Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Քաղաքական փոփոխությունների շղթան կստիպի գերտերություններին լեզու գտնել միմյանց հետ

Քաղաքական փոփոխությունների շղթան կստիպի գերտերություններին լեզու գտնել միմյանց հետ
10.03.2026 | 18:25

Իրանի պատերազմը նոր ու իր մասշտաբներով աննախադեպ խնդիրներ է դնում Change management-ի առաջ, քանի որ այդ պատերազմն ինքը, ըստ էության, շատ մեծ փոփոխություն լինելով, ծնում է ոչ պակաս կարևոր փոփոխությունների կասկադ, ներառյալ Հորմուզի նեղուցի մասնակի փակումը թշնամական էներգակիրների համար, նավթի ու գազի գների թռիչքաձև աճը, որը կարող է բերել նոր աճերի կասկադի, Ռուսաստանի վրայից, թեկուզ ժամանակավոր, սանկցիաների մասնակի հանումը և այլն, և այլն։

Ընդհանուր առմամբ, միջազգային իրավիճակն է մեծ փոփոխություն կրել՝ համեմատած իրանական պատերազմից առաջ իրավիճակի հետ, որն էլ, իր հերթին, կծնի քաղաքական փոփոխությունների շղթաներ՝ ստիպելով գերտերություններին լեզու գտնել միմյանց հետ։

Բոլոր կոնֆլիկտները, նույնիսկ, եթե դրանք կանխատեսելի են և հստակ պատճառահետևանքային կապերի արդյունք են և համեմատաբար հիմնավոր ու հասկանալի նպատակներ ունեն, գլոբալ մատակարարումների շղթաներում ստեղծում են ինչ-որ չափի քաոսային վիճակ և շուկայական ցնցումներ։

Այս իմաստով Իրանի պատերազմը, հասկանալի լինելով գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության տեսանկյունից, բայց չունենալով հստակ լոկալ բնույթի նպատակներ և, նույնպես, չլինելով հստակ պատճառահետևանքային կապերի արդյունք, անսպասելիորեն դարձավ շատ ավելի մասշտաբային քաոսի աղբյուր համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների համար։

Հայտնի է նաև, որ ինչքան սերտ են կապերը բարդ համակարգի մասերի միջև, այնքան նրա որևէ մասում տեղի ունեցած փոփոխության հետևանքները ավելի դյուրին կերպով կտարածվեն համակարգի բոլոր մասերում։

Այս իմաստով, գլոբալիզմը, աշխարհը դարձնելով միասնական և ամուր շաղկապված մի բարդ համակարգ, շատ ավելի հեշտացրել է տարբեր տեսակի փոփոխությունների հետևանքների շղթայաձև տարածումը ամբողջ աշխարհով մեկ։

Բնական է, որ, առաջին հերթին, նույնը վերաբերում է աշխարհում տեղի ունեցող ճգնաժամային բնույթի մասշտաբային փոփոխություններին, որոնց հետևանքները ալիք-ալիք և անկանխատեսելիորեն տարածվում են աշխարհով մեկ՝ դրա համար օգտագործելով գլոբալիզմի ստեղծած կապերը։

Նման պրոցեսների անալիզի և կանխատեսումների գործում կտրուկ մեծանում է change management-ի դերը, որի հիմնական խնդիրն է որակապես ու քանակապես գնահատել այդ պատերազմի բերած փոփոխությունների և աշխարհով մեկ տարածվող դրանց հետևանքների շղթաներն ու տարբեր տեղերում լոկալ փոփոխությունների չափերը։

Այս իմաստով, ուժեղանում է նաև հետաքրքրությունը հայտնի «թիթեռնիկի էֆեկտի» նկատմամբ, որով, պատկերավոր ասած, աշխարհի մի հեռավոր անկյունում թեթեռնիկի թևի թափահարումը բերում է փոթորկի մի այլ վայրում։

Սա փոքր փոփոխության ավելի ու ավելի ուժեղացող ազդեցության կասկադային տարածումն է, երբ ամեն քայլին թույլ փոփոխությունը բանալու դեր է կատարում ավելի հզոր փոփոխության համար։

Նույն մեխանիզմով տեղի է ունենում ամեն մի փոփոխության հետևանքների ուժեղացող տարածում բոլոր այն ուղղություններով, որոնք զգայուն են փոփոխությունների նկատմամբ և, ըստ այդմ էլ, փոքր դիմադրության ճանապարհ են դրանց հետագա տարածման համար։

Եվ ինչքան հզոր է փոփոխությունների շղթաների սկզբում կանգնած հիմնական փոփոխությունը, այնքան ավելի հզոր կլինի դրա առաջացրած քաոսը, և ավելի մեծ կլինեն գլոբալ ատոմային բախման ռիսկերը, որի առաջն առնելու ամենահուսալի միջոցն էլ օր առաջ կոնֆլիկտը դադարեցնելն է՝ թեկուզ երկուստեք հայտարարելով իրենց հաղթանակի մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ