Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Եթե մահացածները չեն ընտրում, ապա ինչու՞ են ցուցակներում

Եթե մահացածները չեն ընտրում, ապա ինչու՞ են ցուցակներում
09.06.2026 | 11:10

Եթե իշխանությունը գիտի հազարավոր մահացածների առկայության մասին և տարիներ շարունակ չի մաքրում ընտրացուցակները, ապա պարտավոր է բացատրել՝ ինչու։ Իսկ եթե մահացածների անվան դիմաց հայտնաբերվեն ստորագրություններ, ապա խոսքն արդեն ոչ թե վարչական թերության, այլ ընտրական հնարավոր հանցագործության մասին է։

Վանաձորի թիվ 8 դպրոցի 23/25 ընտրատեղամասում «մե տեսարան» տեսա, որը ոչ միայն զարմացրեց, այլ հերթական անգամ ստիպեց մտածել՝ արդյո՞ք մենք իսկապես ունենք ճշգրիտ ընտրացուցակներ։

Ընտրացուցակները կախված էին այնպիսի բարձրության վրա(2.5-3մետր), որ մարդ ակամա մտածում էր՝ գուցե տեղամասերում հեռադիտակ (թե՞ մանրադիտակ) էլ պիտի տրամադրեին քաղաքացիներին, որպեսզի կարողանային կարդալ անունները։ Բայց դա դեռ ամենափոքր խնդիրն էր։ Մոտեցա տեղամասային հանձնաժողովի քարտուղարին և հարցրի.

- Արամայիս և Ռոզա Անտոնյաններ անուններով ընտրողներ կա՞ն ցուցակում։

Սկզբում պատասխանեց.

-Իրավունք չունեմ ասել։

Ասացի.

- Գուցե ուզում եմ նրանց բերել ընտրատեղամաս։ Գուցե ուզում եմ դատարան դիմել և վերականգնել նրանց ընտրելու իրավունքը։

«Բանակցելուց» հետո բացեց ցուցակը և ցույց տվեց։

Այո՛, անունները կային։

Բայց Արամայիս Անտոնյանն իմ հայրն է, որը մահացել է 26 տարի առաջ։

Ռոզա Անտոնյանն իմ մայրն է, որը մահացել է 7 տարի առաջ։

Երկուսն էլ շարունակում էին «ապրել» ընտրացուցակում։ Մի՞թե հարցեր չեն առաջանա: Եթե պետությունը գիտի մարդու մահվան մասին, եթե տրվում է մահվան վկայական, եթե այդ տեղեկությունը մտնում է պետական գրանցամատյաններ, եթե այն հասնում է պետական կառույցներին, ապա ինչու՞ նույն մարդը շարունակում է մնալ ընտրողի կարգավիճակում։

Ի՞նչ նպատակով։

ՈՒ՞մ համար։

Գրող, հրապարակախոս Աշոտ Միրզոյանը գրում է.

«Այս իմ լուսահոգի հարևան հույն Դմիտրի պապիկը վաղուց մահացել է ՈՒկրաինայում։ Բայց դեռ ցուցակում կա»։

Դերասանուհի Արսինե Նավասարդյանը հրապարակավ հայտարարել է, որ ընտրացուցակում հայտնաբերել է իր հարազատի անունը, որը մահացել է 25 տարի առաջ։ Սոցիալական ցանցերում ևս նման վկայությունները բազմաթիվ են։

Քաղաքացիները պատմում են տարիներ առաջ մահացած հարազատների անունների մասին, որոնք շարունակում են հայտնվել ընտրողների պաշտոնական ցուցակներում։ Տարբեր տարիներին խոսվել է հարյուրավոր և հազարավոր նման դեպքերի մասին։ Այսինքն՝ խնդիրը գոյություն ունի։ Հարցն այն է, թե ինչ չափերի է հասնում։

Երեկոյան, երբ քվեարկությունն արդեն ավարտվել էր, կրկին դիմեցի նույն տեղամասի հանձնաժողովի նախագահին։ Խնդրեցի ցույց տալ՝ արդյոք իմ ծնողների անվան դիմաց ստորագրություն կա՞, արդյոք նրանք «մասնակցե՞լ են» ընտրությանը։ Պատասխանը նույնն էր.

- Չենք կարող ցույց տալ։ Օրենքն արգելում է։

Հարցրի.

- Ո՞ր օրենքը։

Հստակ պատասխան չստացա։ Գուցե իսկապես կա նման իրավական սահմանափակում։ Բայց այդ դեպքում քաղաքացին իրավունք ունի ստանալ նաև հստակ բացատրություն։ Որովհետև այստեղ արդեն հարցը միայն իմ ծնողների մասին չէ։

Իհարկե, փաստը, որ մահացած մարդու անունը կա ընտրացուցակում, դեռ ինքնին չի ապացուցում ընտրակեղծիք։ Բայց այն ստեղծում է ընտրակեղծիքի հնարավորություն։ Ժողովրդավարական ընտրակարգը պետք է ոչ միայն ազնիվ լինի, այլև բացառի կեղծիքի հնարավորությունները։ Եթե ցուցակում կան մահացածներ, ապա առաջանում են բնական հարցեր. արդյո՞ք նրանց անվան դիմաց ստորագրություններ կան։ Արդյո՞ք նրանց անուններով քվեարկություն է արձանագրվել։ Եթե ոչ՝ հասարակությունը պետք է դա տեսնի և համոզվի։ Եթե այո՝ իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել դրանով։ Հենց այստեղ է ծագում ամենակարևոր քաղաքական հարցը։ ՈՒ՞մ է ձեռնտու ընտրացուցակներում հազարավոր մահացածների անունների առկայությունը։ Եթե տարիներ շարունակ իշխանությունն է տնօրինում պետական համակարգը, ստանում է մահվան վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, վերահսկում համապատասխան կառույցների աշխատանքը և միևնույն ժամանակ չի ապահովում ընտրացուցակների լիարժեք մաքրումը, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչու՞։

Եթե խնդիրը հայտնի էր, ինչու՞ չլուծվեց։

Եթե այն տարիներ շարունակ արձանագրվում էր, ինչու՞ չէր վերացվում։

Եթե մահացածների անունները շարունակում էին մնալ ցուցակներում, ինչու՞ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։

Հետևաբար ընդդիմությունը, դիտորդները, լրագրողները և քաղաքացիական հասարակությունը պետք է պահանջեն մեկ պարզ բան. վերստուգել ընտրացուցակները։ Ստուգել, թե քանի մահացած քաղաքացի է մնացել ցուցակներում։ Ստուգել, թե նրանց անվան դիմաց ստորագրություններ կա՞ն, թե՞ ոչ։ Ստուգել, թե ինչու տարիներ շարունակ նույն խնդիրը կրկնվում է։ Եթե մարդը մահացել է 26 տարի առաջ և շարունակում է համարվել ընտրող, ապա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ցուցակներում առկա մյուս միլիոնավոր տվյալներն անթերի են։

Վերջում ուզում եմ հիշեցնել տարիներ առաջ Գյումրիում տարածված այն դառը հումորը, որը ծնվել էր հենց նման երևույթներից.

«Հարս, մարս գերեզմանից եկել, ընտրություններին մասնակցել են, հետո առանց տուն մտնելու հետ են իջել իրենց գերեզմանները»։

Դա, իհարկե, կատակ է։ Բայց ամեն դառը կատակ ծնվում է իրականության հետ մարդկանց բախումից։ Եվ եթե այսօր էլ քաղաքացիները շարունակում են մահացած հարազատների անունները գտնել ընտրացուցակներում, ապա այդ կատակն արդեն պարզապես հումոր չէ։ Դա հանրային անվստահության արտահայտություն է։

Քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ եթե պետությունը գիտի մարդու մահվան մասին, գրանցում է այդ մահը պետական ռեգիստրներում, ապա ինչու՞ նույն մարդը շարունակում է գոյություն ունենալ ընտրական ցուցակում տարիներ անց։

Մահացածների անունները ընտրացուցակներում ինքնին դեռ չեն ապացուցում ընտրակեղծիք, սակայն դրանք ստեղծում են մի իրավիճակ, որտեղ հանրությունը սկսում է կասկածել ընտրությունների արդար կազմակերպմանն ու անցկացմանը։

Իսկ ժողովրդավարության համար երբեմն նույնիսկ կասկածն է վտանգավոր։

Որովհետև այն պահից, երբ քաղաքացին սկսում է կասկածել ընտրողի գոյությանը, նա սկսում է կասկածել նաև ընտրության արդյունքին։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 161

Մեկնաբանություններ