ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Այս Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, չի գործելու իր ամբողջ սահմանադրական ժամկետը

Այս Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, չի գործելու իր ամբողջ սահմանադրական ժամկետը
02.08.2026 | 15:18


Այսօր մեկնարկեց Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը։

Նոր խորհրդարան է ձևավորվել, նոր քաղաքական փուլ է սկսվում։ Իշխանությունը խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, իսկ ընդդիմությունը՝ իր տեղն ու պատասխանատվությունը։ Բայց հետաքրքիր է հետևել այս խորհրդարանի ձևավորման ամբողջ գործընթացին։

Ընտրություններից հետո իշխող ՔՊ-ն ընդդիմությանը մեղադրում էր ընտրակաշառքով ձայներ ստանալու մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ վարչական լծակների չարաշահման, ընտրակեղծիքների և, ի վերջո, ոչ լեգիտիմ իշխանություն ձևավորելու մեջ։

Բայց այստեղ մի կարևոր հարց է առաջանում․ լեգիտիմությունը միայն հայտարարելով չէ, որ ձևավորվում է։

Եթե ընտրությունների արդյունքները իրականում չէին արտահայտում ժողովրդի կամքը, ապա այդ դժգոհությունը պետք է ինչ-որ կերպ դրսևորվեր նաև հասարակության մեջ։ Փողոցում, սակայն, չտեսանք այնպիսի զանգվածային արձագանք, որի միջոցով ժողովուրդը հստակ կասեր՝ ով է լեգիտիմ, իսկ ով՝ ոչ։

Սա, իհարկե, չի նշանակում, որ ընտրությունների ընթացքում խախտումներ չեն եղել կամ որ ընտրությունները կատարյալ էին։ Իմ գնահատմամբ, ավելի խայտառակ ընտրություններ չի եղել երբևէ:

Բայց լեգիտիմության հարցը միայն քաղաքական հայտարարություններով չի լուծվում։ Այն նաև հասարակական ընդունման, քաղաքական վարքագծի և իրականության մեջ դրսևորվող հանրային վերաբերմունքի հարց է։

Եվ ահա այսօր ունենք մի հետաքրքիր իրավիճակ․ ընտրությունների ընթացքում միմյանց մեղադրում էին ընտրակեղծիքների, ընտրակաշառքի և ոչ լեգիտիմ իշխանություն ձևավորելու մեջ, իսկ այժմ նույն խորհրդարանում սկսում են միմյանց հետ աշխատել։

Տեսնենք՝ ինչ կստացվի այս համագործակցությունից։

Մի բան, սակայն, ակնհայտ է․ ընդդիմությունը չպետք է վերածվի դեկորացիայի։ Մենք դա արդեն տեսել ենք 8-րդ գումարման Ազգային ժողովում, և այդ փորձը չպետք է կրկնվի։

Ավելին՝ այս խորհրդարանում ընդդիմությունը չունի իշխանությանը հակակշռելու այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան միայն խորհրդարանական մեխանիզմներով փոխել քաղաքական իրավիճակը։ Հետևաբար նրա առջև շատ կարճ ժամանակում շատ կարևոր խնդիր է դրված՝ գործով ապացուցել այն պնդումները, որոնք ընտրություններից առաջ ներկայացնում էր որպես փաստ։

Եթե ընտրությունները կեղծված էին, եթե իշխանությունը ոչ լեգիտիմ է, ապա դա պետք է ոչ միայն հայտարարվի, այլև քաղաքական ու հասարակական իրականության մեջ դրսևորվի։

Ընդդիմության դերը միայն քննադատելն ու խորհրդարանական ամբիոնից հայտարարություններ անել չէ։ Այն պետք է ցույց տա՝ ինչ այլընտրանք է առաջարկում հասարակությանը և ինչի համար է իրեն վստահված այդ մանդատը։

Խորհրդարանական մեծամասնությունը պատասխանատվություն է, իսկ ընդդիմությունը՝ հակակշռի դերակատար։ Բայց այս միապետական Սահմանադրությամբ հակակշռող իրական գործիքները ոչ թե սահմանափակ են, այլ չկան, ապա այս պարագային առավել կարևոր է քաղաքական նախաձեռնությունը, հանրային վստահությունը և գործողություններով սեփական դիրքորոշումը ապացուցելու կարողությունը։

Տնտեսություն, անվտանգություն, ինքնիշխանություն, արտաքին քաղաքականություն, ժողովրդագրություն, էներգետիկ անկախություն․ առաջիկա տարիներին հենց այս հարցերով է որոշվելու՝ Հայաստանը դեպի ո՞ւր է գնում։

Իսկ իմ կանխատեսումը մնում է նույնը․ այս Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, չի գործելու իր ամբողջ սահմանադրական ժամկետը, որովհետև այն ո՛չ ունակություն ունի, ո՛չ էլ քաղաքական կամք՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնք արդեն կանգնած են Հայաստանի շեմին։

Ժամանակը ցույց կտա՝ սա պարզապես կանխատեսո՞ւմ էր, թե՞ քաղաքական իրականության վաղ արձանագրում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ