ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իշխանությունը տարիներ շարունակ տնտեսությունը թողել է մեկ շուկայից կախվածության մեջ

Իշխանությունը տարիներ շարունակ տնտեսությունը թողել է մեկ շուկայից կախվածության մեջ
23.07.2026 | 19:43

Հայկական ձկնամթերքի համար ռուսական շուկան փակվեց երկու փուլով։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» փաստացի դադարեցրեց հայկական ընկերությունների կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը՝ բացառություն թողնելով երկու ընկերության համար՝ ուժեղացված լաբորատոր վերահսկողությամբ։ Հունիսի 26-ին կասեցվեց նաև «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերությունների արտադրանքի հավաստագրումը։

Այսպիսով՝ ռուսական շուկան փակվեց հայկական բոլոր ձկնարտադրողների առջև։

Դեռ հունիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում էր, որ կառավարության նպատակը ռուսական արտահանումը եվրոպական ուղղությամբ տեղափոխելը չէ՝ հույս հայտնելով, որ ռուսական շուկան կվերաբացվի։ Իսկ հուլիսի 20-ին նա արդեն հայտարարեց, թե Հայաստանը «առաջին անգամ» ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն է ստացել, և որ «բոլոր անհրաժեշտ թույլտվություններն առկա են»։

Այս հայտարարությունները, մեղմ ասած, վիճահարույց են։

Նախ՝ ԵՄ թույլտվությունը նոր չէ։ Հայաստանը դեռևս 2025 թվականի մարտի 16-ից՝ ԵՄ 2025/354 կանոնակարգով, թեփուկավոր ձուկ, խավիար և ձկնկիթ ԵՄ արտահանելու թույլտվություն էր ստացել։ Իսկ 2026 թվականի հուլիսյան որոշմամբ կառավարությունն ընդամենը հաստատեց տնտեսավարողների՝ TRACES համակարգում գրանցման, գրանցումը կասեցնելու և առողջության վկայական տրամադրելու ներպետական ընթացակարգերը՝ ինքն էլ արձանագրելով, որ երկրի թույլտվությունն առկա էր դեռ 2025 թվականի մարտից։

Երկրորդ՝ «բոլոր թույլտվություններն առկա են» ձևակերպումը չի նշանակում, որ որևէ ընկերություն արդեն կարող է ապրանք արտահանել ԵՄ։ Դրա համար անհրաժեշտ են տնտեսավարողի աուդիտ, ընդգրկում TRACES-ի պաշտոնական ցանկում, խմբաքանակի առողջության վկայական, հետագծելիության ամբողջական համակարգ, համապատասխան լաբորատոր արդյունքներ, ԵՄ ներմուծող, առևտրային պայմանագիր և սահմանային վերահսկողության անցում։

Ավելին՝ այս պահին ԵՄ պաշտոնական TRACES ցանկում Հայաստանից գրանցված են միայն հինգ ընկերություններ, որոնց՝ դեռևս 2019 թվականին ստացած թույլտվությունները վերաբերում են վայրի խեցգետնին։ Թեփուկավոր ձկան, իշխանի կամ թառափի որևէ նոր արտահանող այդ ցանկում դեռևս ընդգրկված չէ։

Մինչդեռ կառավարության նիստում Պապոյանը հայտարարեց, որ հինգ ընկերություն արդեն բավարարում է ԵՄ բարձր չափանիշները։

Այնուամենայնիվ, կարո՞ղ է ԵՄ շուկան փոխարինել ռուսականին։ Միջնաժամկետ հեռանկարում՝ մասամբ, կարճաժամկետում՝ ոչ։

Ձկնաբույծների միության տվյալներով՝ ռուսական շուկա արտահանվող արտադրանքի տարեկան ծավալը տարիների ընթացքում շուրջ 60 տոննայից հասել է մոտ 13 հազար տոննայի, իսկ հայկական տնտեսություններում այժմ կարող է կուտակված լինել շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ։

ԵՄ-ն մեծ, բայց խիստ մրցակցային շուկա է և միաժամանակ՝ ձկան խոշոր արտադրող։ EUMOFA-ի տվյալներով՝ 2023 թվականին ԵՄ-ում արտադրվել է շուրջ 171 հազար տոննա իշխան, իսկ արտաքին հիմնական մատակարարների թվում Թուրքիան և Նորվեգիան վաղուց հաստատուն դիրքեր ունեն։ Իշխանը ԵՄ-ում սպառման ծավալով ընդամենը 13-րդն է ձկնատեսակների շարքում։

Հայկական արտադրողին եվրոպական շուկայում սպասում են հայկական ծագման ու ապրանքանիշերի ցածր ճանաչելիությունը, թուրքական և եվրոպական արտադրողների հետ գնային մրցակցությունը, վերամշակման, սառեցման ու փաթեթավորման լրացուցիչ ծախսերը, ներմուծողների և մանրածախ ցանցերի հետ պայմանագրերի բացակայությունը, Հայաստանի ցամաքային փակ աշխարհագրությամբ պայմանավորված երկար ու թանկ փոխադրումը, տարանցիկ երկրներում կապարակնքման ու հետագծելիության խնդիրները, ինչպես նաև շրջանառու միջոցների և պահեստավորման կարողությունների սղությունը։

ԵՄ ուղղությամբ առավել իրատեսական են ոչ թե կենդանի ձկան մատակարարումները, այլ սառեցված և փորոտազերծված իշխանի, ֆիլեի, ապխտած կամ այլ կերպ վերամշակված արտադրանքի, խավիարի, ձկնկիթի և փոքրածավալ բարձրարժեք արտադրանքի արտահանումը։ Առաջին փուլում դրանք կարող են լինել միայն փորձնական և նիշային մատակարարումներ։ Ռուսական շուկայի՝ տարիներով ձևավորված ծավալները դրանցով մի քանի ամսում փոխարինել հնարավոր չէ։

Այստեղ խնդիրն այլևս միայն ռուսական սահմանափակումը չէ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը տարիներ շարունակ տնտեսությունը թողել է մեկ շուկայից կախվածության մեջ, իսկ ճգնաժամի պահին երկրի մակարդակով ավելի քան մեկ տարի առաջ ստացված թույլտվությունն ու ուշացումով հաստատված վարչական ընթացակարգը փորձում է վաճառել որպես պատրաստի եվրոպական այլընտրանք։

Տգետ և ապիկար կառավարումը հենց սա է՝ չդիվերսիֆիկացնել շուկաները, թղթային ընթացակարգը ներկայացնել որպես տնտեսական ձեռքբերում, թույլտվությունը շփոթել արտահանման իրական կարողության հետ, իսկ սեփական ուշացման ու մասնագիտական անիրազեկության գինը բարդել հազարավոր տոննա չիրացված արտադրանքի խնդրի առջև կանգնած տնտեսավարողների վրա։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 156

Մեկնաբանություններ