Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գալիս է Մինասը ու շոգը գունավոր երգ է դարձնում

Գալիս է Մինասը ու շոգը գունավոր երգ է դարձնում
20.07.2026 | 19:01

Մարդիկ ասում են, որ գույնն առարկայի արտաքին հատկանիշ ա։ Գիտնականներն ավելի հեռուն են գնում ու պնդում են, որ առարկան ընդհանրապես գույն կոչվող հատկանիշ չունի, պարզապես՝ իր վրա ընկած լույսի սպեկտրի էն երանգները, որոնք չի կարողանում կլանել, արտացոլում ա՝ որպես գույն։ Այսինքն՝ գույնը լույսի էն երանգն ա, որն առարկայի օրգանիզմը մերժում ա՝ ալերգիայի նման։ Պատկերացնում ե՞ք, մարդն ալերգիա ունենա ձվի նկատմամբ, ու դրա պատճառով՝ ձվաձև դառնա։ Էս գիտնականներին ինչ ասես՝ կհնարեն։

Բայց հետո գալիս ա Մինասը ու ցաքուցրիվ ա անում էդ բոլոր գիտական տեսությունները։ Նա ապացուցում ա, որ գույնը ներքին հատկանիշ ա, գույնը սարի տրամադրությունն ա, որ կարող ա րոպեն մեկ փոխվել, գույնը երկնքի ջերմաստիճանն ա, որ կարող ա ցրտից կապտել կամ շոգից բոցավառվել արևի բոլոր երանգներով, նա գույն ա հագցնում աղջիկներին, ու ամեն մեկը մի չքնաղ փերի ա դառնում, հողից հանում ա ապագա ծիրանի ու կեռասի գույնը, շոգը գունավոր երգ ա դարձնում, ստվերը դարձնում ա արևից փախուստ տված մի կտոր գիշեր, ու էդ բոլորը սվաղում ա սիրո հաստ, երփներանգ շերտով, որը քարացած երգի նման կախվում ա օդում։

Էսօր Մինասի տարեդարձն ա՝ մեր Մինասի, մեծ, հզոր Մինասի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ