Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Նամակ հայ բարեկամներին

Նամակ հայ բարեկամներին
18.04.2026 | 10:43

Ֆրից Զիգրիստ-Հիլթի

Վերդենբերգ, Բուքս, Փետրվար, 1953

Հա՛յ բարեկամներ,

Ես ձեզ տեսել եմ հանգիստ ու խաղաղ օրերին, ձեր երջանկության օրերին։ Հիացել եմ ձեր աշխատունակությամբ եւ ձեզ արժանի համարել այն դիրքին, որին դուք հասել էիք ջանասիրությամբ ու ձեռնհասությամբ։ Ձեր մաքրափայլ տնակներն ու պարտեզները, խնամված արտերն ու խաղողի այգիները վկան էին ձեր անխոնջ գործունեության, իսկ ձեր խանութներից ու բնակատեղիներից լսվող հնչյունները ձեր բարեկեցության կրկնակի հաստատումն էին։

Սակայն ես տեսել եմ նաեւ ձեր տառապանքի ու նվաստացման օրերը։

Այն ժամանակ, երբ ամեն ինչ խորտակվեց, երբ ձեզ տնից-տեղից քշեցին եւ ստիպեցին բռնել բռնագաղթի տառապալից ուղին։ Ձեր տառապանքները դուք կրեցիք որպես տիպար-օրինակ։ Այդ օրերի երթերը ձեզ տանում էին ոչ թե դեպի մի նոր հայրենիք, այլ դեպի չարչարանք եւ մահ։ Եվ ձեզանից միայն մի քանիսն էին, որոնք փրկվեցին եւ ուժասպառ ու կոտրված վիճակում կարողացան որպես հայրենազրկվածներ փրկություն գտնել ձեր հայրենիքի սահմաններից այն կողմ։

Այդ օրերին ինձ հաջողվեց մեր մոտակայքով անցնող աքսորյալներից մի փոքրիկ մաս իմ տնօրինության ներքո գտնվող երկաթուղու կառուցման աշխատանքներում զբաղեցնել, դրանով իսկ գոնե որոշ ժամանակով նրանց տալ օթեւան, աշխատանք ու հաց, սակայն ամենից առաջ՝ հոգու ապահովություն։ Դա տեղի ունեցավ շնորհիվ գթության եւ եղբայրասիրության, եւ այս հզոր զգացումներն էին, որոնք կարողացան նաեւ ինչ-որ չափով մեղմել տեղական բնակչության ու ստորադաս պաշտոնյաների քարսրտությունը։ Սակայն դա ձեզանից մի քանիսի համար սոսկ մի փոքր հետաձգում էր, քանզի շատ չանցած՝ կառավարության անողոք վճիռը ձեզ քշեց-տարավ թշվառության գիրկը։ Ինձ եւ տիկնոջս համար դրանք սուգի օրեր էին. ամեն անգամ երբ տեսնում էինք, թե ինչպես էին մեզ արդեն սիրելի դարձած պաշտպանյալները բռնագաղթի վշտալի ճամփի վրա մեզանից հեռանում ու հորիզոնի ետեւում անհետանում։

Այն օրերից, երբ իրականացվեց ձեր ազգի մեծամասնության բնաջնջումը, անցել է երկար ժամանակ։ Ձեր ազգի մնացորդները՝ հյուծված ու թշվառ վիճակում, դժվարությամբ հասան իրենց հայրենիքի սահմաններից հեռու գտնվող երկրները։ Հայ ժողովրդի բարեկամները, սատարված Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների բարեգործական կազմակերպություններից, հատուկ հավաքատեղիներում բարի սամարացու դեր կատարեցին։ Ձեր հիվանդները խնամվեցին, վհատյալները մխիթարվեցին, հոգեպես ջախջախվածները ոտքի հանվեցին ու սատարվեցին, երիտասարդներն ստացան աջակցություն ու ուսում եւ իրենց մասնագիտություններով նոր կյանքի սկիզբ դրեցին:

Պապենական հողի վրա համախմբումը, որը ձեզ խոստանում էին քաղաքագետները, տեղի չունեցավ։

Աշխարհի մեծավորները զոհաբերեցին ձեր երազները` հօգուտ իրենց քաղաքական հատուկ շահերի։ Երեք տասնամյակ է անցել այդ օրերից։ Հյուրընկալ երկրներում մինչեւ այսօր էլ խնամվում են ձեր ծերերն եւ հաշմանդամները, իսկ կենսունակ տարրերը մեծ մասամբ ընդգրկվել են աշխատանքային գործընթացում եւ իրենց աշխատասիրության շնորհիվ հաջողության հասել։ Հյուրընկալ երկրներում հայերի մեծագույն մասը ուծացել է, եւ կարծես թե վերացել է պատմական հողի վրա փոխադրվելու եւ որպես ազատ ժողովուրդ ապրելու հեռանկարը։ Եվ արդյո՞ք դա ձեզ համար բարիք պիտի լիներ։ Այդպիսի մի փոքրիկ երկիր՝ շրջապատված հզոր եւ ազգամոլ պետություններով, դյուրությամբ պիտի ենթարկվեր նորանոր վտանգների։ Իսկ եթե դուք ձեր նոր հայրենիքի մեջ պահպանեք ձեր ուրույնությունը, ջանասիրությունն ու դիմացկունությունը, այդ բոլորը երաշխիք պիտի լինեն հաջորդ սերունդների ապահով ապագայի համար։

Ձեր հիշողության մեջ վառ պահեք ձեր ազգը, որը տեսել է հզոր թագավորությունների ու ծաղկուն գավառների ժամանակներ եւ բարձր է կանգնած եղել արվեստի ու գրականության ասպարեզում։ Եվ որպես անգնահատելի գանձ` պահպանեք ձեր մեջ հպարտությունը, ձեր սուգը եւ կարոտը։ Եվ ո՞վ գիտի, թերեւս մի օր անսպասելիորեն աշխարհն իր ընթացքը փոխի, եւ մոխիրի միջից ժայթքող բոցի պես արեւ ծագի եւ ձեզ, այնուամենայնիվ, առաջնորդի դեպի ձեր Հայաստան-հայրենիքը:

Հատված՝ ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆի ««Նրանց քշում են անապատները...» գրքից։

«Նրանց քշում են անապատները» աշխատությունն, ըստ էության, սենսացիա է: Առաջին անգամ հրապարակվում է ընթերցողին և ցեղասպանագիտությանը գրեթե անծանոթ, նորահայտ վկայության մանրակրկիտ ուսումնասիրություն: Շվեյցարացի Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթի ամուսինների անունները, նրանց թողած օրագրությունները բացահայտել է գերմանագետ, հայագետ Դորա Սաքայանը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Լուսանկարում՝ Ֆրից Զիգրիստ և Կլարա Հիլթի

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ

«Ձենովօհանների» խիստ պակաս կա երկրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Մի բռա­չափ հող ու մի օ­դանց­քա­չափ արև
Մի բռա­չափ հող ու մի օ­դանց­քա­չափ արև