«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Ընկերոջս` Ավետիս Բաբաջանյանին

Ընկերոջս` Ավետիս Բաբաջանյանին
11.09.2026 | 13:41

Մեկ տարուց ավելի չէի գրում։ Յոթանասուն յոթիս էի մոտենում։ Կարծում էի վերջ` դբա մահն եմ գնում։ Մեկ էլ, թե ո՞նց` բառը բառի ետևից եկավ ու նախադասությունները գլորվեցին զուլալ առվի պես։ Պարզվում է, չէ՛, ապրում եմ։ Կապրեմ` քանի դեռ գրում եմ...
Եվ այսպես.
Մեր քաղաքում կար, չկար մի պուտանկա կար։
Ի տարբերություն պետական այրերի, որ ամեն առավոտ էին սրտիկ ցույց տալիս, նա օրնիբուն էդ գործի վրա էր. բութ մատներով ու ցուցամատերով էնպիսի մի սրտիկ էր շրջանակում, որ հազար վարչապետ էլ լիներ՝ նրա սիրո չափը չէր կարող պատկերել։ Ասենք, պետական գործչի գործը բարդ էր, նա ամբողջ ժողովրդին էր սիրում, իսկ ինքն ընդամենը, անհատապես, պատահական մարդկանց։
Ես էդ գործում փորձ չունեի։ Թարսի պես, որ ճամփով էլ գնում էի` էդ պուտանկեն դեմս էր ելնում։ Երկու ձեռքով առաջ պարզած սրտիկը լայն բացում էր ու մեջից նույնպիսի լայնությամբ ժպտում։ Աչքերի մեջ և սեր կար, և կիրք, բայց ամենից շատ գայթակղող հրավեր։ Դա նրա կյանքում ոչինչ չէր փոխել, առավել ևս իմ կյանքում։ Նույն էշն էի, առանց որևէ ցանկության։ Օրը շոգ էր, ճռճռան արև, համատարած ծուլություն։ Պ․․ց ք․․․ելու հավես անգամ չկար։ Իսկ նա դեմս տնկվել` ուր որ է սրտիկը քիթս էր կոխում։ Փորձված պուտանկա էր և ոչ անփորձ էն բոխչա կոնքերով կանանց պես, ովքեր ամեն առավոտ վարչապետի սերը փոխադարձելու ցանկությամբ բութ մատով ու ցուցամատերով մի ահռելի անցք էին բացում։ Իսկ սրտիկը չէր ստացվում ու չէր ստացվում։ Դրա համար փորձ էր պետք, անհագ ցանկություն ու կիրք, կիրք, չբավարարվող կիրք։ Դրան հասնելու համար պիտի պուտանկա լինեիր։ Դե նրանք սովորական կանայք էին, առտին տնական զգացումներով, որոնց համար մի տղամարդն անգամ շատ էր։ Նրանց առաջ էր մղում վարչապետի նկատմամբ տածած, հավելյալ, պլատոնական սերն ու պետության գիտակցումը։
Պուտանկինը ուրիշ էր։ Նրա գործը անգործ չմնալու մեջ էր։ Դրա համար ջանք ու եռանդ չէր խնայում. շրջազգեստը քշտել էր մինչև զիստերը, անխնա բացելով մարմնական բարեմասնությունները։ Դեմքի մասին էլ չեմ խոսում. դա մի նկար էր նկարի վրա և որ ճիշտ է` պատկերի վրա, պաժառնի կարմիր, հյութեղ, ուռցրած պռոշներով, դեղձանման դեղնակարմիր այտերով, մացառուտի պես անվերջ երկարող սև թարթիչներով, աշխարհին հարցական նայող հոնքերով ու դրանց տակ պախկված բոց աչքերով։ Խաղեր էր, որ տալիս էր` մեկ շուրթերը ձգում` օդային համբույր էր հղում, մեկ փեշը բարձրացնում` ու տակից երևան բերում վարդագույն տրուսիկը, որը, մեր մեջ ասած, բոց էր, բոց, կամիր հրացոլք... Բա կրծքերը, կրծքերը, ոնց որ ջայլամի շարմաղ, սպիտակ ձվեր... Հագինը ծաղկավոր շրջազգեստ էր։ Մի բան, որ հաստատ էր. «Իրական ծաղիկները էդ շրջազգեստի տակ էին»։ Շան աղջիկը ամեն ինչ անում էր, որ ձեռքս տանեի էդ ծաղիկներին։ Ամեն ինչ անում էր, որ սիրտդ վանդակից հաներ, հյութերդ մեջիցդ քամեր, որ ի վերջո ամեհի ազդրերի մեջ եղած չեղածդ խեղդամահ աներ։ Մի խոսքով, կատարյալ սրտակեր անասուն։
Ողջ կյանքում եղել էի կնոջս հավատարիմ, հնազանդ` հեզ, իբրև բանող եզ։ Կյանքումս մի կնոջից ավելի ոչ ոգու հետ չէի եղել։ Թե ու՞մ էր պետք էդ կյանքը։ Էսքանից հետո ինձ թվում էր, որ եթե լուծը ծռեմ, կարող ա, չէ՞, ինչ-որ վատ բան լիներ։ Մինչև հիմա հալալ ապրել էի, ամեն ինչ իր հունով էր գնացել, բարեհաջող։ Բայց ախր շան աղջիկը գայթակղում էր. սիրտս արքայություն էր ուզում, հոգիս տոն էր ուզում, տոն, բայց ոգիս զնդանի մեջ էր, աներևույթ շղթայով շղթայված։ Երկու կրակի մեջ էի, սակայն հավասարակշռությունս գնալով կոտրվում էր։ Մեջս հրաբուխ էր հասունանում։ Կիրքս հորձանք էր տալիս։ Հոգիս էլի տոն էր ուզում, տոն, բոցեղեն վայելք։ Ռուբիկոնը անցնել էր պետք։ Սակայն ես Հուլիոս Կեսարը չէի։ Ես ընդամենը Լևոն Ջավախյանն էի.
Ի՞նչ անել...
Հարց, որ ժամանակին տվել է Նիկոլայ Չեռնիշևսկին։
Ի՞նչ անել...
Հարց, որ նույն կերպ շարունակել է տալ Վլադիմիր Իլյիչ Լենինը...
Բայց և այնպես.
Լինե՞լ, թե՞ չլինել...
Կողքից բզում էր Վիլյամ Շեքսպիրը։
Շոգ օր էր։ Արեգակը զենիթում տժժում էր։ Խուլ անդորր էր։ Ծառերի տերևներն անգամ չէին շարժվում։ Համատարած ծուլություն։ Պ․․․ց ք․․․նելու հավես անգամ չկար, բայց ներսում արդեն երկրաշարժ էր։ Բանը բանից անցնում էր։ Երբ ի սկզբանե Բանն էր և Բանն էր առ Աստված։ Հիմա էդ բանը Աստծուն դավաճանել էր։ Հիմա ես էի նրա տերն ու տնօրենը։ Թվում էր, թե հենց էդպես է եղել աշխարհի սկիզբը։ Մեկնարկը տրված էր։ Սիրտս Երկրից թռչում էր Լուսին։ Բայց ես ընդամենը մի ողորմելի հետևորդ էի։ Այնտեղ արդեն եղել էր Նիլ Արմսթրոնգը, բայց ոչ երևակայական, ոչ երազում և ոչ էլ արթմնի, այլ ստույգ իրականում։ Երբեմն ինձ թվում է, թե ճշմարտությունը հեռու է այս աշխարհից։ Բայց ես ճշմարտություն չէի փնտրում, իմ ուզածն ընդամենը վայելք էր, պարզ մարդկային վայելք։ Իհարկե, իմ էրոտիկ զգացումներով դժվար է հասկանալ Նիլ Արմսթրոնգին, բայց չկա գաղտնիք, որի մեջ գաղտնիք չլինի։ Տարածված եղելություն է, ասում են, երբ Նիլ Արմսթրոնգը ոտքը դրել է Լուսնի մակերեսին, առաջին խոսքը, որ ասել է, սա է եղել.
֊Մարդու փոքրիկ այս քայլը` մարդկության մեծագույն քայլն է...
Սակայն պարզվում է, որ էդ շան տղեն էս խոսքերից առաջ մի բան էլ է ասել։ Լուսին ոտք դնելիս առաջին բանը որ ասել է, իրականում եղել է սա.
֊Հաջողություն Ձեզ, պարոն Գրեցկի...
Ո՞վ է եղել Գրեցկին։ Ահա, գաղտնիքի գաղտնիքը։ Դա է, որ մանկությունից սկսած հանգիստ չի տվել ապագա աստղագնացին։
Պարզվում է, որ Արմսթրոնգի երեխա ժամանակ Գրեցկին մի դժբախտ սիրահար էր, որ անհույս սիրահետում էր իրենց հարևանի աղջկան։ Սերը ոչ մի կերպ չէր փոխադարձվում։ Եվ Գրեցկու շարունակական այցելություններից մեկի ժամանակ Արմսթրոնգի հարևանի աղջիկը ի վերջո արտաբերում է մի նախադասություն, որն էդպես էլ ճակատագրական է դառնում ապագա աստղագնացի կյանքում։ Աղջիկը, որպեսզի անհավանական համարի դժբախտ սիրահարի պնդաճակատ, աննահանջ առաջարկները, դաժանորեն խայթում է.
- Այս երեխան,-ասում է` մատնացույց անելով պատանի Նիլին,- ավելի շուտ Լուսին կթռչի, քան ես քոնը կլինեմ։
Ե՞վ...
Նիլ Արմսթրոնգը այլևս անկարելին արել էր։ Նա Լուսնի վրա էր։ Հերթը Գրեցկունն էր։ Եվ Նիլ Արմսթրոնգը տիեզերական բարձունքից հաջողություն էր մաղթում համառ սիրահարին, ասելով.
- Հաջողություն Ձեզ, պարոն Գրեցկի...
Իսկ հիմա դադար տանք։ Վերադառնանք մեր էշի գնին, որ ամենաթանկն է աշխարհում։ Կա՞ աշխարհում մի զգացում, որ ավելի թանկ է, քան սիրո վայելքը...
...Կարթն ընկած ձուկը անհույս թփրտում էր։ Որսկան քույրիկը հաջողակ ձկնորսի պես ճարպկորեն դեպի իրեն էր քաշում լարը։ Ամեն ինչ իր արժեքն ունի և ոչինչ անգին չէ։
- Որքան է քեզ պետք երջանիկ լինելու համար,- հարցրի։
- Բնական ճանապարհո՞վ, թե՞...,-անբնական ժպտաց` բացելով կարմիր ռեխը։
Բնականի ու անբնականի տարբերությունը տակավին չգիտեի, մանավանդ, որ կորցրել էի հյուսիսն ու հարավը։ Էս աշխարհի վրա ինձ համար ամեն ինչ նույնն էր։ Եվ պատահական չէ, որ գնացինք աշխարհի ճամփով։
Այլևս նա ինձ սրտիկ ցույց չտվեց։
Նրա սրտիկը իմ սրտի մեջ էր։
Իսկ վարչապետի սրտիկի մեջ սիրտ չկար։ Մեջը օդ էր, օդ, մեկ էլ ժպտուն, շողոմ, ոչինչ չասող վարչապետական հայացքը։ Ունայնություն ունայնութեանց։ Սերը փուչ էր այնպես` ինչպես ամեն առավոտ սրտաձև պահած մատների արանքի դատարկությունը։ Եվ որքան էլ պաշտոնական ժպտար սրտիկի միջից, որքան էլ շողոքորթեր սիրո և գուրգուրանքի կարոտ թշվառ ժողովրդին, նրա սրտիկը սոսկ ձև է, անբովանդակ դատարկություն և մի պուտանկի սիրո ու կրքի զգացումն անգամ չուներ։ Մարդիկ ինչ անեին մի խոստում, որը օդային համբույրի զորություն անգամ չուներ։
Ես, որ կյանքում կյանք չէի արել` հանուն մի պուտ վայելքի կատարեցի անհնարինը` անցա Ռուբիկոնը...
Մեկի հարցը ես լուծեցի...
Իսկ մյուսնե՞րը... Ովքեր ամեն առավոտ սպասում են վարչապետի սրտիկի ցուցադրությանը։
Նրանց հարցերն ո՞վ պիտի լուծի։
Կինս ավելի շուտ կույս կդառնար, քան կհավատար իմ անհավանական դավաճանությանը։
Սակայն դա սոսկ դավաճանություն չէր։ Այն լրացուցիչ սիրո կարոտ այրի խիզախ քայլ էր, սիրո արարում։ Գոնե ես` այդպես էի կարծում։ Այլևս Երկրի վրա ինձ զգում էի այնպես, ինչպես Նիլ Արմսթրոնգը Լուսնի վրա։
Ես անկարելին կարելի էի դարձրել, մնում է նույնը ցանկանալ փուչ սրտերին.
- Ձեզ հաջողություն եմ ցանկանում, պարոն վարչապետ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ