Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Երբ ես փոքր էի, մեզ «ախպար» էին ասում կամ «նորեկող»

Երբ ես փոքր էի, մեզ «ախպար» էին ասում կամ «նորեկող»
07.09.2025 | 10:20

«Ախպար» մուսալեռցիներիս բարբառով ասում էին եղբորը՝ ախպեր, ախպար։ Իսկ տեղացիները մեզ «ախպար» էին ասում, իբրև տեսակի, իբրև մարդկանց, որոնք տեղացի, բնիկ չեն, որոնք այլ՝ օտար են։

Ախպար բառը, եթե մեր ընտանեկան խոսույթում եղբորն ուղղված ամենասովորական ու ամենահարազատական դիմելաձև էր, ապա բոլորովին էլ փաղաքուշ չէր հնչում տեղացիների լեզվով։ Ավելին, այն պիտակ էր, հեգնանք ու ստորադասման չափանիշ։

Ախպարները կամ նորեկողները սփյուռքից Հայաստան տեղափոխված այն հայերն էին, որոնք հայրենական պատերազմից հետո էին տեղափոխվել ու հաստատվել էին Հայաստանի, նաև Երևանի տարբեր համայնքներում։ Այդ պիտակը ձեռք էին բերել հենց դիմելաձևի հաշվին։

Անգամ մի ամբողջ թաղ կա Մալաթիային կից, որը հենց այդպես էլ կոչվում է՝ Ախպարաշեն։

Մեր թաղի փողոցներն էլ բաժանվում էին մուսալեռցիների, քեսապցիների և այլն։

Թեև ծնողներս արդեն Երևանում էին ծնվել, բայց տատիկ-պապիկիս ծնողների սերունդը, որ երեք անգամ գաղթ էր տեսել ու Հայաստան հասել ծանրագույն զրկանքներով, հողից պատեր քերել ու այդ հողաշեն պատերի մեջ ընտանիք արարել, այդ իսկական ախպարների առաջին սերունդն էին, որոնց վրա հարձակվում էր տեղացիների ատելության հարվածը։

Երեք անգամ գաղթ տեսածները եկել էին Հայաստան՝ նոր հայրենիքի, ապահովություն ու ՏՈՒՆ գտնելու հույսով, ու բախվել էին թշնամանքի, նվաստացման ալիքի։

Հիշում եմ, տատիկս մի օր ժպտալով պատմեց, որ պապիկս խստորեն արգելել էր հանրային վայրերում, հատկապես տրանսպորտում, խոսել բարբառով, որ վեճ չլինի։ Մի անգամ, նման վեճերից մեկի ժամանակ, ուղղակի ընտանիքով իջել են ավտոբուսից ու ճանապարհը շարունակել ոտքով։

Որքա՞ն են քայլել, արևի, թե՞ անձրևի տակ, հոգնած, թուլացած, նվաստացած․․․ ի՞նչ մտքեր ու հույզեր են ունեցել այդ ժամանակ տատիկս, պապիկս, հայրս ու հորաքույրներս։

Արդյո՞ք ափսոսացել են Հայաստան տեղափոխվելու և այդ զրկանքներին դիմանալու համար:

Հավանաբար:

ՈՒ թշնամու մեջ ապրած, թշնամի հաղթած իմ խեղճ պապիկ-տատիկները չգիտեին, թե ինչպես պայքարել յուրայինների դեմ։ Այս պատերազմի դեմ զենք չկար սիրուց ու համբերությունից բացի։

Թշնամու դեմ գլուխը վեր կռված մարդիկ վիզը ծուռ էին նայում իրենց չարախնդացող հայրենակիցներին ու լռում էին։

Ժպիտով հնչած այդ պատմությունն այնքան ցավոտ էր, որ ինձ դեռ այսօր էլ թվում է, թե ժպիտի արանքից մորմոքի քամի էր փչում։

Այս էր պատճառը, որ մուսալեռցիներն ապրում էին՝ ինչպես մի համայնք, ազգային փոքրամասնություն յուրայինների մեջ՝ կտրված յուրայիններից։

Այդ միասնության ու պաշտպանական բնազդի արդյունք էր նաև այն, որ պապիկս ու իր չորս եղբայրներն ապրում էին նույն բակում, իբրև մի մեծ տոհմ։

Երբ պապիկիս փոքր եղբայրը ժամանակին ցանկացել է հող գնել մեր իսկ փողոցում ու առանձնանալ, մեծ տատս մի կռիվ, պատմություն է սարքել ու չի թողել՝ այդ անջատումը տեղի ունենա։ Պատճառաբանել է, որ միասին անվտանգ է ու ապահով։

Այդպես էլ մնացել է մեր բակում՝ մեր ՇԵՆՔՈՒՄ։

ՇԵՆՔԸ երկհարկանի տուֆե տուն է, որտեղ հինգ տուն կար, երբ ես փոքր էի։ Այժմ մեկն ավելացել է ու տունը դարձել է եռահարկ։

Առաջին հարկում երկու տուն էր, որոնցից մեկում էլ ես եմ ծնվել, երկրորդ հարկում՝ երեք տուն։

Ընդհանուր բակ կա, որտեղ հիմա էլ հարազատներս հավաքվում են ամառվա երեկոները, ու բոլորին կապող մի ընտանիքի գաղափարը, որ չի քայքայվում։

Այդ տանը սերնդեսերունդ նոր ընտանիքներ են կազմվում ու նոր մուսալեռցիներ ծնվում։

Ծնողներիս սերնդի մուսալեռցիները գերադասում էին ամուսնանալ համայնքի ներսում, պահպանել ավանդույթները, խոհանոցը, բարբառը, շատերը դպրոցից զատ կրթություն չէին ստանում՝ խուսափելով տեղացիների հետ շփումից, շատերը աշխատանքի էին ընդուվում՝ ելնելով ախպարի ու տեղացու վիճահարույց ճնշումներից, լինում էին նաև համարձակներն ու առաջ էին գնում մասնագիտական դաշտում։

Ինձ հաճախ թվում էր, թե մայրս ու հայրս ճշգրիտ նույն ընտանիքներից են սերում, ոչ միայն պատմություններն էին նույնը, այլև բարքերը, նիստ ու կացը, սովորույթները, անգամ սնվելու կանոնակարգը։

Մայրս ու հայրս, կարծես, նույն ծնողներից սերող մարդիկ լինեին, ուղղակի տարբեր կենսաբանական ծագմամբ։

Այդ միօրինակ միջավայրում ես ինձ խիստ ապահով էի զգում։ ՈՒ հիշում էի իմ ծագման մասին, երբ հայտնվում էի տեղացիների՝ այն ժամանակվա իմ ընկալումներով, օտարների մեջ։

Անշուշտ, իմ սերունդը չբախվեց նույն բարոյական ճնշումներին, ինչպես իմ տատիկ-պապիկներն ու ծնողներս։ Ժամանակի հետ փոխվեցին նաև «ախպարների հանդեպ» վերաբերմունքն ու ընկալումները։

Եկավ մի պահ, երբ մուսալեռցիների մասին սկսեցին այլ կերպ խոսել։ Մեծերի զրույցների ժամանակ հաճախ էի լսում տեղացիներից․ «Դուք լավ հարս եք պահում»։

Ավանդական ընտանիքի առաջնահերթության տարիներին սա կարևոր պայման էր լավ ամուսնություն ունենալու համար։ Մուսալեռցի տղամարդիկ ոչ միայն ավելի ազատամիտ էին, ավելի աշխատող, ձեռներեց, հոգատար ու նվիրված, այլ նաև ընտանիքներում բռնությունը հազվադեպ ու չլսված բան էր։ ՈՒստի, մուսալեռցու հարս լինելը սկսել էր ավելի ու ավելի պատվավոր դառնալ։

Հորեղբայրներիցս ոմանք արդեն ամուսնացել էին «տեղացի» կանանց հետ, բայց շատերը դեռ պահպանում էին ներքին համայնքի հետ ամուսնական կապերի կարևորությունը։

Պատվաբեր էր նաև մուսալեռցիներից աղջիկ ուզելը։ Նրանք թեև հեզ էին ու կրում էին այլ մշակույթի դաստիարակության կնիք, սակայն նաև ճարպիկ էին, տնարար, լավ խոհարարներ էին ու պատվախնդիր։

Մուսալեռցի կանայք հնազանդ էին ամուսիններին, բայց ոչ անարդարությանն ու զավակների անհաջողությանը։ Համարձակությունն ու համառությունը դարձել էր նրանց բնութագրող կարևոր գծերից մեկը։ ՈՒստի, երբ չամուսնացած հորաքույրներիս մասին էին խոսում, առաջին հերթին մեջ էին բերում հենց այդ՝ խիզախ կողմերը։

ՈՒ այդպես, օր-օրի շատանում էին «խառնամուսնությունները» մուսալեռցիների շրջանակներում։

Շատանում էր նաև տեղացիներին բնորոշ ճաշատեսակների մուտքը մեր ներքին խոհանոց, նոր բառեր, նոր բարքեր:

Այժմ մուսալեռցի լինելը անցյալի հերոսապատումների մասին հիշեցնող չնչին մի անդրադարձ է։ Բայց իմ մանկության տարիներին դա մի ամբողջ կարծրատիպային, համակարգային ինքնիշխանություն էր։

Ես ստիպված էի մեծանալ մի գաճաճ պետության սահմաններում, որը մի կերպ խցկվել ու տեղավորվել էր այլ պետության, այլ հասարակական նորմերի իրավական կանոնակարգի մեջ։ ՈՒ այդ գաճաճ պետության փակ պարիսպների ետևում բացվում էին դեպի տիեզերք ու ընդերք ձգվող, տարածվող աննշմարելի աշխարհներ, որոնք ինձ կապում էին այն՝ կորուսյալ հողի իրականության հետ, որը վաղու՜ց դարձել էր գրավոր անցյալ։

Անգիտակցաբար ինձ էին փոխանցվում սրբազան լեռան, կորուսյալ

հողի մասին հիշողությունները, չապրած գաղթի ցավն ու զրկանքը, չտեսած հայրենիքի հանդեպ կարոտը, ինձ էին փոխանցվում մուսալեռցիների ավանդույթները, սերը, նաև երազանքները ․․․

Կարինե ՓԱՆՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ