«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Օր Հիշատակի. հաշվետվության դժվարին երկու տարի

Օր Հիշատակի. հաշվետվության դժվարին երկու տարի
11.09.2026 | 14:27

Ինչ որ տարաւ Սէրն ինծմէ՝ չկորսնցուց զայն Աստուած,
Տուաւ ինձ ետ ու ըրաւ կեանքս անով միշտ բուրեան...:
Վահան Թէքէեան

Ֆելիքս Բախչինյան
(22.09.1950 - 10.09.2024)

Այո, կան անուններ, որոնք ամենուր ճառագում են, նրանց տեսակը շրջապատի համար մշտնջենական կանաչ լույս է: Նրանք իրենց կերպարով ուսուցանող, մեծ դպրոց թողնող տեսակ են։
Պատիվ և պատասխանատվություն է Ֆելիքս Բախչինյան – գրական և հասարակական գործչի մասին խոսք ասելը: «Աչքի նման պարզ ու բարդ» է եղել նրա կյանքի ուղին, իսկ ստեղծագործական մտորումները իրենց ծանրակշիռ ու խորիմաստ ընթացքներով կարծես պատասխանն են մարդկային կյանքում տեղ գտած ամենաբարդ ու հակասական հարցերին:
Հիրավի, սա յուրօրինակ հաշվետվություն է, երախտիքի ու նվիրումի խոսք ասելու օր:
Արդեն երկու տարի է, ինչ պարոն Ֆելիքս Բախչինյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն այսօր մեզ հետ են նրա թողած կարևոր դասերը, նանսենավայել ապրելու դասերը, տիտանական գրական ժառանգությունը և նրա՝ մեզ համար թանկագին ու ուղղորդող պատգամները, որոնցով առաջնորդվելու ենք հետայսու:
Բացառիկ հարուստ ժառանգություն է թողել Ֆելիքս Բախչինյան Մարդը, մտավորականը, նվիրյալ հայորդին, աշխատանքային ղեկավարը, գրական ուսուցիչը, ընտանիքի հայրը և անհանգիստ ու սիրառատ պապիկը:
Որպես Հայաստանում Ֆրիտյոֆ Նանսենի կյանքի, գիտական, մարդասիրական ու հայանպաստ գործի հանրահռչակման անմնացորդ նվիրյալ՝ անասելի մեծ է Ֆելիքս Բախչինյանի անձանձիր աշխատանքը: 2002-ին նրա հիմնած «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի (2020-ից՝ ինստիտուտ) գործունեությունը և ավելի ուշ՝ 2015-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դարձյալ պարոն Բախչինյանի ջանքերով հիմնադրված Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի գործունեությունն ու այդ տարիների նրա գրական-ստեղծագործական, հասարակական ճանապարհն ուղղակի հնարավոր չէ տարանջատել, քանի որը մեկը մյուսին այնքա՜ն ներդաշնակ էր փոխլրացնում:
Կան անուններ, որոնք ամենուր ճառագում են, նրանց տեսակը շրջապատի համար մշտնջենական կանաչ լույս է: Նրանք իրենց կերպարով ուսուցանող, մեծ դպրոց թողնող տեսակ են... Ֆելիքս Բախչինյան... Իր բնակարանի կամ աշխատավայրի աշխատասենյակների գրասեղանները, գրապահարանները, ցուցափեղկերն առավել քան խոսուն են. ցուցափեղկերի տակ կարգով ու թեմատիկ դասավորությամբ շարված գրքերը, լուսանկարները, պատվոգրերը, շքանշանները, մրցանակները, լիտվերենից, ռուսերենից, նորվեգական, լատվիական, ֆիննական, ուկրաինական, վրացական գրականությունից թարգմանություններն իրենք են պատմում այդ մասին:
Ես ցանկանում եմ խոսել որպես նրա կյանքի վերջին երկու տասնամյակների վկան ու մտովի վավերագրողը. գեղեցիկ ապրած կյանք, որը լեցուն է եղել և՛ երջանիկ ակնթարթներով, և՛ ձեռքբերումներով ու նվաճումներով, ինչպես նաև մակընթացություններով ու տեղատվություններով:
Ստեղծագործական մտորումների թեմա են դարձել նրա կյանքի հիշարժան դրվագները՝ մանկությունից մինչև երկրային կյանքի վերջին օրերը: Ֆելիքս Բախչինյանը ապրել է մեծ քաղաքներում՝ Վիլնյուս, Մոսկվա, Թբիլիսի, Բաթումի, Պոլիս... ծավալել ոչ միայն գրական, այլև հասարակական լայն գործունեություն, սակայն միշտ ձգտել է ներքին մենության՝ վայելելու Աստվածային տխրությունը: Կինոժապավենի նման համաչափ են շարժվել պարոն Բախչինյանի կյանքի իրական և ստեղծագործական ուղիները, որոնք պարզորոշ դրվագվել են իր ավելի վաղ տարիների փոքր արձակում և վերջին երկու տասնամյակներին գրված շուրջ մեկ տասնյակ վեպերում ու վիպակներում: Ահա այսպես անխոչընդոտ առաջ է ընթացել աշխարհի հեղինակավոր մրցանակներ ու օսկարներ շահած գեղարվեստական ֆիլմ հիշեցնող նրա կյանքի ընթացքը՝ ծառայելով ապրողներիս որպես կարևոր պատգամ և կենդանի օրինակ:
Պարոն Բախչինյանի հաջորդ և ցավոք վերջին հավակնոտ ծրագիրը նվիրված էր 2025-ին Ֆրիտյոֆ Նանսենի և իր հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին: Հոբելյանական տարին նա վերնագրել էր «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով», որը ներառելու էր մի շարք գրական-մշակութային ծրագրերի իրականացում՝ Նանսենի գրքերի հրատարակում, այդ թեմայով մենագրության պատրաստում, փաստավավերագրական ֆիլմի նկարահանում, համահայկական և միջազգային գիտաժողովների կազմակերպում, Նանսենի՝ հայաստանյան թեմաներով լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպում և այլն… Մենք՝ նանսենականներս Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև տարբեր ընկեր-բարեկամների, այդ թվում՝ ռուսական «Պաուլսեն» հրատարակչության օժանդակությամբ, ջանք ու եռանդ չենք խնայում հոբելյանական տարվան նվիրված նրա այս մեծ երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ:
Առաջին անգամ ամբողջական ծավալով հրատարակության ենք պատրաստում նաև Ֆելիքս Բախչինյանի կյանքի գիրքը՝ «Լիտվական պոեզիայի ասպետը» (Էդուարդաս Մեժելայտիսի բանաստեղծական աշխարհը և Հայաստանը Մեժելայտիսի պոեզիայում) իր գիտական աշխատանքը, որ առաջիկայում կհրատարակվի Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտի կողմից՝ «Ուրարտու» համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ:
Հարգելի Պարոն Բախչինյան, Ձեր կիսատ թողած գործը շարունակելու ենք հենց Ձեր դասերի շնորհիվ: Մեզ անսահման ազատություն և ստեղծագործ միտք եք թողել որպես մեծ ժառանգություն, ինչն էլ հաջողելու և նպատակներին հասնելու գրավականն է:
Անվերջ երախտապարտ ենք Ձեզ:
Այս չափազանց կարևոր ու թախծանուշ օրը առիթ է ևս մեկ անգամ խոստանալու, որ Ձեր պատգամներով ու գրական դասերով միշտ ենք առաջնորդվելու, ավարտին չհասցրած գործերը, գրական-մշակութային ծրագրերը անպայման կյանքի կոչելու: Այլ կերպ չի կարող լինել:

Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ