ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«Սրբության աուդիտ»

«Սրբության աուդիտ»
04.08.2026 | 13:42

Եկեք ազնիվ լինենք. եթե նույնիսկ ենթադրենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ինչ-որ կերպ խախտել կուսակրոնության ուխտը, ապա Վերածննդի դարաշրջանի Հռոմի պապերի ֆոնին մեր հոգևոր առաջնորդը պարզապես անմեղ հրեշտակ է։ Հռոմի պապերը պետական բյուջեով իրենց որդիներին դուքս ու արքայազն էին դարձնում (ողջո՛ւյն Բորջիաների ընտանիքին), իսկ մեր հոգևորականները... դե, առավելագույնը մի քանի գաղտնի մոմ են վառել սիրո համար։

Բայց քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է «բարեվարքության ստուգման» (vetting) ենթարկել բոլորին ու ամեն ինչ, ապա ապագա Կաթողիկոսի ընտրությունը չի կարող վրիպել նրանց սուր աչքից։ Ուստի առաջանում է դարի գլխավոր հարցը. ինչպե՞ս է ՔՊ-ն ստուգելու ապագա Կաթողիկոսի կուսակրոնությունը։

Երևի թե հանձնաժողովը ստիպված կլինի դիմել նորարարական մեթոդների։

Օրինակ՝ անցկացնել Facebook և Instagram-ի թվային աուդիտ՝ վերլուծելով թեկնածուի վերջին 15 տարվա որոնումների պատմությունը (աստված չանի մի աշխարհիկ «լայք» գտնվի, սրբության ինդեքսն անմիջապես կընկնի 50%-ով)։

Կամ կիրառել «պուլսոմետրով և սերիալով» թեստը, որտեղ Apple Watch-ով չափելու են թեկնածուի սրտի զարկերը հայկական էստրադայի ռոմանտիկ տեսահոլովակներ նայելիս։

Չի բացառվում նաև, որ blanks.am կայքում ստիպեն լրացնել 80 էջանոց «Անձնական կյանքի հայտարարագիր»՝ պատասխանելով հարցերին, թե արդյոք երազում տեսել են իրենց դպրոցական առաջին սիրուն,:

Իսկ որպես վերջնական քննություն՝ թեկնածուն ստիպված կլինի ապացուցել, որ իր սիրտը պատկանում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ժողովրդին և Կառավարության ծրագրին, ու ուրիշ ոչ մի կնոջ համար այնտեղ ֆիզիկապես տեղ չկա։

Բայց դե, եկեք իրատես լինենք։ Այս բոլոր բարդ ու անողոք թեստերը գոյություն ունեն միայն «չհամակրող» թեկնածուների համար։ Իրականում քաղաքական մեխանիկան շատ ավելի պարզ է. եթե թեկնածուն ՔՊ-ի «ցանկալի թեկնածուն» է, ապա նրա կուսակրոնությունն ու անմեղությունը ավտոմատ կերպով հաստատված են բարձրագույն պետական մակարդակով։

Եթե նույնիսկ պարզվի, որ ապագա Կաթողիկոսն ունի նախկին կին, երեխաներ և TikTok-ում գաղտնի բլոգ, ՔՊ-ի մամուլի քարտուղարը հանդես կգա հայտարարությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, մեր թեկնածուի բոլոր նախկին հարաբերությունները եղել են բացառապես քաղաքացիական-խորհրդանշական, իսկ երեխաները... դե, նրանք պարզապես ապագա հպարտ ընտրողներ են»։

Մեկ խոսքով՝ եթե թեկնածուն յուրային է, նա ոչ միայն կուսակրոն է, այլև անմեղության այնպիսի մարմնացում, ում անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նախանձով կնայեր։

Ի դեպ, պատմական ամենամեծ հեգնանքն այն է, որ հենց Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուներ ընտանիք, իսկ նրա հարազատ որդիներն ու թոռները (Արիստակեսը, Վրթանեսը, Հուսիկը, Ներսես Մեծը, Սահակ Պարթևը) տասնյակ տարիներ ժառանգաբար ու հերթականությամբ զբաղեցրել են Կաթողիկոսական գահը։

Այնպես որ, եթե ՔՊ-ի «սրտի Կաթողիկոսը» հանկարծ ունենա կին կամ ժառանգներ, իշխանական թիմը ոչ միայն չի սասանվի, այլև հպարտությամբ կհայտարարի. «Մենք պարզապես վերադառնում ենք Լուսավորչի տոհմական, ազգային-ավանդական արմատներին»։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ