Չափումների տեսության մեջ և պրակտիկայում շատ տարածված է այն մեթոդը, ըստ որի, այն պարամետրերի չափումը, որը դժվար է կամ էլ անհնարին, պետք է փոխարինել այլ պարամետրերի չափումներով, որոնք հայտնի ֆունկցիոնալ կապ ունեն դժվար չափվողի հետ, որի արդյունքում էլ արդեն կարելի է գնահատել նաև խնդրո առարկա դժվար չափվող պարամետրի մեծությունը ևս։
Նույն մեթոդը օգտագործելի է նաև աշխարհաքաղաքական բնույթի գոյապայքարում՝ այս կամ այն խաղացողի իրական վիճակը որակապես կամ քանակապես պարզելու համար։
Եթե որևէ լուրջ խաղացող մոտ-մոտ է անում իր երդվյալ հակառակորդին և անընդհատ մեծ ու փոքր զիջումներ է անում նրան և փուռն է տալիս իր դաշնակիցներին ու այլ հարաբերական թույլերի, ապա նրա գործերի լավ լինելը կասկածի տակ է։
Եթե մի այլ լուրջ խաղացող էլ ուրիշներին միայն փուռն է տալիս, ապա նրա գործերը լավ են, կամ էլ իրեն թվում է, որ լավ են, դա էլ ժամանակն է ցույց տալիս, որն էլ ամեն ինչի ամենաօբյեկտիվ դատավորն է։
Իսկ եթե մեկ այլ խաղացող էլ անհրաժեշտ դեպքերում տրամաբանորեն սպասելի գործողության չի դիմում, այլ գերադասում է սպասել, թե ուրիշներն ինչ կանեն, նույնպես նրա վիճակը կողմնակի ճանապարհով չափելու միջոց է։
Որոշակի մարտավարություն է նաև գետի ափին նստած սպասելը, թե երբ հոսանքը կբերի ուրիշների կռվում զոհվածներին, մի հանգամանք, որը նույնպես չափումներ անելու հնարավորություն է տալիս։
Այն հարաբերական թույլերն էլ, որոնք իներցիայով կամ թյուրիմացորեն իրենց գլխից մեծ գործ են բռնում, անգիտակցաբար խաղում են գոյաբանական շատ լուրջ ռիսկերի հետ և նույնպես օբյեկտիվորեն չափվելու կարիք ունեն (ականջդ կանչի ԵՄ ու մեր մասին չեմ էլ խոսում)։
Ներկա քաոսային աշխարհաքաղաքական վիճակում ամենամեծ ռիսկերի աղբյուրը միմյանց ու սեփական հզորության իսկական չափերը չիմանալն է, որը բերում է մասշտաբային ու չարդարացված ուժային քայլերի ու անսպասելի ռիսկերի։
Այստեղից էլ տարբեր ուժի տեր մարդկային համակարգերի իրական հզորությունների ճշգրիտ չափումների ու գնահատումների կրիտիկական նշանակություն ունեցող կարիքը։
Ի դեպ, այդ չափումների ու գնահատումների ժամանակ չպետք է մոռանալ նաև անբացահայտ հզորությունների առկայությունը, որոնք էլ հետհաշվարկով կարող են գնահատվել։
Պավել Բարսեղյան