Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Նույն տեղեկատվությունը՝ տարբեր մարդիկ, տարբեր որոշումներ

Նույն տեղեկատվությունը՝ տարբեր մարդիկ, տարբեր որոշումներ
22.09.2026 | 15:20

Սկիզբը՝ այստեղ

ԿՈԲ (КОБ- «Концепция общественной безопасности») կառավարման մասին դասախոսություններ

Մաս 6

Առաջին դասախոսությունն ավարտեցինք մի կարևոր մտքով։

Կառավարումը հասկանալու համար բավարար չէ տեսնել, թե ով է հրաման տալիս։ Պետք է հասկանալ նաև՝ ինչպես է ձևավորվում այն մարդը, որն այդ հրամանը ստանում, գնահատում և որոշում է՝ ինչպես վարվել։

Եվ այստեղ երկրորդ դասախոսությունը կատարում է կարևոր անցում։

Մինչ այժմ հիմնականում խոսում էինք հասարակության կառավարման մասին։

Այժմ հարցը տեղափոխվում է դեպի հենց մարդը։

Ինչո՞ւ նույն պայմաններում հայտնված մարդիկ կարող են բոլորովին տարբեր որոշումներ ընդունել։

Մարդը պարզապես տեղեկատվություն ընդունող համակարգ չէ

Երկու մարդու կարելի է տալ նույն տեղեկությունը։

Մեկը կվերլուծի այն։

Մյուսը կընդունի հեղինակության խոսքը՝ առանց ստուգելու։

Երրորդը կարող է հասկանալ, որ ինչ-որ բան սխալ է, բայց գիտակցաբար գնալ իր իսկ համոզմունքների դեմ։

Այսինքն՝ մարդու վարքը որոշվում է ոչ միայն նրան հասնող տեղեկատվությամբ։

Կարևոր է նաև՝ ինչպես է նա մշակում այդ տեղեկատվությունը և ինչն է վերջնականապես ղեկավարում նրա վարքը։

Այստեղ ԿՈԲ-ը մտցնում է իր կարևոր հասկացություններից մեկը՝

«Հոգեկերտվածքի տեսակներ»

Դասախոսության մեջ մարդու վարքը դիտարկվում է մի քանի հիմնական մակարդակներով։

Առաջինը՝ բնազդների գերակայություն։

Այստեղ վարքի վրա հիմնական ազդեցությունն ունեն անմիջական կենսաբանական պահանջները՝ սնունդ, սեռական բնազդ, անվտանգություն, հարմարավետություն, հաճույք և այլն։

Այս դեպքում գիտելիքն ու բանականությունը հիմնականում ծառայում են այդ պահանջների բավարարմանը։

Այսինքն՝ մարդը կարող է նույնիսկ բարձր ինտելեկտ ունենալ, բայց եթե այդ ինտելեկտի հիմնական գործառույթը սեփական բնազդային պահանջներն ավելի արդյունավետ բավարարելն է, ապա վարքի իրական ղեկավարը շարունակում են մնալ բնազդները։

---

Երկրորդը՝ մշակութային ծրագրերի գերակայություն։

Այստեղ մարդու վարքը մեծապես որոշվում է նրան փոխանցված պատրաստի նորմերով։

«Այդպես է ընդունված»։

«Բոլորն այդպես են անում»։

«Միշտ այդպես է եղել»։

«Հեղինակությունն այդպես է ասել»։

Մարդն արդեն միայն բնազդներով չի առաջնորդվում։

Բայց նրա փոխարեն մեծ մասամբ որոշում է այն մշակույթը, որի մեջ նա ձևավորվել է։

Այստեղ հատկապես կարևոր է դառնում այն, ինչ քննարկել էինք առաջին դասախոսության մեջ։

Եթե կարողանում ես ձևավորել մշակույթը, արժեքներն ու հասարակության ընդունված նորմերը, ապա կարող ես ազդել նաև այն մարդկանց վարքի վրա, որոնք առաջնորդվում են այդ նորմերով։

---

Երրորդը՝ սեփական բանականության և պատասխանատվության գերակայություն։

Այստեղ մարդն այլևս ոչ միայն հետևում է բնազդին կամ պատրաստի մշակութային ծրագրին։

Նա կարողանում է հարց տալ.

իսկ ճի՞շտ է այն, ինչ ինձ սովորեցրել են։

Վերլուծել ստացած տեղեկատվությունը։

Համեմատել այն իրականության հետ։

Կանխատեսել սեփական գործողությունների հետևանքները։

Եվ անհրաժեշտության դեպքում հրաժարվել նույնիսկ հասարակության մեջ ընդունված վարքից, եթե այն հակասում է իր գիտակցված ըմբռնմանը։

ԿՈԲ-ի տերմինաբանության մեջ սա կապվում է մարդկային հոգեկերտվածքի հետ։

---

Դասախոսության մեջ առանձնացվում է նաև մեկ այլ վիճակ՝ երբ մարդը հասկանում է, թե ինչն է ճիշտ համարում, բայց գիտակցաբար գործում է հակառակ դրան։

Այսինքն՝ բանականությունը կա, հասկանալը կա, սակայն այն չի ղեկավարում վարքը։

Ինչո՞ւ է այս ամենը կարևոր կառավարման համար

Այստեղ երկրորդ դասախոսությունը կապվում է առաջինի հետ։

Մենք արդեն տեսել էինք, որ տեղեկատվության միջոցով հնարավոր է ազդել մարդկանց վարքի վրա։

Բայց այժմ պատկերը ճշգրտվում է։

Նույն կառավարչական ազդեցությունը տարբեր մարդկանց վրա նույն կերպ չի գործում։

Մեկի համար բավական է հաճույք խոստանալ կամ վախ ստեղծել։

Մյուսի համար՝ հասարակական կարծիք կամ հեղինակության խոսք։

Երրորդը կարող է կանգ առնել և հարցնել՝

«Ինչո՞ւ ես պետք է դա անեմ, ո՞վ է ուզում, որ ես այդպես վարվեմ, և ի՞նչ հետևանքի է դա բերելու»։

Հետևաբար հասարակության կառավարելիությունը կապված է ոչ միայն տարածվող տեղեկատվության, այլ նաև այն մարդկանց որակի հետ, որոնք այդ տեղեկատվությունն ընդունում են։

Եվ այստեղից առաջանում է արդեն շատ ավելի մեծ հարց։

Եթե հասարակության զգալի մասը հնարավոր է կառավարել պատրաստի մշակութային ծրագրերի, հեղինակությունների, վախերի, ցանկությունների և տեղեկատվական հոսքերի միջոցով, ապա միլիոնավոր մարդկանց առանձին-առանձին կառավարելու անհրաժեշտություն իսկապես չկա։

Կարելի է կառավարել այն կառուցվածքներն ու տեղեկատվական միջավայրը, որոնց միջոցով այդ ազդեցությունը հասնում է մարդկանց։

Իսկ դա մեզ բերում է երկրորդ դասախոսության հաջորդ թեմային։

Կառավարման երկու տարբեր ճանապարհ

Մեկ դեպքում կարելի է ստեղծել կառավարման հստակ կառուցվածք՝ ղեկավար, ենթականեր, հրամաններ և վերահսկողություն։

Բայց հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ։

Չստեղծել միլիոնավոր մարդկանց համար մեկ ընդհանուր հրամանատարական բուրգ, այլ տարածել այնպիսի տեղեկատվություն, որի ազդեցությամբ նրանք առանց միմյանց հետ անմիջական կապի սկսում են գործել նույն ուղղությամբ։

Առաջինը ԿՈԲ-ում կոչվում է՝

կառուցվածքային կառավարում։

Երկրորդը՝

անկառուցվածքային կառավարում։

Եվ եթե առաջինի դեպքում կառավարող կենտրոնը սովորաբար տեսանելի է, երկրորդի դեպքում մարդը կարող է նույնիսկ չնկատել, որ մասնակցում է կառավարվող գործընթացի։

Շարունակելի

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ