2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Ծրագիր «մինիմում»

Ծրագիր «մինիմում»
07.04.2026 | 10:47

Հայաստանում հոգեբանական խիստ լարված իրավիճակ է։ Գործող իշխանությունն իր կառավարման 8 տարիների ընթացքում ավելի է խորացնում ոչ միայն քաղաքական կործանարար գործողությունները, այլև ցինիկաբար ամեն օր բարոյահոգեբանական ճնշում է տարածում մեր ժողովրդի վրա՝ սպառնալով նոր պատերազմով, անգամ նշելով այդ պատերազմի սկսվելու հստակ ժամանակը։

Միջազգային հարաբերությունների արարողակարգում կա՞ այսպիսի դրվագ, որ միջազգային հանդիպումների ժամանակ երկու թշնամի պետությունների նախագահները միասին բարձրանան նույն վերելակով։ Հայտնի չէ, թե քանի րոպե են նրանք եղել այդ խցում և ինչ են պայմանավորվել։ Նրանք այդպիսով հիմք դրեցին «վերելակային պայմանագիր» հասկացությանը։ Կամ, պատերազմում պարտություն գրանցելուց հետո, նույն այդ թշնամի պետության նախագահի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ նստում են դեմ-դիմաց ցածրիկ բազկաթոռներին, ուր գրեթե նրանց ծնկները կպչում են իրար, և երբ նայում ես նրանց խաղաղ, բարեկամական ժպիտին, նրանց չճանաչող օտար մարդիկ հաստատ կկարծեն, որ հանդիպել են շատ մտերիմ, վաղեմի ընկերներ կամ բարեկամներ։

Ըստ ՀՀ Ընտրական օրենքի՝ ընտրարշավը սկսվում է քվեարկությունից 36 օր առաջ։ Այսօրվա իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընտրարշավը սկսել է ուղիղ մեկ տարի առաջ, երբ դարձյալ սկսվեց խորհրդարանական ընդդիմության որոշ անձանց ձերբակալությունների շոուն։

Եվ այսպես, ընտրարշավը շարունակվում է կլոր տարին. կենցաղային մակարդակի քաղաքական մանր-մունր դրսևորումները՝ ընդհուպ մինչև ընտանեկան «բոխչայի» բացումը, այլոց սեռական բնույթի հարցերի «բացահայտումներն» ու անպարկեշտ արտահայտությունները, Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ սելջուկյան արշավանքը, Հայոց Ցեղասպանության պատմական, քաղաքական և ողբերգական փաստը կասկածի տակ դնելը, Ռուսաստան-Արևմուտք «տուն-տունիկ խաղալը», Թրամփի աչքը մտնելու համար նրան Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու «միջնորդությունը» և դրա դիմաց ստացած նվերը՝ «ԹՐԻՓ»-ը, որը 99 տարով «հսկելու» է Թրամփը՝ ճանապարհի լոգիստիկան տրամադրելով այն գործարարներին, ովքեր ներդրումներ կանեն։ Եվ սա մատուցում են որպես քաղաքական և ռազմավարական մեծ նվաճում։ Իսկ տարածաշրջանում ո՞ր պետություններն են շահագրգռված այդ «միջանցքով» և ո՞վ շատ փող ունի։ Հարցս հռետորական է։

Իսկ պաշտոնական «ընդդիմությունը» սկսել է ավազ հանելու գործընթացը, քաղաքական մյուս դաշտերը ձևավորման ճանապարհին են։

Թավշյա հեղափոխությունն այս ութ տարիներին ավելի խորացրեց մեր անկախությունը կորցնելու վտանգը՝ մի անկախություն, որը ձեռք ենք բերել մեր դաժան և ժլատ պատմության վերջին բարեհաճությամբ։

Մենք՝ մեր հոգս ու ցավերից չազատված, աշխարհի մասին ենք մտածում, իսկ աշխարհն էլ, իր անմտության պատճառով, գլորվում է պատերազմի տարտարոսի մեջ։ Մեր անմիջական ու ամենամոտ թե՛ աշխարհագրական տարածքի տեսակետից, և թե՛ պատմամշակութային արժեքներով մեզ առավել մոտ կանգնած պարսիկ արիացի ժողովրդի դեմ դավադիր պատերազմը մեր պատուհանի տակ է, իսկ մեր երկրի վարչապետը «ուրախ ավտոբուս» ներկայացումն է բեմադրում։ Մետրոյում, հագուստին փակցրած ՀՀ վիրավոր ու ցաված թղթե քարտեզով, նա արդեն հատվածներով թշնամուն զիջած այդ մի կտոր քարտեզն է բաժանում մարդկանց՝ ակնարկելով, թե սրանից ավել Հայաստան չուզեք։ Նաև արցախցի բռնագաղթած երիտասարդ մորն է իր որդու ներկայությամբ վիրավորում և այդպիսով «կայանում» որպես վարչապետ։

Սա մեր անկախության «արգասիքն է», որ այսքան կորուստներից հետո Փաշինյանը վստահորեն և պաշտոնապես հայտարարում է, թե Արցախում պարտվելուց հետո ՀՀ-ն ձեռք բերեց լիարժեք անկախություն, և մենք հիմա ունենք պետություն։

Այսքանը՝ որպես մտահոգիչ նախաբան և պատճառ «ԾՐԱԳԻՐ ՄԻՆԻՄՈՒՄ» երազանք-նպատակ ունենալու համար։

Իրականում այս խառնակ ժամանակներում դժվար է ապրել նույնիսկ առօրյա հոգսերով։

Սիրտս ցավում է պատերազմների մեջ արյունլվա աշխարհի համար։

Սիրտս ցավում է իմ ժողովրդի համար, որ այսքան դար ոգորում է, անբանակ կռիվ տալիս աշխարհի չարի դեմ։ Սիրտս ցավում է Հայրենիքիս համար, որ հազար ու ավելի տարիներ անց մեր կորցրած պետականությունը վերականգնելուց հետո իշխանության ղեկին դրվեցին պետական մտածողությունից զուրկ, ազգային հոգեկերտվածքին ու հոգեբանությանը խորթ մարդիկ, որոնց հարստանալու նպատակը և մեր երկրի թշնամիների՝ մեր պետականությունը վերացնելու ծրագրերը համընկել են։

Իսկ այդ ամենի հետևանքը եղավ մեր Հայրենիքի ու պետության թուլացումը և ժողովրդի արտագաղթը։ Սա իրողությունն է։

Մեր պետականության գոյությունը կանգնած է մեծ վտանգի առաջ։ Եթե այսպես շարունակվի ևս մի քանի ամիս՝ մինչև ընտրությունները և իշխանության վերընտրվելուց հետո, մեր այսօրվա քաղաքական գործիչներն ու քաղաքագետները աշխատանք ու զբաղմունք չեն ունենա։ Դա, իհարկե, հայ ազգի համար ողբերգություն չէ, անգամ մտահոգություն չէ. մի գործ կգտնեն։

Իսկ ի՞նչ անի ժողովուրդը։ Ձևացնի՞, թե իբր ոչինչ չի եղել, թե մի բան կանեն, հո չեն թողնի, որ պետությունը կորցնենք, կամ կռիվը նորից բորբոքվի, ինչպես Փաշինյանն է սպառնում պատերազմով՝ հաճոյանալով թշնամուն։ Կթողնեն, քանի որ մենք մոլորվել ենք երեք բարդիների արանքում, պատրաստ չենք ռազմական տեսակետից։ Ուրեմն մենք կա՛մ զենք պիտի գնենք, կա՛մ հարմարվենք մեր թշնամիների պահանջներին։ Բայց կան զենք արտադրող ու վաճառող պետություններ, որոնք հարստանում են զենքի վաճառքով։ Կան փող ունեցող պետություններ, որոնք նպատակաուղղված զենք են գնում, որպեսզի հաղթեն և հարստանան։

Իսկ մեզ պես զենք գնող պետությունները չեն հարստանում, որովհետև զենքի վրա ծախսված միլիոնները կամ միլիարդները, դրված թնդանոթի բերանին, շաղ են գալիս մարդ սպանող երկաթի բեկորների տեսքով։ Սակայն այս պատերազմական անհանգիստ պայմաններում մենք իրավունք չունենք բանակը թուլացնելու, ժամանակակից գերհզոր զենքեր չունենալու։ Ինչպե՞ս, կհարցնի տրամաբանող ընթերցողը, երբ պետության փաստացի ղեկավարը նպատակաուղղված թուլացնում է բանակը։

Կարող ենք՝ միայն քաղաքական դաշտը մաքրելուց հետո։ Քաղաքական դաշտը մաքրելուց և նոր՝ ազգային մտածողությամբ ու նպատակներով առաջնորդվող կառավարություն ստեղծելուց հետո (լինի նախագահական, թե կիսանախագահական) առաջ է գալիս Ծրագիր «ՄԻՆԻՄՈՒՄ» ունենալու անհրաժեշտությունը։

Ի՞նչ է Ծրագիր «Մինիմումը»։

Իշխանությունը փոխելուց և վերջնականապես իրավաքաղաքական միջավայրը մաքրելուց հետո նոր, համախմբված կառավարության անդամները պետք է ձեռնամուխ լինեն պետության և ժողովրդի անվտանգության ապահովմանը։

Զինում:

Քանի որ ստիպված ենք լինելու զենքին ապավինել, ուրեմն պետք է հնարավորինս արագ ձեռք բերենք հզորագույն զինատեսակներ մեր երկրում ապրող փողատերերի ազգային տուրքի ձևով հավաքված միջոցներով, այլ ոչ թե աշխատավարձերից հավաքված հազար դրամներով։ Այդ տուրքը պիտի լինի ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի միլիոն դոլար, որովհետև նրանց ունեցվածքը հաշվվում է յոթանիշ թվերով, իսկ նրանք, ում կապիտալը վեցանիշ է, թող վճարեն հնգանիշ թվերով։

Անվտանգություն:

Մեր պետությունը՝ ի դեմս նոր նախագահի, կառավարության և Ազգային ժողովի, պարտավոր է սեղմ ժամկետում ստեղծել անվտանգ պայմաններ, անհապաղ տեղադրել Ադրբեջանի հետ ունեցած (առայժմ խորհրդային վարչական) բոլոր սահմանների անվտանգությունն ապահովող էլեկտրոնային սարքեր, ապահովել սահմանը պահող զինվորներին ժամանակակից հզոր զենքերով, վտանգազերծ համազգեստով ու բարձրորակ սննդով։

Առաջնագիծ:

Սահմանամերձ գյուղերը պետք է համարվեն առաջնագիծ, և ապահովվի այդ գյուղերի բնակիչների անվտանգությունը։

Վերադարձ:

Պետության ունեցվածքը յուրացնելու և հարկերը չվճարելու հաշվին հարստացածները՝ նախկին նախագահներից սկսած մինչև այլ պաշտոնյաներ, պետք է հոժարակամ վերադարձնեն իրենց միլիոնները՝ բանակը հզորացնելու և տնտեսությունը ոտքի հանելու համար։

Պետականաշինության և բանակի հզորացման գործին անմասն չպիտի մնան նաև սփյուռքում ապրող մեր մեծահարուստ հայրենակիցները։ Մենք պիտի սթափվենք ու զգաստանանք։ Մեր երկիրը ոչ միայն պատերազմի մեջ է (կեղծ, պայմանավորված խաղաղության փուչիկներով), այլև հայտնվել է ֆինանսական շանտաժի ճիրաններում։ Սա ֆինանսա-քաղաքական ծրագիր է հայերիս դեմ, ցեղասպանության հարյուրամյա մեր ոգորումների պատասխանը նույն ուժերի կողմից, անցյալ դարի ցեղասպանության շարունակությունը։ Լևոն Հայրապետյանի դեմ դատական ֆարսը պատահական չէր, հաջորդը եղավ Ռուբեն Վարդանյանը, հաջորդը կլինի մյուսը։

Հիշե՛ք և մտածե՛ք, հարստացա՛ծ այրեր, ու՞մ են պետք ձեր միլիոններն ու միլիարդները, եթե ցեղասպանվի ազգդ, կործանվի հայրենիքդ, և ազգդ դարձյալ ու վերստին դառնա հայրենակորուստ տարագիր։ Այո՛, զենքը սոսկ միջոց է, հաղթողը Ոգին է, բայց երբ մեր զինվորի ոգուն միանում է հզոր զենքը, նա դառնում է անպարտելի։ Մենք պիտի ունենանք մեր զինվորի ոգուն համարժեք զենք։ Կարող ենք և պարտավոր ենք զինվել առավել, քան մեր թշնամիներն են զինվում։ Մեր բնատուր տաղանդն ու մտավոր ընդունակություններն անհամեմատելի են չարաբաստիկ «եղբայրների» կարողությունների հետ։ Մենք կարող ենք և վաղուց պետք է ստեղծեինք մեր ռազմարդյունաբերությունը։ Եվ հիշենք՝ ոչ ոքի չպիտի վաճառենք մեր ստեղծած զենքը։ Սա պետք է լինի մեր ազգային հավատամքը. մենք զենք ենք արտադրելու պարզապես մեզ պաշտպանելու համար, այլ ոչ թե ուրիշներին մարդասպանության դրդելու։

Այսօր մենք պիտի ապավինենք մեր ժողովրդի առողջ ուժերին։ Հայաստանի քաղաքական դաշտը, ցավոք, ապականված է. ընդդիմություն կոչվածը, ըստ էության, իշխանության աստառն է՝ ժամանակակից դերձակության հնարքով կարված. ո՛ր երեսին էլ շրջես, միայն գույնը կփոխվի, բայց ոչ ձևը։ Քաղաքական դաշտը նույնպես շատ արագ պիտի մաքրենք։

Ոմանք հարցնում են՝ բա ո՞վ կգա սրանց տեղը, ախր ասպարեզում փոխարինողն այս ընդդիմությո՞ւնն է։ Ո՛չ, այս ընդդիմությունը չի լինելու, որը տարիներ շարունակ քաղաքական թատերաբեմում խաղաց ապիկար և անգամ դավադիր՝ փոշիացնելով ժողովրդի հարյուրհազարավոր քվեները։ Ընդդիմություն կոչեցյալն ինքնաոչնչացվեց՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև մյուս բոլոր «խաղացողները»։ Դրանց այլևս չէր կարելի վստահել, որովհետև այդ հավաքական ընդդիմությունը վաղուց է դարձել քաղաքական դիակ։ 2021 թվականի հետպատերազմյան ընտրություններն ապացուցեցին, որ ժողովուրդը ընդդիմության և՛ երեսը, և՛ աստառը տեսավ, բայց ընտրելով ՔՊ-ին՝ առավել բարդացրեց մեր երկրի քաղաքական ու բարոյական վիճակը։

Հայաստանում կա՛ն քաղաքական ուժեր՝ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով, գիտության ու քաղաքականության մեջ հմուտ, լեզուների գերազանց իմացությամբ, հայրենասեր ու պետական մտածողությամբ օժտված մարդիկ։ Անկախության սերունդը շատ բան սովորեց այս իշխանությունների վարած հակապետական քաղաքականությունից։ Նրանք հասկացան, թե ինչպես ՉՊԵՏՔ է երկիրը կառավարել և ինչու չի կարելի դառնալ օտարների ձեռքին խամաճիկ։ Գողը մնում է գող, ումից էլ գողանա։ Մեր իմաստուն ժողովրդն ասում է. «Տնիցդ գողանաս, թե հարևանիցդ, մեկ է՝ արածդ գողություն է»։ Պետության և ժողովրդի հաշվին հարստացած պաշտոնյաները դրսում ընկալվում են որպես գող, հետևաբար վերաբերմունքն էլ նրանց հանդեպ համարժեք է, մինչդեռ տուժում են պետական շահերը։

Տուժում է և մեր ազգը. հայրենիքում ապրելով սոցիալապես անապահով ու արհամարհված, իսկ արտագաղթածները՝ օտարության մեջ ենթարկվելով ֆիզիկական, բարոյական ու ֆինանսական բռնությունների և ձուլման վտանգին։ Փաստերը շատ են և ահազանգող։

Այսօր մեր համազգային առաջնահերթ գործը պետք է լինի ներքաղաքական դաշտի մաքրումը, արդյունաբերության ու գյուղատնտեսության վերականգնումը, բանակի հզորացումն ու զինումը, սեփական ռազմարդյունաբերության ստեղծումը, արտագաղթի կասեցումն ու ներգաղթի սկիզբը։ Մնացածը ժամանակի խնդիր է։

Սիրելի՛ հայեր համայն աշխարհի, կարծում եմ՝ առայժմ սա պետք է լինի մեր ժողովրդի ԾՐԱԳԻՐ «ՄԻՆԻՄՈՒՄԸ»։

29.03.2026 թ.

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ