Ուրեմն, սովորական դպրոց է, որտեղ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ստուգումներ են իրականացնում, միգուցե` խախտումներ հայտնաբերում: Մի խոսքով, տիպիկ «ժամանակակից» դպրոց: Այդօրինակ դպրոցներում ընդունված է, որ յուրաքանչյուր դասարան պետք է «ավագ» ունենա: Շատ դժվար է հասկանալ այդ «պաշտոնի» իմաստը: Ասում են, որ դասարանի աշակերտներից ընտրված «ավագն» իբր դասատուի և աշակերտների միջև կապող օղակ է: Իրականում` ըստ ճշտված տեղեկությունների, «ավագը» հանդիսանում է դասղեկի անձնական օգնականն ու հանձնակատարը: Վերջինս, օրինակ` դպրոցի կողքի խանութ է գնում, մատյանն ու տետրերն է դասարան բերում, երբեմն գրատախտակը մաքրում: Շատերը պնդում են, որ «ավագները» դասատուի համար սուրճ են պատրաստում, ինչպես նաև դասարանի անցուդարձի վերաբերյալ տեղեկություններ հաղորդում: Այդ ամենի դիմաց «ավագներին» դասղեկները «լավ աչքով են» նայում:
Վերջերս մի պատմություն պատմեցին: Աշակերտները որոշեցին «ավագին» փոխել: Քվեարկեցին: Գործող «ավագը» ազատվեց «պաշտոնից»: Նախկին «պաշտոնյան» չհամակերպվեց նոր իրավիճակի հետ: Գործին միջամտեցին վերջինիս ծնողները: Անդրկուլիսյան «բանակցություններ» կայացան: Արդյունքում` շուրջ 10-15 օր անց նախկին «ավագը» վերականգնվեց իր նախկին «պաշտոնում»: Հիշեցնեմ` «ավագը» պաշտոնից ազատվեց քվեարկությամբ, կրկին նշանակվեց` կարգադրությամբ:
Սա է պատմությունը:
Աշակերտները կմեծանան: Վստահ եմ` նրանցից շատերը կհիշեն այս պատմությունը: Ոմանք էլ կմտածեն. եթե կարելի է կեղծել, ապա ինչու՞ արդար լինել:
Կարեն Հեքիմյան