Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Տերը», «ծառան» և ժողովուրդը

«Տերը», «ծառան» և ժողովուրդը
06.07.2026 | 15:17

Պապայի փողերով ու ախրանայով վեր-վեր թռչող լակոտներ կան, է՞, որ նապաստակի սիրտ ունեն, բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե առյուծին հենց նոր մեջտեղից ճղեցին:

Հիմա էս աքլորացած քպական խորոզներն են. թուրք պապաները կանգնած են մեջքներին, էլ բերանները փակել չի լինում:

Անհեթեթությունը հասել է այնտեղ, որ փողոցային խոսելաձևն ու վարվելակերպը հիմնավորապես յուրացրած երեկվա դեղնակտուց պաշտոնյաներն այսօր լեզվի ու պարկեշտության սահմաններ են գծում, սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր «խախտել» են այդ սահմանները:

«Բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել, հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները՝ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը»։

Այս «սարսափազդու» սպառնալիքի հեղինակը դեռևս Ազգային ժողովի նախագահ չընտրված Ռուբեն Ռուբինյանն է կամ Քըլըչի Ռուբենը, ինչպես կնքել է սրան լեզվի տակ ոսկոր չունեցող ֆեյսբուքյան ընդդիմությունը: Պատկերացնում եմ՝ ինչ «սահմռկեցուցիչ» նրբերանգներ կգումարվեն սրա «առանձնահատուկ ոգևորությանը», երբ դառնա Ազգային ժողովի նախագահ, ընդդիմությունն էլ ոտք դնի խորհրդարան:

Առայժմ սպառնում է ընդամենը «ոչնչացնել»:

«Մինչև վերջին մարդը»:

Ընդ որում, ոչ միայն քաղաքական ընդդիմությանը «ոչնչացնել», այլև ընդդիմանալ-դիմադրել-հակազդել փորձող հանրության ակտիվ հատվածին ևս:

Սա, փաստորեն, խորհրդարանական երկրի խորհրդարանական մեծամասնության ճանապարհային քարտեզն է, որով անարգել շարժվել են անցած ութ տարիներին և շարունակելու են առաջ ընթանալ, եթե արգելակներ չդրվեն այդ ճանապարհին: Ոչ թե հռետորական, ճարտասանական խոչընդոտներ, որոնց պակասը չկար նաև նախորդ խորհրդարանում, այլ գործուն թակարդներ, որ կամ զգուշորեն պիտի շրջանցեն «ոտավորված» քպականները, կամ «ոտքը ջարդեն»՝ հայտնվելով դրանց ծուղակում:

Կզորի՞ ընդդիմությունն այս դժվարին գործում՝ արդարացված կլինի նրա մուտքը խորհրդարան, չի՞ զորի՝ մեղքն իրենց վիզը, ինչպես ասում են: Ժողովուրդն է ասում, ես չէ:

Այն նույն ժողովուրդը, որ խորհրդարան մտնելու մանդատ է տվել ընդդիմությանը և հիմա լիարժեք իրավունք ունի պահանջելու.

«Տե՞ր ես կանգնել մանդատիդ, տեր եղիր, ուրեմն, ոչ թե օտար տիրոջ ծառայի օրակարգով շարժվող սպասյակ: Ես էլ տեսնեմ, թե ինչ եմ անում բերնեբերան լցված համբերությանս բաժակի հետ: Վերջին կաթիլին եմ սպասում: Հետո ինձնից նեղանալ չլինի: Չեմ նայելու՝ ով ինչ կարգավիճակով է իմ տունը քանդում՝ տիրո՞ջ, թե՛ ծառայի: Ե՛ս եմ տեր կանգնելու իմ տանը»:

Ժողովուրդն է ասում: Ես չէ:

Արժե ականջ դնել ժողովրդի ձայնին, անկախ նրանից, «տիրո՞ջ» ականջներ ունես, թե՞ «ծառայի»:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 19422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ