«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան՝ մինչև պատերազմի սկսվելը

Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան՝ մինչև պատերազմի սկսվելը
12.04.2026 | 11:50

Իսլամաբադում 21 ժամ տևած ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո դրանք ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։

Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն երեք կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է՝

1. Հորմուզի նեղուցին, որը վերահսկում են իրանցիները, և որի անվերապահ բացումն են պահանջում ամերիկացիները,

2. Իրանի միջուկային ծրագրին, որը ամերիկացիները ցանկանում են ոչ միայն փակել կամ կտրուկ սահմանափակել, այլև առգրավել Իրանում առկա մոտավորապես 400 կգ հարստացված ուրանը,

3. Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը նախապես հայտարարվել էր որպես ԱՄՆ-Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մաս, սակայն խախտվել էր իսրայելցիների կողմից։ Ուստի Իրանը պահանջում է անմիջապես ընդգրկել Լիբանանը հրադադարի շրջանակում։

Այժմ հարցն այն է, թե ի՞նչ կլինի բանակցությունների այսօրվա ձախողումից հետո՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը, թե՞ ոչ։

Համաշխարհային տնտեսությունը ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած այս պատերազմից արդեն իսկ ստացել է այնպիսի ուժգին հարված, որ մեկ-երկու շաբաթ ևս պատերազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է հայտնվել աննախադեպ դեպրեսիայի մեջ։ Գրեթե բոլոր պետությունները շահագրգռված են, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ոչ թե բավարարվի սոսկ խարխուլ հրադադարով, այլ վերջակետ դնի պատերազմական գործողություններին և որևէ համաձայնության հասնի Իրանի հետ։ Դժգոհությունն այս պատերազմից մեծ է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում սպառողական գները, հատկապես՝ վառելիքինը, զգալիորեն բարձրացել են։ Այս ամենը քաղաքականապես թանկ է նստելու Դ. Թրամփի և Հանրապետական կուսակցության վրա այս տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։

Հետևաբար, նույն թափով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, եթե միայն գլոբալիստների նպատակը համաշխարհային տնտեսության փլուզումը չէ։ Ուստի բանակցությունները կարող են շարունակվել այլ ձևաչափերով՝ մինչև կրկին ավելի բարձր մակարդակով վերսկսվելը։

Դիմանալով ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակմանը, ցավոտ հակահարվածներ հասցնելով իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին և, ամենակարևորը, ամբողջական վերահսկողություն հաստատելով Հորմուզի նեղուցի վրա՝ Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը։

Հ.Գ. Քիչ առաջ Դ. Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը։ Սակայն սա էլ մի նոր խելագար ծրագիր է, որի արդյունքում Հորմուզի նեղուցը կփակվի առավել խիստ, քան մինչ այժմ, և, ըստ այդմ, իրավիճակից ելք համարվել չի կարող։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ