Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Իմ հայացքը իրեն ծաղկած ճյուղի հետ շփոթեց

Իմ հայացքը իրեն ծաղկած ճյուղի հետ շփոթեց
03.11.2025 | 19:22

Ես կամենում էի վերադառնալ

դատարկ քաղաքների հևքից`

դեպի ընծայաբերումը երկնքի։

Գարնան բալենու մեջ

իմ հայացքը իրեն

ծաղկած ճյուղի հետ շփոթեց.

իմ հայացքը մեղուները որսացին

և իմ զարմանքը տարան

դեպի պետությունները մայրական.

տարան դեպի հայրենիքը մայրական։

Ես կամեցա վերադառնալ

հիացմունքի միջնադարյան

սիրերգի մեջ

և իմ սիրտը դրեցի կարպետի նախշում։

Նա ինձ արտասանեց

ոտքերի տակ հայրենի,

նա ինձ փոխադրեց

քամու մեջ շարականի,

նա ինձ փռեց սրոհունդի

խակ կանաչի մեջ

և կույս արագիլներ կանչեց

Արածանի գետի շամբուտներից,

և նիզակներ դրեց իմ թևերի տակ`

որպես խեչակներ,

և ասաց` թե կարող ես,

աճի'ր վազի մեջ։

Ես կամեցա աճել և հեղեղվել

տորոն կարմիր բույսի

համաստեղության հետ։

Իմ սիրտը չվրիպեց ինձ,

իմ հոգին չշփոթեց ինձ,

իմ ճանապարհը սկսվեց և կավարտվի

թռչնակերպ վարդնյակի տիեզերքում`

մի կիսատ մնացած խաչքարից համբարձված՝

դեպի հևքը ամենաիրական լռության։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 9694

Մեկնաբանություններ