Ավարտվեց Հովհան Օձնեցու անվան Հոգևոր իրավունքի ամառային դպրոցը։ Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ իր տեսակի մեջ խիստ եզակի և ինքնատիպ դպրոցը իսկապես կայացավ` հեռանկարում խոստանալով լինել շարունակական և առավել ինստիտուցիոնալ։
Այն համախմբեց իր շուրջը բազմաթիվ ունկնդիրների և հետևորդների, որոնք արժևորում են իրավագիտության հոգևոր ընկալումը, որքան էլ այն դեռևս խորթ թվա մեր դասական պատկերացումներին։
Երբ դեռ տաս տարի առաջ այս ուղղության, նոր գիտակարգի և ի վերջո մտածողության և աշխարհայացքի մասին խոսվում էր, շատերը կասկածի տակ էին դնում ոչ միայն դրա արդիականությունը, այլ առհասարակ կենսական իրողությունը։
Բայց այսօր այն անխուսափելի է դարձել, երբ մենք բախվել ենք աներևակայելի թվացող մարտահրավերների։
Մենք հայտնվել ենք իրավունքի գերակայության մնայուն ճգնաժամի մեջ, որտեղ խզվել է օրենքի գոյաբանական կապը իր սնուցման հոգևոր ակունքի հետ։
Մենք դադարել ենք մտածել աստվածային ճշմարտության և արդարության մասին` համարելով դրանք անիրական և ցնորական։ Ուստի և վերածվել ենք Մտածող էակներից` անդեմ հոսքագծի։
Առավել քան այսօր, երբ նույն մտածողության հետևանքով խաթարվել է Ազգային եկեղեցու ինքնավարությունը և հավատացյալ անդամների հոգևոր֊ դավանական կյանքը։
Ահա այս մտորումը մեզ մղեց նախաձեռնելու Հոգևոր իրավունքի ամառային դպրոցը, որի առանցքում շեշտադրվում է նաև Հայ առաքելական եկեղեցու բացառիկ ներդրումը արդի իրավագիտության զարգացման և արդարության կոդեքսի մշակման անօրինակ գործում։ Իհարկե այդ ընթացքում մեր հարգանքն ու խոնարհումն ենք ուղղել Հոգևոր իրավունքի հայր` Հովհան Օձնեցուն` քննելով նրա գլուխգործոց Կանոնագիրք Հայոցը։
Եվ վերջում, իմ շնորհակալությունը պետք է հայտնեմ Դպրոցի բանախոսներին և ունկնդիրներին, ինչպես նաև Մայր Աթոռի միաբաններին իրենց մասնակցության, աջակցության և նվիրական ջանքերի համար։
Վահե Թորոսյան