2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Զորի Բալայան-Արցախյան պայքարի ավագներից մեկը

Զորի Բալայան-Արցախյան պայքարի ավագներից մեկը
06.04.2026 | 12:03

Կյանքից հեռացավ մեր սերնդի Արցախյան պայքարի ավագ ընկերներից մեկը։

Դեռ հայտնի չէ, թե Հայոց իրականության մեջ էլի քանի անգամ կփոխվի Արցախյան պայքարի, նրա մասնակիցների, նվաճումների, ձեռքբերումների ու կորուստների, հաղթանակների ու պարտությունների մասին հանրային գերակշռող կարծիքը։ Տեսակետների փոփոխության այդպիսի լայն տիրույթը մեր ազգի դժբախտություններից մեկն է։

Բայց պատմությունը մնում է պատմություն, և այն պարտադիր պետք է գրել սերունդների համար։ Պետք է գրել, քանի դեռ «հաղթողները» այն չեն աղավաղել անճանաչելիության աստիճան։ Կամ էլ ջնջել հիմնովին։

Հենց այդ պատճառով պարտքս եմ համարում իմ հիշողությունների պատառիկները թողնել իր կյանքի ընթացքում այդ ոչ միանշանակ ճանաչված, բայց անկասկած մեծ հետք թողած Մեծ անհատի մասին։

Թող դրանք մասունքների պես պահպանվեն որպես այն շտրիխներից ամենաչնչինները, որոնք ավելի ցայտուն կդարձնեն հայի կերպարը՝ դարեր հետո պեղումներում հայնաբերված արտիֆակտների միջոցով մեր դիմագիծը վերականգնողների համար։

Այլ աղբյուրներից հեշտ է իմանալ, թե ո՞վ էր Զորի Բալայանը մինչև 1988 թվականը։ Իրեն ամեն հորանջող գիտեր որպես

միութենական կարգի ճանաչված հրապարակախոս։ Ես նույնպես ․․․

Արցախյան շարժմամբ Բալայանին ճանաչում ենք որպես առաջնորդներից մեկը։ Շուտով նա ձեռք է բերում Շարժման ծանր հրետանու համբավը։

Զորի Հայկովիչի հետ անձնական շփումներ գրեթե չեմ ունեցել, խմբակային քններկումներ նույնպես հազվադեպ։

Առաջին անձնական կոնտաակտը (այն դժվար է ծանոթացում համարել), եթե չեմ սխալվում, այն օրն էր, երբ առաջին ինքնուրույն քայլերը կատարող ՍԻՄ -ով Հայաստանի տարածքից ընտրված ՍՍՀՄ (կամ ԽՍՀՄ) Ժողովրդական դեպուտատներին հրավիրել էինք Պոլիտեխնիկի դահլիճ։ Մեծ բան չէր մեր արածը, բայց կարևորվեց նրանով, որ Շարժումն ամբողջությամբ բոյկոտել էր այդ ընտրությունները, ու բացասական էր արտահայտվում ընտրված «նոմենկլուտուրայի» մասնակցությունը այդ հավաքին։ Իսկ հայ կոմունիստները միանշանակ պիտակվում էին որպես շարժմանը խոչընդոտողներ։

Շատ չծավալվեմ, բայց մենք հարմար գտանք նրանց բարի ճանապարհ մաղթել ու «մարտից առաջ» մեկ ավելորդ անգամ ևս իրենց հիշեցնել Շարժման, այդ օրերի բառապաշարով «Ղարաբաղ կոմիտեի» պատգամները։

Մեր այդ քայլի արդյունքներից մենք հետագայում գոհ մնացինք ․․․

Մեր համագործակցությունը եղել է զգալի, բայց հեռակա։

Իր հետ առկա ու հեռակա շփումները մյուսներից առանձնանում էին նրանով, որ նա մեզ վերևից չէր նայում, ինտելեկտով չէր ճնշում, մեր գլխին քարոզ չէր կարդում, հանձնարարականներով, հրամաններով չէր դիմում ու երբեք մեր վրա մուննաթ չէր գալիս։

Հնարավոր է, որ մենք իր համեմատ շատ փոքր էինք մեզ վրա հատուկ ուշադրություն դարձնելու համար։ Բայց սույն փաստն ընդգծվում էր նրանով, որ իրենից ավելի ձոքր մեծերը հաճախ էին ինձ տխրեցնում իրենց թվարկածս ավելորդություններով։ Իհարկե ոչ բոլորը։

Իմ հիշողության մեջ ինքը ավագներից միակն էր, ումից բջջային հեռախոսը հայտնվելուց հետո ամեն տարի դեկտեմբարի 1 -ի վաղ առավոտյան ՍՄՍ -ով շնորհավորանք էի ստանում Արցախի ու Հայաստանի վերամիավորման տոնի կապակցությամբ։ Ամեն տարի որոշում էի իրենից առաջ ընկնել, բայց այդպես էլ չէր ստացվում։

Մեկ անգամ ենք Զորի Բալայանի հետ աթոռին նստած, առանձին սենյակում, առանց վկաների կարճ զրուցել։ ՈՒ ես իրեն վստահեցի՝ ինքն ինձ։

2006 թվականի աշնանը ՍԻՄ -ում պայթած սկանդալի առաջին օրերն էին։ Ցնցված էին բոլորը, մտածելով, որ դա դժբախտ թյուրիմացության արդյունք է։ Չարախնդացողները նույնպես վախեցած էին, կարծելով, թե դա նախընտրական խորամանկ խաղ է։ Ու շառից - փորձանքից հեռու իրենք էլ էին ջանքեր թափում դավադիր ընկերոջս հետ ինձ հաշտեցնելու ուղղությամբ։

Այդ խառնաշփոթի մեջ բջջայինիս վրա (առաջին անգամ) զանգ եմ ստանում պարոն Բալայանից։ Ոչ դեկտեմբերի մեկն է, ոչ էլ ՍՄՍ։ Հերթական զանգ, որով պետք է ինձնից բացատրություն պահանջեն, կամ էլ համոզեն անհնարինը։

Հեռախոսը դժկամությամբ վերցրերի․

- Բարև Հրանտ, Մոսկվայից եմ եկել, կարդացել եմ։ Արի ինձ մոտ խոսենք, հեռու չեմ։

- Գալիս եմ պարոն Բալայան։

Հասցեն փոխանցեց։ Մեր գրասենյակի ուղղությամբ Մեշտոցի պողոտայի դիմացի մայթին էր։

Մտա, բարևեցի, նստեցի դիմացի աթոռին։ Ստանդարտ համառոտ նախաբանից հետո գործնական դիրք ընդունեց ու ասաց․

- Եթե անձամ քեզ պետք չէ՝ «Իրավունքի» համար լսիր առաջարկությունս։

- Կլսեմ Ձեր ցանկացաց առաջարկություն․ Ես Ձեզ վստահում եմ։

- Դու եկար շնորհակալ եմ․ Զանգեմ Հայկն էլ գա երեքով խոսենք։

- Զագե՛ք։

Դեմքին ժպիտ եկավ․ Զագահարեց ու ասաց, որ 15 րոպեից ինքն էլ կգա։

Ասացի, որ խնդրանք ունեմ, հուսով եմ, որ չի մերժի։ Գլխով արեց։

Ասացի, որ կաշխատեմ առավելագույնս հաշվի առնել իր բոլոր հորդորները։ Չէի բացռում, որ իրեն խնդրել են միջնորդել շատ բարձր ատյաններից։ Բայց դիմեցի իրեն ինչպես տղամարդը տղամարդուն․

- Պարոն Բալայան ես հիմա դուրս կգամ Ձար սենյակից, բայց հեռու չեմ գնա։ Քիչ հեռվից կհետևեմ մուտքի դռանը։ Իր մտնելուց հետո Ձեզ ժամանակ կտամ իր հետ մի փոքր զրուցելու։ Հենց զանգեք՝ ներս կգամ։

- Ի՞նչ է, ադեկվատ չէ՞։

- Ինքներդ կորոշեք, Ձեր փորձն ավելի մեծ է ու հարուստ։ Եթե չզանգեք, քսան րոպեից կհեռանամ։ Բայց վստահ եղեք, նորից կգամ, երբ հարմար կզգաք։

Գլխով արեց, ես էլ գլխով արեցի ու դուրս եկա։ Երկուսիս համար էլ դա լուռ հրաժեշտի էր նման։

Չզանգեց, էլ գործով չհանդիպեցինք։

Մեր վերջին հանդիպումը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում էր։ Այդ եկեղեցին ինձ համար հատուկ խորհուրդ ունի։ Հեղափոխությունից առաջ մորական տատիս հայրը, Ստեփանոս Տեր-Սահակյանցը, այդ եկեղեցում է աղոթել, ծառայություններ մատուցել։

Մեր ընտանիքում խղճի, ուսման ու հավատի հետ կապված ավանդույթները նաև իր անվան հետ են կապված եղել։ Ստեփանոսի ու իր մերձավոր անհատների հետ են կապված եղել նաև ստալինյան հալածանքների մասին շշուկով լսաց իմ մանկական հիշողությունների պատառիկները․ Մորս հորաքույներն էին խոսում․ «Եւրոպայում կրթություն էր ստացել ․․․, մի քանի լեզուների էր տիրապետում ․․․, տարան ․․․։ Կոնկրետ ոչինչ, բայց շշուկով։

Իմ հրաժարականից մի քանի տարի հետո տղաներով գնացել էինք մի ծրագրով գործընկեր, երիտասարդ բժիշկի անժամանակ հոգեհանգստին։ Տեղում իմացա, որ դա Բալայանի համար շատ մեծ անձնական ողբերգությունություն էր։

Հանդիպեցինք եկեղեցու բակում։ Կոտրված տեսք ուներ։ Ցավակցեցի, ձեռքս թեթևակի սեղմեց ու պահեց․

- Տեսա՞ր ինչ եղավ։

Վստահ եմ, որ դա միայն անձնական վշտի արձագանքը չէր։ Հաստատվեց ենթադրությունս, որ վերջին տարիներին արձակած առագաստներն իր համար ավելի շատ սպեղանի են եղել, քան նոր թռիչքի խորհրդանիշ։ Չհանձնվող մարդուն հատուկ վարքագիծ։ Չէ որ արդեն մի քանի տարի միմյանց Դեկտեմբերի 1 -ին չէինք շնորհավորում ․․․

Կոտրված Մեծը ապրողների համար մեկ այլ խորհուրդ ունի։

Թեև Արցախը դեռ հայերինն էր։

Այդպիսինն եմ ես հիշելու Զորի Հայկի Բալայանին - Աստված հոգին լուսավորի

Հրանտ Խաչատրյան

Երևան,

Ապրիլի 5, 2026 թվական

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ