ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

«Օրենքով գողերը»՝ օրենքից դուրս

«Օրենքով գողերը»՝ օրենքից դուրս
15.05.2026 | 21:59

Հետո էլ ասում են՝ մեր իրավապահ համակարգը վատ է աշխատում: Խնդրեմ՝ հենց այսօր «պետական անվտանգությանը սպառնացող» անչափ կարևոր «հանցագործություն» է բացահայտվել, կանխվել է «դիվերսիան»:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ՀՀ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, պարզ ասած՝ «օրենքով գող» Ա.Դ.-ն: Նախաքննությամբ հաջողվել է հիմնավորել «հանցակազմը». վերջինս քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, ավելի պարզ ասած՝ գողականներին, թաղային հեղինակություններին, խառոշիներին ու նրանց վեցնոցներին հրահանգել է հունիսի 7-ին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ հրահանգը փոխանցել բոլորին: Քննչական կոմիտեի բնորոշմամբ՝ սա կոչվում է «այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտում», ինչը քրեորեն դատապարտելի արարք է։

«Օպերատիվության» ու «բարձր պրոֆեսիոնալիզմի» ինչպիսի՜ փայլուն դրսևորում: Իրոք որ, գերազանց են աշխատում տղերքը՝ աղջիկ-պարոն ղեկավարների աչալուրջ ուղղորդման ներքո: Եվ քանի որ բանը ուղղորդմանը հասավ, մի ուղղորդում էլ՝ իմ կողմից:

Դե, որ այդքան նախանձախնդիր եք ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ արտահայտման հույժ կարևոր հարցում, մի քրեական վարույթ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագլխի ու իր ենթագլխիկների նկատմամբ նախաձեռնեք: Ի՞նչ պակաս քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է, «օրենքով գողերին» կտանեն ծովը, ծարավ հետ կբերեն: Հանցակազմն էլ ամեն օր աչքներիս առաջ է՝ վաղվա ընտրողներին հրահանգում են չքվեարկել «Պատերազմի եռագլուխ կուսակցության» օգտին, սպառնում են պատերազմով, գողական բառապաշար են օգտագործում: Սա այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտում չէ՞, թե՞ այն, ինչ կարելի է վարչախմբին, չի կարելի գողերին, բայց այն, ինչ կարելի է գողերին, վարչախմբին կարելի ու կարելի է:

Հա, մի դիտարկում էլ: Եթե օրենքով գող Ա. Դ.-ն հրահանգեր քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, դա է՞լ էր համարվելու օրինազանցություն, թե՞ ոնց:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 4019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ