Հասկանալ է պետք, որ կյանքի կողմից տարբեր գոյաբանական պայմաններում գտնվող մարդկանց ու նրանց առաջնորդների առաջ դրվող խնդիրները տարբեր են։
Եթե մարդիկ չեն կարողանում լուծել իրենց գոյության հետ կապված խնդիրները, ապա նրանց նպատակը առժամանակ պետք է սահմանափակվի կյանքի պահպանման հետ առնչվող հրատապ հարցերը լուծելով։
Իսկ եթե գոյության պահպանման հարցերը արդեն լուծված են, ապա մարդիկ կարող են մտածել մի քիչ ավելի լավ ապրելու մասին։
Այլ է մարդկանց առաջ դրվող խնդիրը, եթե նրանք արդեն ունեն անվտանգ ու բավարար կյանքի որակ, որն էլ արդեն բարգավաճ կյանք ունենալու մասին մտածելն է։
Նշված բոլոր երեք դեպքերում էլ մի վիճակից մյուսին անցումը կատարվում է աստիճանաբար և, առաջին հերթին, կյանքի տվյալ մակարդակի համար ամենակարևոր խնդիրները լուծելով, որի համար էլ պետք են համապատասխան հատկություններով մենեջերներ, կառավարիչներ կամ առաջնորդներ։
Դա նաև նշանակում է, որ նշված տարբեր դեպքերում առաջնորդների որակները պետք է համապատասխանեն երկրի ու մարդկանց առաջ դրված խնդիրների բուն էությանը, իհարկե, հաշվի առնելով նաև մենթալիտետային իրավիճակը։
Մենք գնում ենք ընտրության, որը միարժեքորեն մեզ համար ունի գոյաբանական իմաստ, և նման իրավիճակում իրատեսական մոտեցումն ասում է, որ հասանելի նաղդը թողած, անհասանելի ու կասկածելի լուծումների հետևից չպետք է ընկնել։
Մեր իսկ ընտրությունից կախված՝ մեզ համար բացվում են դեպի ապագան տանող մի քանի ճանապարհներ, և պետք է դրանցից ընտրել այն, որը մեր գոյության համար մինիմալ ռիսկեր է պարունակում։
Հետո էլ բանը բան ցույց կտա։
Բոլոր դեպքերում, երկնքում թռչող ու հազիվ նշմարվող հավքերի հետևից աչքերը վերև տնկած վազելով կարելի է նաև չնկատած փոսն ընկնել, մի բան որի փորձը մենք բազմիցս ունեցել ենք։
Իրատես պետք է լինել կամ էլ, դրա անհնարինության դեպքում, պետք է կարողանալ փեշի քարը թափել ու քիչ հանդիպող իրատեսներին լսել։
Պավել Բարսեղյան