Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Նշանավոր մարդու օրագրից

Նշանավոր մարդու օրագրից
23.09.2024 | 08:49

Համեստություն կա, որ անհամեստություն է։ Մեղքս ինչ թաքցնեմ, ես երբեք էլ համեստությամբ աչքի չեմ ընկել։ Էնպես որ, էս մեջբերումը հենց իմ օրագրից է։ ՈՒրեմն, մի պայծառ արևոտ օր, հաջող առևտրից հետո, տրամադրությունս բարձր, սիրտս լեն, ջեբս տռուզ դուս էի եկել Վերնիսաժից։ Աչքերիս մուգ ապակիներով ակնոց կար, որ կեցվածքիս ավելի վստահություն էր ներշնչում ու հայացքս դարձնում անխոցելի։

Գոհ ու երջանիկ քայլում էի Երևանի փողոցներով։

Մարդիկ ինձ մեղմ ժպտում էին ու բարեհամբույր ճամփա գցում։ Դա ինձ չէր շփոթեցնում։ Դե, նշանավոր գրողին ո՞վ չի ճանանաչի...

Բայց էդ օրը երկրպագուներս ոնց որ թե ավելի էին շատացել։ Հատկապես սպիտակ ու շիտակ, բոյ ու բուսաթով էն կապուտաչ աղջիկը, որ ժպտաց ու կիսախուփ բերանը անուշ փռթկոցով փախցրեց իմ հայացքից։

Ժպիտը հասկացա, փռթկոցը` ոչ, երևի ժպիտի շատությունից էր...

Սիրտս բերկրանքից նվաղեց։

ՈՒրեմն սիրուններն էլ են ինձ կարդում։ Երջանկությունս ավելի քան կերկարեր, եթե չհանդիպեի արծաթագործ ընկերոջս` Օլեգին։

- Լևոն,- հարցական նայեց ակնոցիս,- ակնոցիդ ապակին ու՞ր ա...

Խուճապի մատնված` ակնոցը հանեցի։ Իսկապես, աջ շրջանակի ապակին բացակայում էր։

Ա՜յ, քեզ փորձանք, ողջ Երևանը նայել էր աչքերիս ու ապակու բացակայությունը նկատել, իսկ ես օդանցքի պես բաց շրջանակով աշխարհին նայել ու քթիս մոտ անգամ չէի տեսել անխուսափելին։

Շփոթմունքս կատարյալ էր. ես էլ ուրախացել էի երկրպագուներիս շատությունից...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4908

Մեկնաբանություններ