Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Մի պատմություն, որ բառերից դուրս էր

Մի պատմություն, որ բառերից դուրս էր
28.06.2026 | 11:20

Այսօր լսում էի Շարոն Սթոունի -Sharon Stone-ի հարցազրույցը Անդերսոն Կուպերի -Anderson Cooper-ի հետ։ Մի պահ եղավ, որ այլևս չէի կարողանում պարզապես լսել։ Սիրտս կտոր-կտոր էր լինում։

Նա պատմում էր իր մոր մասին։

Ասում էր՝ մայրս գրեթե երբեք չէր գովում ինձ։ Ջերմ խոսքերն այնքան խնայված էին, որ ես ամբողջ կյանքում կարծես սպասում էի դրանց։

Այս պատմության մեղմ մասն էր սկիզբը։

Նրա մայրը դեռ ինը տարեկան էր, երբ ենթարկվել էր դաժան բռնությունների։ Նրան հեռացրել էին ընտանիքից և տվել ուրիշների տուն, որտեղ նա ոչ թե երեխա էր, այլ գրեթե ծառա։ Նրա մանկությունը երբեք մանկություն չէր եղել։ Այդ վերքը նա տարել էր իր հետ ամբողջ կյանքում։

Երբ մայրը մահվան շեմին էր, Շարոնը նրա կողքին էր։ Նա սպասում էր մի բանի… Գուցե վերջապես լսեր այն խոսքերը, որոնց սպասել էր ամբողջ կյանքում՝ «սիրում եմ քեզ», «հպարտ եմ քեզնով», «ներիր»…

Բայց այդ խոսքերը չհնչեցին։

Փոխարենը մայրը միայն վախենում էր մահանալուց։ Վախենում էր, որ մյուս աշխարհում նորից կհանդիպի իր ծնողներին։ Պատկերացնո՞ւմ եք… Մարդն արդեն կյանքի վերջում է, բայց դեռ մանկության վախի մեջ է ապրում։

Որպեսզի մայրը կարողանա խաղաղ հեռանալ, Շարոնը ստիպված խաբեց նրան։ Ասաց. «Քո հայրն արդեն բանտում է, մայրդ՝ հոգեբուժարանում։ Նրանք քեզ չեն սպասում»։

Ինը տարեկան աղջիկը մեռավ ութսուն տարեկան կնոջ մարմնում։ Մանկության վախը չունի տարիք։ Եթե այն չանվանենք, չսգանք, չբուժենք, նա մնում է ողջ՝ ու խոսում է մեր փոխարեն։ Լռությամբ, սառնությամբ, չասված «սիրում եմ»-ներով։

Հետո Շարոնը հասկացել էր մի ճշմարտություն, որը խորապես հուզեց նաև ինձ.

«Մայրս չէր կարողանում հոգին ավանդել։ Ես այնպես էի նրան բռնել ու բաց չէի թողնում։ Սպասում էի այն խոսքերին, որոնք այդպես էլ չէին գալու»։

Նա դուրս եկավ սենյակից։ Շատ չանցած՝ մայրը մահացավ։

Այս պատմությունը ինձ հուզեց ոչ այն պատճառով, որ այն իմ պատմությունն է։ Չէ՛։ Բայց կան պատմություններ, որոնք դիպչում են մարդու հոգու այն հատվածներին, որոնց մասին նույնիսկ ինքը չի խոսում։

Որովհետև չբուժված վերքերը չեն մնում անցյալում։ Եթե չեն բուժվում, աննկատ փոխանցվում են հաջորդ սերնդին։ Լռության տեսքով։ Խնայված գովասանքի տեսքով։ Չգրկելու տեսքով։

Ու գուցե ամենամեծ հաղթանակը ոչ թե անցյալը փոխելն է, այլ այդ շղթան կոտրելը։ Ասել այն խոսքերը, որոնք երբեք չեն ասել քեզ։ Սիրել այնպես, ինչպես դու էիր երազում, որ քեզ սիրեին։

Անուն տալ վախին, որ նա կորցնի իր իշխանությունը։

Ու ես մնացի այնտեղ՝ չասված բառերի եզրին։

Երբեմն մենք չենք բուժում անցյալը․ մենք պարզապես փոխանցում ենք այն։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 203

Մեկնաբանություններ