կմիանա» նոր հարձակումներին, եթե նրան խնդրի այդ մասին: Թրամփը միաժամանակ հստակեցրել է, որ ԱՄՆ-ի նոր գործողությունների համար որևէ մեկի օգնությունը չի պահանջվում: ԱՄՆ-ն Իսրայելին արդեն տեղեկացրել է առաջիկա օրերին Իրանին հարվածներն ուժեղացնելու, Իրանի դեմ ռազմական գործողությունն ակտիվացնելու պլանների մասին, ներառյալ՝ ծանր ռմբակոծիչների օգտագործումը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությանը, թե Միացյալ Նահանգների նոր գործողությունների համար ԱՄՆ-ին որևէ մեկի օգնությունը չի պահանջվում, ապա սա, ամենայն հավանականությամբ, խորամանկ քայլ է: Կարծում ենք, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և նրա միջև կա պայմանավորվածություն, որ ԱՄՆ-ի առավել զանգվածային հարվածներին միանալու է նաև Իսրայելը, և դա երկու ոճրագործ, ահաբեկչական պետությունների կողմից ներկայացվելու է իբրև Իսրայելի վրա Իրանի հարձակմանը պատասխան գործողություն, թեև միայն ավանակներին պարզ չէ, որ գերտերության ծանր հարձակումներին պատասխանող և ոչ դյուրին վիճակում գտնվող Իրանին բնավ ձեռնտու չէ հարձակվել Իսրայելի վրա ու նրան ներքաշել ԱՄՆ-ի կողմից իր դեմ վարվող պատերազմի մեջ:

Ավելին, Թրամփի հայտարարության (Միացյալ Նահանգների նոր գործողությունների համար ԱՄՆ-ին որևէ մեկի օգնությունը չի պահանջվում) ստահոդ բնույթն ապացուցվում է ընթացիկ հակամարտության ընթացքում Մեծ Բրիտանիայի կողմից ԱՄՆ-ին ցուցաբերված օգնությամբ, մասնավորապես, Իրանին հարվածելու նպատակով իր ռազմաօդային ուժերի «Fairford» ավիաբազան ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչների տեղակայման, թռիչքների և վայրէջքների համար տրամադրելով, ինչին կանդրադառնանք քիչ անց:

«Новости Mail»-ի փոխանցմամբ, Իսրայելական «Times of Israel» պորտալը գրել է, որ ԱՄՆ-ը հայտնել է Իրանի կենտրոնական մասում, Կում քաղաքի (պաշտոնական ու ճիշտ անվանումը՝ Ղոմ) մոտակայքում գտնվող Կիրկա լեռան (իրանական տեղանունը՝ Պիկաքս) տակ կառուցվող ստորգետնյա օբյեկտի ուղղությամբ նախապատրաստվող հարվածների մասին: Նշված լեռը գտնվում է Սպահան նահանգի Նաթանզ քաղաքի միջուկային համալիրից 2 կմ-ից պակաս հեռավորության վրա: 2020թ. Իրանն այնտեղ սկսել է ստորգետնյա օբյեկտ կառուցել, որտեղ, ինչպես ենթադրում են արևմտյան աղբյուրները, կարող է հարստացնել ուրանը։ Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը բազմիցս զգուշացրել է, որ այդ շրջանին հարված կհասցվի «շատ շուտով»:

Ըստ իսրայելական վերոնշյալ պարբերականի, ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Իսրայելին, որպեսզի նա կարողանա նախապատրաստվել Իրանի հնարավոր պատասխանին, այդ թվում՝ հրթիռային հարվածներին Իսրայելի տարածքում, ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ցանկացած սրացումից հետո: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելն իր ռազմական պատրաստվածությունը հասցրել է ամենաբարձր մակարդակի։

«Axios» պորտալի տեղեկացմամբ, ԱՄՆ-ն անցած երեքշաբթի օգտագործել է B-1 ծանր ու հեռահար ռազմավարական ռմբակոծիչն Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին հարվածների համար: Սա B-1-ի առաջին կիրառումն է ավելի քան երկու շաբաթ առաջ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր: Ինքնաթիռները, որոնք կարող են կրել մոտ 900 կիլոգրամ քաշով մինչև 24 ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, դուրս են եկել Մեծ Բրիտանիայի ավիաբազայից:

Թեև ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) իր հայտարարության մեջ չի նշել Իրանին վերջին հարվածներին B-1-ի մասնակցության մասին, սակայն ծանր ռմբակոծիչների կիրառումը, ինչպես ընդգծել է «Axios»-ը, ազդարարում է ամերիկյան ռազմարշավի լուրջ էսկալացիայի մասին:

Չորեքշաբթի իսրայելական «The Jerusalem Post» թերթը հայտնել էր, որ Բրիտանիան ժամանակավորապես հետ է կանչել իր դեսպանատան աշխատակիցներին Իրանից:

«Տարածաշրջանում նոր հարվածների և անկանխատեսելի էսկալացիայի վտանգ կա»,-նշված է բրիտանական կառավարության կայքում:

Թեև դեսպանատունը կշարունակի աշխատել հեռակա կարգով, սակայն Բրիտանիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին, որ հյուպատոսական օգնությունը խիստ սահմանափակ կլինի և հնարավոր են ուղևորությունների հետագա խափանումներ:

Ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ, հաղորդել է իրանական WANA լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի վարչությունն «ուղղակի նախազգուշացում» է արել բրիտանական կառավարությանը:

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշված է, որ երկու շաբաթ առաջ ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԱՄՆ-ի զինված ուժերը թևավոր հրթիռներ են արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ռազմական նավերից: Այս հրթիռների պաշարները սպառելուց հետո ամերիկյան զորքերն անցել են B-1 ռմբակոծիչների կիրառմանը, որոնք գործում էին անմիջականորեն Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի «Fairford» ավիաբազայից: Այս կապակցությամբ ԻՀՊԿ-ն, հետևելով Իրանի ԱԳՆ-ին, հաստատել է, որ ցանկացած բազա, որն օգտագործվում է իրանական տարածքի դեմ ագրեսիային աջակցելու համար, համարվում է օրինական թիրախ:

Հայտարարությունն ավարտվել է Բրիտանիայի հասցեին կոշտ նախազգուշացմամբ. ԻՀՊԿ-ն բրիտանական կառավարությանը կոչ է արել էլ ավելի չծանրացնել իր «ծառայությունների ցուցակը»՝ Լոնդոնն անվանելով «տարածաշրջանում դժբախտությունների գլխավոր պատմական աղբյուր»: ԻՀՊԿ-ն Մեծ Բրիտանիայի մեղքն է համարել իսլամական երկրների պառակտումը, զանգվածային սպանությունները, ավտորիտար կառավարությունների հաստատումը և Պաղեստինի բռնազավթման կազմակերպումը:

Թրամփն այսօր X սոցցանցում սպառնացել է ռազմական պատասխանով, եթե Եմենի հութիները վերսկսեն հարձակումները Կարմիր ծովում գտնվող նավերի վրա:

«Եթե նրանք նորից դա անեն, ԱՄՆ-ը դրա համար պատասխանատու կհամարի Իրանին, քանի որ հութիներն Իրանին ենթակա ուժ են, և ջախջախիչ ռազմական պատիժը կհասնի Իրանին և, իհարկե, հութիներին, որոնք ինձ շատ հիասթափեցրին, քանի որ մինչև վերջերս նրանք պրոֆեսիոնալ ու խելամիտ էին վարվում»,- գրել ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ-ի առաջնորդը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն հարվածներ է հասցրել հութիների դիրքերին՝ առևտրային նավագնացության սպառնալիքների պատճառով: Դրանից հետո, Թրամփի խոսքով, խմբավորումը «իրեն շատ պատասխանատու է պահել», այդ թվում ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության շրջանում, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։

Այս շաբաթ հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։ Որպես պատճառներ, նշվել են Եմենում նավահանգիստների շրջափակումը և Սաուդյան Արաբիայի կողմից Սանայի միջազգային օդանավակայանի հրթիռակոծումը: Հութիները երեքշաբթի հստակեցրել են, որ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերին, այլև ամբողջ ծովային տրանսպորտին, որն ուղևորվում կամ դուրս է գալիս սաուդյան նավահանգիստներից:

Ավելի ուշ հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու տանկերների՝ «ENCELIA»-ի և «LAYLA»-ի դեմ «որակյալ ռազմական գործողություն» իրականացնելու մասին։ Նրանց պնդմամբ՝ նավերը խախտել են շրջափակումը։ ENCELIA լցանավի հրդեհն ավելի ուշ ֆիքսել են արբանյակներից։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.