Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ինքնակործանման անատոմիան. որտե՞ղ են թաքնված հայոց ներկա արհավիրքի արմատները

Ինքնակործանման անատոմիան. որտե՞ղ են թաքնված հայոց ներկա արհավիրքի արմատները
08.10.2026 | 17:47

Որտե՞ղ պետք է փնտրել ինքներս մեզ ինքնատառապանքների, ինքնամեկուսացման ու ինքնաոչնչացման մատնելու սոցիալ-հոգեբանական արմատները...
Ինքներս մեր հետևից ենք ընկել. մեզ համար չեղած տեղից, անհարկի ու անիմաստ խնդիրներ ենք ստեղծում, խրվում դրանց մեջ և անհասկանալիորեն ենթարկում ինքներս մեզ դաժան ու անիմաստ փորձությունների, տառապանքների: Հետո՝ ահռելի մարդկային, բարոյական ու տարածքային կորուստներ ու վնասներ կրելուց, մեր բարեկամների հետ հարաբերությունները փչացնելուց, մեր պետության սուբյեկտայնությունը, ազգային արժանապատվությունն ու միջազգային հեղինակությունը որոշակիորեն կորցնելուց հետո, մեծ ու աննպատակ ջանքեր ենք գործադրում այդ խնդիրները հաղթահարելու ու կորցրածը վերականգնելու համար։ Եվ ինչպես Թումանյանը կասեր. «Մխիթարվում ենք նրանով, որ անկեղծ ու ազնիվ են մեր տառապանքները»։
Մեր՝ հայերիս օրինակն անհայտ ու բացառիկ է պատմության մեջ. երբ ազգի պահվածքը ոչ մի տրամաբանության ու օրինաչափության չի ենթարկվում, երբ ազգը ցանկանում է իր աչքը կույր տեսնել և ինքն իր շահերի դեմ է գործում: Իսկ նրա իշխանություններն էլ ոչ միայն սեփական ավանդական թշնամիների, այլ նաև իր բարեկամների և դաշնակիցների թշնամիների շահն են բացահայտ սպասարկում։ Ազգի մի մեծ հատված էլ պաշտպանում է իշխանությունների վարած այդ անհեթեթ քաղաքականությունը։
• Անհասկանալիորեն չենք գիտակցում, ինչպես ժողովուրդն է ասում՝ մեր խերն ու շառը, չենք տարբերում լավը վատից և առաջնորդվում ենք «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։
• Չգիտես ինչու՝ տանել չենք կարողանում լավերին, տաղանդներին, ուժեղներին և պաշտում ենք գորշությունն ու միջակությունը, պատիվներ ենք շնորհում անարժաններին: Մինչդեռ մենք բոլորս մեր տաղանդների ու գործարարների ստեղծագործական մտքի արգասիքն ենք վայելում. այդ նրանք են մեզ ներկայացնում աշխարհին, հետաքրքիր մտքեր ու գաղափարներ գեներացնում և ապահովում երկրի զարգացումն ու առաջընթացը։ Իմաստուն-նվիրյալների փոխարեն էլ իշխանության ենք բերում ապաշնորհներին, պարտվածներին, փողոցին։ Կարծես մեր նման ժողովուրդների համար է ոչ պատահականորեն հին հույն փիլիսոփա Անտիսֆենն ասել. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն տարբերում հիմարներից»։
• Թե՛ ներսում, թե՛ դրսում մշտապես մեզ խաբում են մեր անշրջահայացության պատճառով։ Հավատում ենք ու խաբվում, խաբվում ենք ու նորից հավատում։
• Մեր անհաջողություններն ու դժբախտություններն ուրիշների մեջ ենք որոնում, օտար ափերում ենք փնտրում մեր երջանկությունը։
• Բարեկամին, դաշնակցին, մեր գոյության ու անվտանգության երաշխավորներին, մեր երկրում ազգային-պետական անկեղծ շահեր ունեցողներին՝ Ռուսաստանին ու Իրանին, որոնց հետ ունենք պատմական, բարեկամական, անվտանգային, տնտեսական, արժեհամակարգային, էթնիկական, մշակութային ու աշխարհաքաղաքական շահերի ընդհանրություններ, վանում ենք մեզանից՝ լավ իմանալով, թե ինչպիսի կործանարար հետևանքներ կունենա դա մեզ համար։
• Փոխարենը՝ բարեկամ ենք կարգում և խաղաղություն ու անվտանգություն ենք որոնում մեր դարավոր թշնամիների մոտ. այնտեղ, որտեղ մեզ տանել չեն կարողանում, որոնք ի ծնե կոչված չեն որևէ մեկի հետ խաղաղ գոյակցելու, որտեղ բազմիցս ցեղասպանել են մեր ու այլ ազգերի՝ հույների ու քրդերի նախնիներին: Այնտեղ, որտեղ մեզանից՝ հայերից ու հույներից շատերը ծպտյալի կարգավիճակով են ապրում իրենց իսկ երկրում, որտեղ պետական մակարդակով ատելության քարոզ են տանում մեր ազգի նկատմամբ, որտեղ ճանաչում են միայն մեկ ազգի՝ թուրքի ազգային պատկանելությունը: Այնտեղ, որտեղ ոչ մեկի հետ անկեղծ չեն և բոլոր հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն, և որտեղ պետության ռազմավարության մակարդակով ծրագրված է հայի բնաջնջումն ու հայոց պետականության կործանումը։
• Արժանապատվության, պետականության, հայրենիքի ու անկախության փոխարեն ընտրում ենք նյութը, շահը, փառքը, բնազդային էժանագին վայելքները։
• Սեփական բարձր ազգային արժեքներն ու ավանդույթները դավանելու փոխարեն ընտրում և պաշտում ենք օտար, կեղծ, երկակի ստանդարտներ պարունակող և այլասերված արժեքները։
• Այն գլոբալիստական Արևմուտքի հետ ենք անհասկանալիորեն առաջընթացի ու անվտանգության հույսեր կապում, որտեղ հայերի և ընդհանրապես մարդկության համար երբևէ նպաստավոր որոշում չի կայացվել, որտեղից հրահրվել են համաշխարհային և բազմաթիվ այլ պատերազմներ, գունավոր հեղափոխություններ, ստրկացվել ու շահագործվել են շատ ազգեր ու ժողովուրդներ։ Այնտեղ, որտեղ մեկ դար առաջ ծրագրվեց Հայոց ցեղասպանությունը, որոնց կողմից 2022 թ. հոկտեմբերին Պրահայում հանձնվեց Արցախը, իսկ 2025 թ. օգոստոսին էլ Վաշինգտոնում արցախցիների ցեղասպանմամբ, հայրենազրկմամբ ու պատերազմի սպառնալիքով մեզ պարտադրվեց նվաստացուցիչ, ոչինչ չարժեցող և միջազգային ոչ մի երաշխիք չունեցող «խաղաղության պայմանագիր» կոչվող թղթի կտորը։
• Բովանդակության փոխարեն ընտրում ենք ձևը, պոպուլիզմը, իրական արժեքների փոխարեն՝ կեղծ արժեքները, ինչը չկայացած ժողովրդի հատկանիշ է։
• Չենք սթափվում նվաստացումից, համերաշխ ապրում ենք պարտության ու կորուստների հետ. պայքարելու և ըմբոստության փոխարեն ընտրում ենք նվաստացումը, ստրկամտությունը, հպատակությունն ու հանդուրժողականությունը։
• Գիտելիքի փոխարեն ընտրում ենք տգիտությունը, միասնության ու համերաշխության փոխարեն՝ պառակտվածությունը, բարյացակամության փոխարեն՝ նախանձն ու չարությունը, սիրո փոխարեն՝ ատելությունը։
• Հերոս-նվիրյալներին, մեր բարերարներին, իմաստուններին չենք գնահատում ըստ արժանվույն. հանդուրժում և դեռ նույնիսկ մեծարում ենք ազգն ուրացողներին, դավաճաններին ու մատնիչներին։
Այս ամենի, այս այլասերման արմատներն էլ, ըստ իս, տանում են պատմության խորքերը, երբ հարյուրամյակներ շարունակ ապրելով օտարների կրոնների, կառավարիչների ու պետությունների տիրապետության տակ՝ հալածվել, բռնաբարվել, կեղեքվել ենք, ինչի արդյունքում այլասերվել է մեր բարոյականությունը, հեռացել ենք մեր ազնվական արմատներից։ Ինչպես Թումանյանը կասեր. «Հազար տարի չկարողանալով վրեժ լուծել՝ չարացել ու դառնացել ենք»։
Կեղեքման ու հալածման արդյունքում, դառնանալով ու չարանալով, դարձել ենք փոքրոգի, նախանձ և խեղճ։ Նախանձը, խեղճությունն ու չարությունն էլ ծնում են վրեժխնդրության զգացում-պահանջ։ Իսկ երբ ազգը խեղճացած, անճար ու թուլացած է լինում՝ չկարողանալով ուրիշներից վրեժ լուծել, յուրայիններից է վրեժ լուծում. ինչպես օրինակ՝ խեղճ տղամարդիկ, դրսում չկայացած լինելով, ընտանիքի անդամների վրա են ինքնահաստատվում, նրանց վրա են իշխանություն բանեցնում ու ճնշում։
«Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Է, սպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ — մի ժողովուրդ թանկ ու համակրելի... Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»,- գրել է հայ մեծ հանճարը՝ Հովհաննես Թումանյանը:
Իսկ ինքնասպանության գնում են թույլերը, խեղճերը, անճարները, պայքարելու անընդունակները, որոնք փրկության այլ ելք չեն տեսնում, քան այդ ծայրահեղ միջոցը։ Այս վիճակից դուրս գալու միակ ելքն ազգային մարդկանց, իմաստուն-նվիրյալների ու ազնվական ծագում ու ոգի ունեցողների իշխանությունն է, անկեղծ հավատն ու մեր ազնվական արմատներին վերադառնալը, հայի մեջ երբեմնի պայքարի ոգու վերականգնումը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ