Օտարության սառը ձեռքը՝
Իր դաժան բարևով
Շուտով կսեղմի իմ ձեռքը՝
Անողորմ մի ձևով:
Հետո կնայի աչքերիս՝
Կհանի իր շքեղ մորթը,
Եվ գայլի իր ժանիքներով
Կհափռի կոկորդս:
Ինձ չի լսի, ինձ չի խղճա՝
Էլ չի թողնի երբեք,
ՈՒ չի լինի՝ գոնե նայի
Խեղդվող դեմքիս՝
Ինձ կարեկցող մի դեմք:
Օտարության սառը ձեռքը՝
Իր դաժան բարևով,
Չարախնդում է ինձ հեռվից՝
Սիրտս ճզմում է ահերով:
Նա սպասում է արդեն ինձ,
Եվ ժանիքն է ժպտում՝
Որպես հեռավոր իմ դահիճ՝
Նայում է ու չարախնդում:
Չուից առաջ հարյուր գրամ՝
Լցնեմ օղի խմեմ,
ՈՒ երանի Երրորդ մասում
Մի տեղ ընկնեմ մեռնեմ:
ՈՒ վրայից հարյուր գրամ՝
Լցնեմ նորից խմեմ...
Ախ, երանի Երրորդ մասի
Փողոցներում մեռնեմ...
2015. Երևան-Լոս Անջելես
Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ