Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Հայոց կաթողիկոսների նկատմամբ աշխարհիկ իշխանության միջամտությունը․ գահազրկում, աքսոր և քաղաքական ճնշում

Հայոց կաթողիկոսների նկատմամբ աշխարհիկ իշխանության միջամտությունը․ գահազրկում, աքսոր և քաղաքական ճնշում
09.08.2026 | 11:32

Հայոց Եկեղեցին միջնադարյան Հայաստանում միայն կրոնական հաստատություն չէր։ Այն ազգային ինքնության, մշակույթի, կրթության ու հասարակական համախմբման առանցքային կառույցներից էր։ Այդ իսկ պատճառով Հայոց կաթողիկոսը միայն հոգևոր առաջնորդ չէր․ հատկապես պետականության թուլացման կամ կորստի ժամանակ նրա հեղինակությունը հաճախ դուրս էր գալիս զուտ եկեղեցական սահմաններից և ստանում քաղաքական նշանակություն։

Այս հանգամանքը կաթողիկոսական աթոռը դարձնում էր նաև իշխանական պայքարի կարևոր առարկա։

Հայոց թագավորները, արքաներն ու իշխանները, մի կողմից՝ եղել են Եկեղեցու հովանավորներն ու պաշտպանները, մյուս կողմից՝ քաղաքական ճգնաժամերի ժամանակ փորձել են վերահսկողություն սահմանել. ազդել կաթողիկոսական ընտրությունների վրա, հեռացնել իրենց քաղաքականությանը հակադրվող առաջնորդներին։ Սակայն պատմականորեն անհրաժեշտ է տարբերակել գահազրկումը, հարկադրված հրաժարականը, աքսորը, բանտարկությունը և ֆիզիկական բռնությունը։ Բացի դրանից միջնադարյան աղբյուրները միշտ չէ, որ միանշանակ են ներկայացնում դեպքերի պատճառներն ու իրավական բնույթը։ Հետևաբար կաթողիկոսների նկատմամբ իշխանական միջամտությունը պետք է ուսումնասիրել ոչ միայն որպես անձնական հալածանք, այլև որպես աշխարհիկ և հոգևոր իշխանությունների սահմանային պայքար։

Հայոց թագավորական իշխանության և կաթողիկոսական աթոռի բախումների վաղագույն օրինակներից է Հուսիկ Ա Պարթևի պատմությունը։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ Հուսիկը հակասության մեջ է մտել Տիրան թագավորի հետ և ենթարկվել թագավորական բռնության, որի հետևանքով մահացել է։ Հուսիկի դեպքում գահազրկում տեղի չի ունեցել․ նա չի հեռացվել կաթողիկոսական աթոռից և չի փոխարինվել մեկ այլ կաթողիկոսով։ Սակայն դեպքը կարևոր է որպես վաղ նախադեպ, երբ կաթողիկոսի և թագավորի միջև հակամարտությունը վերաճել է ֆիզիկական բռնության։ Այդ պատճառով Հուսիկի պատմությունը պետք է դասել ոչ թե գահազրկումների, այլ աշխարհիկ իշխանության կողմից հոգևոր առաջնորդի նկատմամբ բռնության դեպքերի շարքին։

Ներսես Ա Մեծի դեպքում արդեն հանդիպում ենք իշխանական ճնշման մեկ այլ ձևի՝ աքսորի և քաղաքական հեռացման։

Արշակ Բ թագավորի հետ ունեցած հակասությունների հետևանքով Ներսեսը հեռացվեց և որոշ ժամանակ ապրեց Հայաստանից դուրս։ Հետագայում նա վերադարձավ և շարունակեց իր կաթողիկոսական գործունեությունը։

Այս դեպքը ցույց է տալիս, որ աշխարհիկ իշխանությունը կարող էր ժամանակավորապես սահմանափակել կաթողիկոսի գործունեությունը, սակայն նրա հեռացումը ամպայմանորեն չէր նշանակում հոգևոր հեղինակության վերացում։ Ներսեսի մահվան վերաբերյալ այն ավանդությունը, ըստ որի՝ Պապ թագավորը նրան թունավորել է, պետք է ներկայացնել զգուշությամբ։ Այն պահպանվել է պատմագրական ավանդության մեջ, սակայն դրա հանգամանքները բավարար հիմք չեն տալիս եղածը ներկայացնելու որպես հաստատված պատմական փաստ։

Աշխարհիկ իշխանության կողմից կաթողիկոսական աթոռի նկատմամբ միջամտության ամենավաղ և ամենաուսանելի օրինակներից մեկը Սահակ Ա Պարթևի հայրապետության վերջին շրջանն է։ 428 թ. Արշակունյաց թագավորության վերացումից հետո, փոխվեց նաև Հայոց Եկեղեցու և աշխարհիկ իշխանության հարաբերությունների համակարգը։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշես թագավորին գահազրկելու հրամանին զուգահեռ պարսից արքունիքը հրամայեց Սահակ Պարթևից վերցնել նաև «կաթողիկոսական տունը»։ Սահակ հայրապետի պաշտոնազրկումը, հետևաբար, պետք է դիտարկել ոչ միայն որպես մեկ հոգևոր առաջնորդի հեռացում, այլև որպես Եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու փորձ։ Սակայն Սահակ Պարթևի պաշտոնազրկումը չնշանակեց նրա հոգևոր հեղինակության վերացում։ Ընդհակառակը՝ նա շարունակեց պահպանել մեծ հեղինակություն հայ հոգևորականության և նախարարական դասի շրջանում։ 432թ. հետո, երբ Շմուելը հակաթոռ կաթողիկոս էր, Սահակը փաստացի շարունակում էր ունենալ հոգևոր ազդեցություն, իսկ նրա մահից հետո էլ հայ հասարակության ընկալման մեջ նա մնաց որպես օրինական հայրապետ։ Հայ Եկեղեցու պատմական աղբյուրը հատուկ ընդգծում է, որ Սահակի պաշտոնազրկումը հայերի համար էական նշանակություն չունեցավ․ նա ճանաչվեց որպես երկրի օրինական կաթողիկոս մինչև իր մահը։

Թ դարի առաջին կեսին աշխարհիկ իշխանության միջամտությունը կաթողիկոսական աթոռի նկատմաբ ստացավ ավելի հստակ քաղաքական ձևաչափ։

Հովհաննես Դ Ովայեցին ընտրվել էր կաթողիկոս՝ սպարապետ Սմբատ Բագրատունու հովանավորությամբ։ Նրա ընտրությանը դեմ էր իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, որը 841 թ. պահանջեց նրան գահազրկել և փոխարենը մեկ ուրիշ կաթողիկոս ընտրել։ Հովհաննեսը հեռացավ Դվինից և առանձնացավ Գեղարդավանքում։

Սակայն նույն թվականին Սմբատ Բագրատունու և Սյունիքի իշխան Գրիգորի նախաձեռնությամբ Դվինում գումարվեց նախարարների և եպիսկոպոսների ժողով։ Ժողովը դատապարտեց Հովհաննես կաթողիկոսի դեմ ներկայացված մեղադրանքները, և նա կրկին հաստատվեց կաթողիկոսական աթոռին։ Այս դեպքի նշանակությունն այն է, որ աշխարհիկ իշխանի որոշումը չդարձավ վերջնական։

Բագրատունյաց Հայաստանի շրջանում նույն խնդիրը նոր դրսևորում ստացավ Վահան Ա Սյունու օրոք։

Վահանը կաթողիկոս ընտրվեց 968 թ., իսկ 969 թ. Անիում գումարված ժողովի արդյունքում գահազրկվեց։ Հայոց Եկեղեցու պատմական շարադրանքի համաձայն՝ նրա հեռացումը կապված էր դավանաբանական որոշ հարցերի և Աշոտ Գ Ողորմած թագավորի քաղաքականության հետ։ Վերջինիս փոխարեն կաթողիկոս ընտրվեց Ստեփանոս Գ Սևանցին։ Սակայն Վահանի հեռացումը չընդունվեց հայկական բոլոր իշխանական կենտրոնների կողմից։ Վասպուրականի թագավոր Աբուսահլ Արծրունին նրան վերցրեց իր պաշտպանության տակ և շարունակեց ճանաչել որպես կաթողիկոս մինչև մահը։ Այս իրավիճակը ստեղծեց վտանգավոր քաղաքական և եկեղեցական երկատում․ տարբեր իշխանական կենտրոններ կարող էին աջակցել տարբեր կաթողիկոսների։ Վահան Ա Սյունու դեպքը ցույց է տալիս գահազրկման ամենավտանգավոր հետևանքներից մեկը․ կաթողիկոսական աթոռի շուրջ իշխանական մրցակցությունը կարող էր վերածվել Եկեղեցու ներքին լեգիտիմության ճգնաժամի, քանի որ հարցն այն չէր, թե ով է հեռացվել աթոռից։ Հարցն այն էր, թե ով է համարվում օրինական կաթողիկոս։

Քրիստափոր Բ Ապահունու կաթողիկոսությունը ևս կարևոր է իշխանական միջամտության դիտակետից։ Նա Հայոց կաթողիկոս է եղել 628–630 թթ.։ Նրա պաշտոնավարման շրջանը համընկնում էր բարդ քաղաքական իրավիճակի հետ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական և պարսկական ազդեցությունների բախման փուլում։ Եվ կաթողիկոսական աթոռի նկատմամբ իշխանական վերահսկողությունն ուներ ոչ միայն եկեղեցական, այլև քաղաքական նշանակություն։

Քրիստափորի դեպքը պետք է դիտարկել զգուշությամբ, քանի որ աղբյուրների փոխանցած տեղեկությունները չեն տալիս բավարար և միանշանակ պատկեր։ Այնուամենայնիվ, նրա կաթողիկոսության կարճատև ընթացքն ու իշխանական վերադասավորումները ցույց են տալիս, որ Է դարում նույնպես կաթողիկոսական աթոռը ենթակա էր իշխանական և քաղաքական ուժերի ազդեցությանը, ինչպես նաև որ կաթողիկոսի գահազրկումը բացառապես մարզպանի քաղաքական ճնշման արդյունքն էր։

Հայոց աշխարհիկ իշխանության կողմից կաթողիկոսի նկատմամբ միջամտության ամենանշանակալի դեպքերից մեկը Պետրոս Ա Գետադարձի պատմությունն է։

Պետրոսի կաթողիկոսության ընթացքում Հայոց թագավորության և Բյուզանդիայի հարաբերությունները դարձել էին Հայաստանի ներքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը։ 1022 թ. Պետրոս կաթողիկոսը մասնակցեց Բյուզանդիայի հետ բանակցություններին և կապվեց Հովհաննես-Սմբատ թագավորի կտակի փոխանցման հետ. ըստ այդմ՝ թագավորի մահից հետո Անին պետք է անցներ Բյուզանդական կայսրությանը։ Այս քաղաքականությունը հետագայում լուրջ դժգոհություններ առաջ բերեց։ 1037 թ. Պետրոսը հեռացվեց կաթողիկոսական աթոռից և բանտարկվեց։ Սակայն հետագայում ազատ արձակվեց և վերականգնվեց իր պաշտոնում։ Այս դեպքը կարևոր է այնքանով, որ այստեղ տեսնում ենք իշխանական ճնշման մի ամբողջական շղթա.

քաղաքական տարաձայնություն, հետայնու գահազրկում, բանտարկություն, ազատ արձակում և վերականգնում։

ԺԲ դարի վերջում Կիլիկյան Հայաստանում կաթողիկոսի և իշխանական իշխանության հարաբերությունները հասան ավելի վտանգավոր փուլի։ Գրիգոր Ե Քարավեժը կաթողիկոս դարձավ 1193 թ։ Նրա գործունեությունը կապված էր Հայ Եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու ձգտման հետ։ Նրա դեմ դժգոհություններ ներկայացվեցին Լևոն Բ-ին, և ի վերջո կաթողիկոսը ձերբակալվեց ու բանտարկվեց։ Հայկական հանրագիտարանային աղբյուրը նույնպես նշում է, որ Գրիգորը Լևոն Բ-ի կողմից ձերբակալվել և ուղարկվել է Կոպիտառ, որտեղից փախուստի փորձի ժամանակ ընկել է։

Ըստ պահպանված ավանդության՝ Գրիգորը փորձել է պարանի օգնությամբ իջնել բերդից, սակայն ընկել է և մահացել։ Այստեղ անհրաժեշտ է խուսանավել կանխամտածված սպանության մասին անվերապահ պնդումից։ Իշխանական ձերբակալությունն ու բանտարկությունը փաստագրված են, իսկ մահվան հանգամանքների կանխամտածված բնույթը՝ ոչ բավարար չափով ապացուցված։

ԺԳ դարում Կիլիկյան Հայաստանում կաթողիկոսական աթոռի նկատմամբ արքունի միջամտությունը սերտորեն կապվեց լատինամետ քաղաքականության հետ։ Կոստանդին Բ-ն կաթողիկոս դարձավ 1286 թ. և պաշտոնավարեց մինչև 1289 թ.։ Նրա կարճատև հայրապետությունը տեղի էր ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ Կիլիկյան արքունիքը փորձում էր խորացնել հարաբերությունները Արևմուտքի և Հռոմի հետ։ Կաթողիկոսական աթոռի շուրջ քաղաքական պայքարը, հետևաբար, չէր սահմանափակվում ներքին եկեղեցական հարցերով։ Նրա պաշտոնավարման ավարտը տեղի ունեցավ լատինամետ քաղաքականության շուրջ ուժեղացող հակասությունների պայմաններում, սակայն գահազրկման մեխանիզմը աղբյուրներում միանշանակ չէ։

Որոշ շարադրանքներում այն ներկայացվում է որպես արքունիքի կողմից պարտադրված գահազրկում, իսկ Մաղաքիա Օրմանյանի ներկայացմամբ՝ որպես հրաժարական։ Դեպքը կարևոր է նաև այնքանով, որ ցույց է տալիս՝ Կիլիկյան Հայաստանում կաթողիկոսի պաշտոնն անմիջականորեն կապված էր պետության արտաքին քաղաքական կողմնորոշման հետ։

ԺԴ դարում կաթողիկոսական աթոռի և Կիլիկյան արքունիքի հարաբերությունների կենտրոնական թեման դարձավ Արևմուտքի և Հռոմի հետ հարաբերությունների հարցը։

Հակոբ Բ Անավարզեցին կաթողիկոս դարձավ 1327 թ. և պաշտոնավարեց մինչև 1341 թ., ապա կրկին ընտրվեց և շարունակեց իր հայրապետությունը մինչև 1359 թ.։ Այս ժամանակագրությունը հաստատվում է Հայոց կաթողիկոսների ցանկերով։ Հակոբ Բ-ն սկզբնական շրջանում հակված էր արքունիքի արևմտամետ քաղաքականությանը, սակայն հետագայում ավելի ընդգծված կերպով պաշտպանեց Հայ Եկեղեցու ավանդական դավանաբանական ինքնուրույնությունը։ 1341 թ. նրա հայրապետությունն ավարտվեց արքունիքի հետ խորացած հակասության պայմաններում․ պատմական աղբյուրների և հետագա մեկնաբանությունների մեջ նրա հեռացումը ներկայացվում է թե՛ որպես գահազրկում, թե՛ որպես հարկադրված հրաժարում։ Նրա վերադարձը 1355թ. կարևոր վկայություն է այն բանի, որ նախկին քաղաքական հակասությունը չէր նշանակում հայրապետի հոգևոր հեղինակության վերջնական կորուստ։

Այս դասակարգումը ցույց է տալիս, որ կաթողիկոսների նկատմամբ աշխարհիկ իշխանության միջամտությունը չուներ մեկ միասնական ձև։ Այն կարող էր լինել համեմատաբար մեղմ՝ հեռացման կամ աքսորի տեսքով, ինչպես նաև հասնել բանտարկության և ֆիզիկական բռնության։

Հայոց պատմության մեջ կաթողիկոսների նկատմամբ աշխարհիկ իշխանության միջամտությունը չի կարելի ներկայացնել որպես մշտական կամ համակարգված հակաեկեղեցական քաղաքականություն։ Հայ թագավորներն ու իշխանները մեծ մասամբ եղել են Եկեղեցու հովանավորներն ու պաշտպանները, իսկ պետության և Եկեղեցու համագործակցությունը հայկական պետականության պահպանման կարևորագույն պայմաններից էր։

Սակայն քաղաքական ճգնաժամերի, իշխանական հակամարտությունների և դավանաբանական տարաձայնությունների ժամանակ այդ հարաբերությունը կարող էր վերածվել լուրջ պայքարի։

Հուսիկ Ա Պարթևի նկատմամբ բռնությունը, Ներսես Ա Մեծի աքսորը, Հովհաննես Դ Ովայեցու գահազրկումը, Վահան Ա Սյունու շուրջ առաջացած լեգիտիմության ճգնաժամը, Պետրոս Գետադարձի գահազրկումն ու բանտարկությունը, Գրիգոր Ե Քարավեժի ձերբակալությունն ու մահը, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանում Կոստանդին Բ Կատուկեցու և Հակոբ Բ Անավարզեցու պաշտոնավարման ավարտի շուրջ ստեղծված հակասությունները ցույց են տալիս իշխանական միջամտության տարբեր մակարդակները։

Այս դեպքերի համադրությունը թույլ է տալիս կատարել ավելի ընդհանուր եզրակացություն․ կաթողիկոսի գահազրկումը սովորաբար չէր լուծում այն քաղաքական կամ դավանաբանական խնդիրը, որից ելնելով իրականացվում էր։ Ընդհակառակը՝ կարող էր առաջ բերել նոր խնդիրներ՝ լեգիտիմության ճգնաժամ, մի քանի մրցակից կաթողիկոսներ, եկեղեցական պառակտման վտանգ և իշխանական նոր հակամարտություններ։ Միաժամանակ, գահազրկման հետևանքը կախված էր ոչ միայն իշխանության ուժից, այլև կաթողիկոսի եկեղեցական հեղինակությունից, այլ իշխանական կենտրոնների դիրքորոշումից և տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակից։

Ուստի կաթողիկոսական գահազրկումների և քաղաքական ճնշումների պատմությունը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես «հոգևոր առաջնորդների հալածանքների» շարք, այլ որպես աշխարհիկ իշխանության, Եկեղեցու ինքնավարության, դավանաբանական կողմնորոշումների և քաղաքական լեգիտիմության միջև բարդ հարաբերությունների պատմություն։

Այդ իմաստով կաթողիկոսի գահազրկումը միջնադարյան Հայաստանի քաղաքական համակարգի յուրահատուկ «սահմանային դեպք» էր․ այն ամենից հստակ ցույց էր տալիս, թե որքան հեռու կարող էր տարածվել թագավորի կամ իշխանի իշխանությունը և որտեղ էր սկսվում Եկեղեցու՝ որպես ինքնուրույն հոգևոր և հասարակական հաստատության, հեղինակությունը։

Հայոց պատմական փորձը զգուշացնում է, որ Եկեղեցու ներքին պառակտումը կարող է վերածվել նաև ազգային դիմադրողականության խնդրի։ Երբ հոգևոր, հասարակական և քաղաքական ներուժը միավորված չէ, արտաքին ուժերի ազդեցությունը մեծանում է, իսկ ազգային նպատակների շուրջ համախմբումը՝ դժվարանում։ Սակայն այստեղ պատմության գլխավոր դասը միայն անցյալի սխալները չեն։ Այն նաև հիշեցում է, որ համերաշխությունը ինքնին ազգային անվտանգության և հարատևման անհրաժեշտ գործոն է։ Տարաձայնությունը բնական է. բայց երբ տարաձայնությունը վերածվում է փոխադարձ բացառման, իսկ քաղաքական պայքարը՝ Եկեղեցու և հասարակության պառակտման, գինը կարող են վճարել հաջորդ սերունդները։

Հետևապես կաթողիկոսի գահի շուրջ հակամարտությունները հարկ է դիտարկել՝ ոչ թե ով հաղթեց և ով պարտվեց, այլ՝ ի՞նչ եղավ պայքարի արդյունքում։ Պահպանվե՞ց միասնությունը, ամրապնդվե՞ց Եկեղեցին, ամրապնդվե՞ց ժողովրդի փոխադարձ վստահությունը, և արդյոք երկիրը կարողացա՞վ միասնական դիմակայել արտաքին մարտահրավերներին. առաջնորդներն ու քաղաքական իրավիճակները՝ կարող են փոխվել, իշխանությունները՝ անցնել, բայց ժողովրդի և Եկեղեցու ներսում առաջացած պառակտումը կարող է ապրել դարեր շարունակ։ Այդ պատճառով համերաշխությունը ոչ միայն բարոյական արժեք է, այլև ժողովրդի և Եկեղեցու հավաքական դիմադրողականության կարևոր պայման։ Այն պատմականորեն ձևավորված ուժ է, որի կորուստը երբեմն շատ ավելի դժվար է վերականգնել, քան որևէ որոշման հետևանքը։

Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Դիտվել է՝ 162

Մեկնաբանություններ