Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Հայկական հանրային գիտակցության դեգրադացիան և պետականության քայքայման մեխանիզմները

Հայկական հանրային գիտակցության դեգրադացիան և պետականության քայքայման մեխանիզմները
31.01.2026 | 11:28

Երկար ժամանակ հայկական հանրային և քաղաքական միջավայրում գոյություն ունեին հստակ արժեքային սահմանագծեր, որոնք չէին ենթարկվում քննարկման, հարաբերականացման կամ վերանայման։ Չնայած Հայաստանի փոքր տարածքին և հայ ժողովրդի թվային սահմանափակությանը, ձևավորվել էր ուժեղ ինքնությամբ հասարակություն՝ վառ անհատականություններով, գաղափարական սրությամբ և ազգային արժեհամակարգի շուրջ համախմբվածությամբ։ Տարաձայնությունները բազմազան էին, երբեմն՝ խորը, սակայն դրանք չէին կասկածի տակ դնում ազգային ինքնության հիմնասյուները։

Այդ հիմնասյուների առանցքում գտնվում էին Արցախը, բանակը, պատմական հիշողությունը և պետական արժանապատվությունը։ Հայկական միջավայրում գոյություն ուներ հանրային կոնսենսուս, ըստ որի՝ որոշ գաղափարներ պարզապես չէին կարող արտահայտվել առանց ինքնաբերաբար դուրս մնալու հասարակական դաշտից։ Ոչ մի հայ չէր համարձակվի հայկական միջավայրում ասել «Արցախը Ադրբեջան է»։ Նման արտահայտությունը չէր ընկալվում որպես կարծիք կամ քաղաքական դիրքորոշում, այլ՝ որպես ինքնության մերժում և ազգային դավաճանություն։

Նույն կերպ աներևակայելի էր «Արևմտյան Հայաստանը Թուրքիա է» ձևակերպումը, Հայոց ցեղասպանության փաստի կասկածարկումը կամ խաղաղության անվան տակ տարածքային զիջումների օրինականացումը՝ այն հիմնավորելով «անպիտան սարերով», «բնակության համար ոչ պիտանի տարածքներով» կամ ռազմավարական դիրքերի արժեզրկմամբ։ Հայկական հանրային գիտակցության մեջ հողը երբեք չի չափվել կիլոմետրերով, այլ՝ պատմությամբ, արյամբ և պատասխանատվությամբ սերունդների առաջ։

Բանակի վերաբերյալ խոսույթը ևս ենթակա չէր հարաբերականացման։ Զինված ուժերի կրճատման, սահմանների զինված պաշտպանությունից հրաժարվելու, զինվորի ներկայությունը տեխնոլոգիաներով փոխարինելու կամ «հայի երես չտեսնելու» գաղափարները դիտարկվում էին որպես ուղղակի հարված ազգային անվտանգությանն ու պետականության հիմքերին։ Բանակը հայ հասարակության համար ինստիտուցիոնալ կառույցից ավելին էր՝ այն ընկալվում էր որպես պետականության ֆիզիկական և բարոյական մարմնավորում։

Հատկանշական է նաև ինքնիշխանության խորհրդանշական ընկալումը։ Տարիներ շարունակ հայ հասարակությունը պայքարել է «Զվարթնոց» օդանավակայանում օտար պետության սահմանապահների ներկայության դեմ, քանի որ դա դիտարկվում էր ոչ միայն իրավական, այլ՝ արժանապատվության հարց։ Նույնիսկ սահմանապահների կնիքի վրա պատկերված Մասիսը ընկալվում էր որպես հակասական խորհրդանիշ՝ հայկական սրբազան լեռը օտար վերահսկողության ներքո։ Այս ամենը վկայում էր, որ հասարակությունը գիտակցում էր մի հիմնարար ճշմարտություն․ ինքնիշխանությունը սկսվում է խորհրդանիշներից և ավարտվում իրական քաղաքական որոշումներով։

Այսպիսով, հայկական հանրային կյանքում գոյություն ունեին «կարմիր գծեր» և տաբուներ։ Դրանք խախտողը կարող էր ֆիզիկապես գոյատևել, սակայն զրկվում էր հայկական միջավայրում լիարժեք ապրելու իրավունքից։ Սա բռնության դրսևորում չէր, այլ առողջ հասարակության պաշտպանական մեխանիզմ։

Խաղաղության գաղափարը երբեք մերժված չի եղել հայ հասարակության կողմից՝ նույնիսկ պատմական թշնամիների հետ հարաբերություններում։ Սակայն այդ խաղաղությունը ընկալվում էր բացառապես արժանապատվության, ինքնիշխանության և ազգային իրավունքների պահպանման պայմաններում։ Հենց այդ պատճառով էլ բանակցային գործընթացները երկար ժամանակ չէին հանգում վերջնական համաձայնության․ հաղթանակի գիտակցությունը ձևավորել էր համոզում, որ Արցախը պետք է ունենա լիարժեք անկախ կարգավիճակ, իսկ ցանկացած պայմանագիր պետք է կնքվի հաղթողի դիրքերից։

Այս արժեհամակարգային համակարգի կտրուկ քայքայումը սկսվեց հակահայ և հակազգային նիկոլի իշխանության գալուց հետո։ Նրա քաղաքական խոսույթը ոչ թե ամրապնդեց հանրային կոնսենսուսը, այլ նպատակաուղղված կերպով սկսեց քանդել այն։ Այն, ինչ նախկինում աներևակայելի էր, դարձավ պետական մակարդակով քննարկվող, ապա՝ նորմալացվող։ Ազգային տաբուները ներկայացվեցին որպես «հնացած դոգմաներ», իսկ կարմիր գծերը՝ որպես «խաղաղությանը խոչընդոտող կարծրատիպեր»։

Հակազգային նիկոլի իշխանության օրոք պարտությունը վերաիմաստավորվեց որպես «նոր իրականություն», զիջումը՝ որպես «խաղաղության գին», իսկ արժանապատվությունը՝ որպես «ռոմանտիկ անցյալ»։ Պետական խոսույթը սկսեց ոչ թե պաշտպանել հանրային գիտակցությունը, այլ վերաձևել այն՝ իջեցնելով պահանջների նշաձողը և սովորեցնելով հասարակությանը ապրել կորուստների հետ՝ առանց դիմադրության։

Արդյունքում ոչ թե պարզապես փոխվեցին ժամանակները, այլ ջնջվեցին կարմիր գծերը։ Իսկ պատմական փորձը միանշանակ ցույց է տալիս՝ երբ կարմիր գծերը ջնջվում են, պետությունը սկսում է քայքայվել՝ ներսից։ Ոչ մի արտաքին թշնամի չի կարող այն քանդել այնքան արդյունավետ, որքան ներքին իշխանությունը, որը հրաժարվում է պաշտպանել ազգային ինքնության հիմքերը։

Այս համատեքստում հարցը այլևս միայն Արցախը կամ սահմանները չեն։ Խնդիրը հայ լինելու բովանդակությունն է, պետական մտածողության շարունակականությունը և ազգային արժանապատվության վերականգնումը։ Որովհետև այն հասարակությունը, որը սովորում է ապրել առանց կարմիր գծերի, վաղ թե ուշ սկսում է ապրել առանց պետության։

«Ճշմարտության ձայն»

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ