Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Հուշերի մասնատուփ

Հուշերի մասնատուփ
03.04.2026 | 12:23

Սկիզբը՝ այստեղ

(Գրող Դավիթ Մուրադյանը լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանի մասին)

Պատահում է, որ ոչ քո կամքով լույս աշխարհ ես գալիս ուղիղ դարակեսին, օրինակ՝ 1950-ին կամ 51-ին։ Ծնվել ես ու հարմար պառկել օրորոցում։ Աչքերդ նայում են առաստաղին։ Լսում ես մորդ երգը. «Կախվել է ճյուղից ճոճքը ծիտիկի...»։ Այդ մեղեդին կուղեկցի քեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Սա իդիլիան է՝ մի հովվերգական կենսահատված, իսկ դու դեռ տեղյակ չես, որ դարը աքցանի պես կսեղմի քեզ հենց երկու կողմից։ Եվ այն ի՜նչ դար։ Ներքևից Երկրորդ համաշխարհային պատերազմն է, և սերնդակիցներիդ ընտանիքներում չկա որևէ մեկը, ում այդ դարը հարվածած չլինի՝ մահեր կամ հենակների ազգական, էլ չասած հոգու մխացող վերքերը։ Իսկ ավելի ներքև 37 թիվն է։ Ձերբակալություններ, կտտանք, «ժողովրդի թշնամու» կամ «հակասովետական տարրի» խարան, աքսոր ապրանքատար վագոններով՝ ի երկրամասն Ալթայ, անշուշտ։

Իմ գերդաստանում էլ կար այդպիսի բանավոր պատմություն, բայց ի՞նչ գիտենար ծիտիկի մասին երգ վայելող մանուկը։ Կիմանա ուշ, դարերի երկկողմանի ճնշումը կզգա հասակ առնելով, երբ, ինչպես Նալբանդյանն է ասել, գիտակցությունը կհաջորդի սորան։

Իսկ ինչպիսի՞ հոգեկերտվածք է ձևավորում սա՝ ակամա հիվանդի՞։ Ո՛չ։ Բայց տալիս է կրկնակի տեսողություն, ինչպես ասում են՝ ստերեոֆոնիկ։ Սա փոքր-ինչ տարբերում է քեզ ուրիշներից։ Եթե արվեստի մարդ ես, այդ մշտական սպին օգնում է. գիրը կամ կտավդ լցվում են բազմաշերտությամբ։ Երաժշտությանդ մեջ ներթափանցում է դրամատիկ շունչ։ Ծխում ես ավելի, քան այլոք, մանավանդ երբ աչքիդ առաջ հայրդ է կամ ավագ հորեղբայրդ։

Վերջինս հումորի շտեմարան էր՝ հիմնականում սառը, մեծավ մասամբ անժպիտ։ Միայն աչքերը կարող էին աքսորավայրի սառույցների պես կայծկլտալ։ Ի վերջո, ի՛նքն էր նստել բանտ։ Նրան էին գիշերները հարցաքննել՝ մաուզերը սեղանին դրած։ Ինքն էր 42-ի ծանր թվին այլ աքսորվածների հետ քշվել ռազմաճակատ ու վերադարձել ձախ ձեռքի մատները գրեթե կորցրած, ուստի այդ ձեռքը բաճկոնի գրպանի մեջ էր միշտ։ Չէ՞ր ծիծաղում թեկուզ երբեմնակի։ Ծիծաղում էր, երբ փոքր-ինչ գինովցած պահին երգում էր. «Ա՛յնպես կծեծենք, որ հիշեք հոր հարսանիք...»։ Երևի սրտի խորքում սպասում էր այն օրվան, երբ ստալինյան մամլիչի պատասխանատուները կա՛մ կպատժվեն, կա՛մ կենթարկվեն ընդհանուր պարսավանքի։

Բայց մի՛ կարծեք, թե այսպիսի ճակատագրով մարդկանց միջավայրում մեծացածների սերունդը վախեցած էր ու խեղճ։ 60-70-ականների Երևանը լեցուն էր կյանքի խնդությամբ։ Հատկապես ուսանողությունը։ Երկնքից շաղ եկած մարգարիտների պես բազմապատկվել էին գեղեցկուհիները։ Սա էլ էր ժամանակի նշան։

Եվս մի կտոր «Դարակեսի զավակի խոստովանությունը» դեռևս անավարտ գրքից։ Երևան, նոյեմբեր 2025 թվական

«Մեր փողոցը հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում հին Հռովմից, գալիս հասնում Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր մի ակնթարթ կապույտ ծովով, ապա շարունակվում էր՝ օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս անցնում էր մեր տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը»՝ Բաղդադ»։

Խարբերդի փողոցի մասին է՝ Փոքր Հայք, Ծոփաց աշխարհ. երկրիս քաղաքակրթական բանաձևը, հայկական զարկերակը՝ անտիկ ժամանակներից մինչև 20-րդ դար, մեր ու միայն մե՛ր փողոցը, որը չի վերջանում ինքն իրենով, այլ դարեր, ժամանակներ ու մշակույթներ է կապում. մի խոսքով՝ հին հռովմեական ճանապարհ։

Սա հենց իմ «հայրական փողոցն» է, և ես ի սկզբանե բնակվում եմ այնտեղ, թեպետ երբևիցե չտեսա, բայց գիտեմ, որ Թոթովենցների թթենու ճյուղերը մեր բակի վրա էլ էին տարածվում. պարսպի երկու կողմերից ուտում-ճաշակում էինք պտուղները, մեկս մյուսին հյուր գնում, բայց՝ ծառով։ Կարող էինք դարպասով էլ գնալ, բայց դե ծառի միջով հետաքրքիր էր։

Սա էլ ավագ հորեղբորս պատմածն է՝ քսանական-երեսնականներին հանրահայտ ֆոտո-Տիրանի։ Նրանք նույն թվականին ձերբակալվեցին՝ մեր արձակի ամենամաքրազմայլ մարգարիտներից մեկի հեղինակ Վահան Թոթովենցն ու նրա պատկից հարևան Տիրանը, որ լուսանկարչություն էր սովորել ֆրանսիացի վարպետից և ում տաղավարում նկարահանվում էին Յակուլովը, Համո Բեկնազարյանը, Մախմուրովան, Շիրվանզադեն։ Բայց Թոթովենցը զոհ գնաց ստալինյան մսաղացին, իսկ Տիրանը ճակատագրի բերումով ողջ մնաց, թեպետ վերադարձավ կես մարդ դարձած։

Մեր տան սրբություններից էր այդ վիպակը։ Աչք եմ բացել՝ իմանալով, որ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վերնագրով գործը փոխարինում է կորուսյալ բնօրրան Խարբերդին։ Բայց այդ վիպակը թանկ է ոչ միայն Խարբերդի հետ հիշատակներով կապված ընտանիքների, այլև պարզապես գրականություն սիրողների համար։ Հայոց գրամշակույթի հենց այս տեսակն ու բաղադրությունն է, որ մայր մեղվի պես բան է ինձ համար։

*

Այս մարդն իր ծննդյան օրը չգիտեր։ Մայրն ասել էր, թե «Տիրանս ծնվեց սոբան դնելու օրը»։ Դե արի ու հասկացիր, թե երբ են դրել սոբան, այսինքն՝ վառարանը, Խարբերդում, 1903 թվականին։ Հավանաբար՝ նոյեմբերին։ Այո՛, սա ֆոտո-Տիրանն է, իմ ավագ հորեղբայրը, ով սովորեց ֆրանսիացի վարպետի մոտ, հետո Հայաստանում սկսեց իր աշխատանքը «Հայկինո»-ից։ Բեկնազարյանի, Հրաչյա Ներսիսյանի, Թոթովենցի, Յակուլովի, Թաթուլ Ալթունյանի և էլի այլոց հայտնի ֆոտոդիմանկարների հեղինակը։

Նա ձերբակալվեց 37-ին՝ որպես «հակասովետական էլեմենտ» ու «ժողովրդի թշնամիների ընկեր», նստեց նույն բանտախցում Մկրտիչ Արմենի հետ, հետո 42-ին ուղարկվեց ռազմաճակատ՝ որպես սակրավոր։ Վերադարձավ առանց ձախ ձեռքի մատների։ Սրտի մխիթարության համար սկսեց լիրիկական պեյզաժներ նկարել ու երբեմն վաճառել։ Իմ «Ջրհորը» պատմվածքի հերոսի նախատիպը հենց ինքն է։ Եվ ինձ մոտ ընդամենը մի գեղանկար է պահպանվել՝ մոմլաթի վրա, երբ նա մոտ 70 տարեկան էր։

Կարդացի, որ հունիսի 14-ը ստալինյան ժամանակներում բռնադատվածների օրն է։ Ու հիշեցի 30-ականներին ձերբակալված հորեղբորս, ով անցավ նաև պատերազմի միջով, որովհետև նրանց էլ էին ռազմաճակատ ուղարկում։ Իսկ հետո, կես մնացած մատների մեջ մատիտը սեղմելով, այսպիսի տեսարաններ էր նկարում դպրոցական ալբոմներիս մեջ։

Պատերազմը, որ խորհրդային ժամանակներում անվանել են Հայրենական, ինձ համար մարդիկ էին, որոնց միջավայրում անցել է մանկությունս, իսկ հետո էլի երկար տարիներ։ Նախ՝ ավագ հորեղբայրս՝ լուսանկարիչ Տիրանը, ում դատապարտել էին «հակասովետական ագիտացիա» հոդվածով։ Նա եղել է բանտում, բայց երբ սկսվել է պատերազմը, ազատել և ուղարկել են ռազմաճակատ։ Վերադարձել է երկու տարի անց՝ հաշմանդամ դարձած։ Նրա ձախ ձեռքի մատները համարյա չկային. մոտերքում արկ էր պայթել, ականջը նույնպես չէր լսում։ Այդ պատճառով էլ, երբ մեր տուն էր գալիս, վնասված ձեռքը պահում էր գրպանում, որովհետև ես վախենում էի գոյություն չունեցող մատներից, իսկ աջով տալիս էր ինձ «Սկյուռիկ» շոկոլադ։

Մյուսը գնդապետ Ամիջանյանն էր՝ մորաքրոջս ամուսինը։ Նա անցել էր ստալինգրադյան ճակատամարտի քուրայով։ Հրետանավոր էր, բայց գիտեր, թե այդ կռվում հաղթելը քանի-քանի հազարների կյանքի գնով եղավ։ Ուստի մեծ մասամբ լուռ էր։ «Ոչ թե խոսելու վախից, - ինչպես ասաց հայրս, - այլ սրտի ցավից»։ Իրոք, գնդապետը մահացավ կաթվածից՝ դեռևս չծերացած։

Այդ պատերազմում շատ հայորդիներ ընկան։ Երբեք ծով չտեսած ու լողալ չիմացող ջահել զինվորներին, որոնք լեռնային ու դաշտային գյուղերից էին, օկոպացված Ղրիմի ափ գրոհելու նպատակով առավոտ վաղ նեղուցով քայլեցրել են դեպի ցամաք։ Սկսվել է մակընթացությունը, և տղաներից շատերը ջրահեղձ են եղել՝ անգամ մեկ կրակոց չարձակած։ Բայց Թամանյան դիվիզիան հասավ Բեռլին։ Մեր ժողովրդի ծոցից ելած հերոսները, նաև մեծաթիվ գեներալները գիտեին, թե ինչի համար են ռազմի դաշտ մտել։ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր Հայոց մեծ եղեռնի օրոք ու մատը մատին չխփեց մի ամբողջ ազգի սպանդը դադարեցնելու համար։

2025 թվական, մայիսի 9

(շարունակելի)

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ