«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Տարածաշրջանային կապուղիները չպետք է դառնան մեկ կամ երկու պետության բացառիկ ազդեցության ու վերահսկողության գործիք

Տարածաշրջանային կապուղիները չպետք է դառնան մեկ կամ երկու պետության բացառիկ ազդեցության ու վերահսկողության գործիք
14.10.2026 | 11:25

Հոկտեմբերի 29-30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում են տնտեսական շահերը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը: Այսինքն՝ Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա երթուղին։

Արցախի ադրբեջանական օկուպացիայից հետո Թուրքիան արդեն մի քանի տարի է՝ հետևողականորեն զարգացնում է թյուրքական պետությունների միջև լոգիստիկ կապակցվածությունը։ Ստամբուլն արդեն դարձել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի համար ավիացիոն հանգույց, իսկ Եվրոպա հասնելու ամենահարմար ուղիներից մեկն անցնում է Թուրքիայի տարածքով։

Այս տրամաբանության շրջանակում Թուրքիան ԹՊԿ-ն դիտարկում է որպես յուրօրինակ աշխարհաքաղաքական կարկաս, որը միաժամանակ նախատեսված է՝

ա) Չինաստանի համար դեպի Եվրոպա հասնելու երթուղային այլընտրանքային նախագիծ,

բ) Եվրամիության համար՝ Ռուսաստանի տարածքը շրջանցող տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացում։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնի վրա, հարվածի տակ հայտնվեց նաև Չինաստանն ու Եվրոպան կապող «Հյուսիսային միջանցքը»։

«Միջին միջանցքի» ամբողջական գործարկման շահագրգիռ կողմերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, և ներդրումներ ներգրավել: Անկարայի և Բաքվի ընդհանուր մտահղացումն է ստեղծել Չինաստանից Եվրոպա ձգվող անխոչընդոտ, բազմամոդալ «թյուրքական միջանցք»՝ ցամաքային և կասպյան երթուղիների համադրմամբ, այդ թվում նաև Սյունիքի երթուղու (TRiPP) ներգրավմամբ։ Հատկապես, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար կոմունիկացիաներն ու էներգետիկան ընկած են արտաքին քաղաքականության հիմքում, հետևաբար՝ նաև հանդիսանում են ազդեցության հիմնական գործիքներ։

Միջազգային հաղորակցության ուղիների և տարածաշրջանային նախագծերի զարգացման հարցերում Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները պետք է լինեն՝

1. Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում Հայաստանի անմիջական ներգրավման ապահովումը։

2. Տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ենթակառուցվածքների զարգացումը։

3. «Հյուսիս-հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղություններով հաղորդակցությունների դիվերսիֆիկացումը՝ ռազմավարական գերակայությունը տալով «Հյուսիս-Հարավ» նախագծին:

4. Տարանցիկ նախագծերի շրջանակում Հայաստանի ինքնիշխանության և բացարձակ իրավազորության պահպանումը։

5. Բազմակողմանի ներդրումային և մրցակցային միջավայրի ձևավորումը, որպեսզի տարածաշրջանային կապուղիները չդառնան մեկ կամ երկու պետության բացառիկ ազդեցության ու վերահսկողության գործիք։

6. Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, Իրանի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ տնտեսական կապերի հավասարակշռված զարգացումը։

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ