Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Եվրոպայի աշխարհակալական հզորության անկումն ու քաղաքակրթական իներցիան. 2

Եվրոպայի աշխարհակալական հզորության անկումն ու քաղաքակրթական իներցիան. 2
08.04.2026 | 21:12

Սկիզբը՝ այստեղ

Պուտինի 2007-ի Մյունխենի ելույթից և ուկրաինական մայդանից հետո նոր երկբևեռ ուժային աշխարհի կառուցման առաջին քայլերից դարձան Ղրիմի միացումը Ռուսաստանին և վերջինիս խառնվելը սիրիական պատերազմին։

Դրան էլ հետևեցին Մինսկի համաձայնություններն ու Արևմուտքի կողմից դրանց խախտումով Ուկրաինային վերազինելն ու հակառուսական քարոզչության ուժեղացումը և ռուսական կողմի զարմանալի ու անբացատրելի անտարբեր ու անպատասխանատու մոտեցումն այդ ամենին։

Դրան էլ, որոշակի հապաղումով, հետևեցին Պուտինի պահանջներն Արևմուտքին, կապված Ռուսաստանի անվտանգության հարցում ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժվելու և այս իմաստով Ուկրաինայի և Վրաստանի դեպքերում կարմիր գծերը հատելու վտանգի հետ։

Պուտինի պահանջներն անպատասխան թողնելն ու Դոնբասում փաստացի պատերազմը շարունակվելն էլ ցույց տվեցին, որ իրադարձությունների ընթացքը տանում է դեպի ավելի մեծ մասշտաբի անխուսափելի բախում։

Նման անորոշ ու ռիսկային պայմաններում Ռուսաստանն ավելի ճիշտ համարեց նախահարձակ լինելը, բայց և, որոշակի իմաստով, գտնվելով թյուրիմացությունների մեջ ուկրաինական կողմի տրամադրությունների ու հնարավորությունների մասին։

Մասնավորապես, ինչպես Արևմուտքն էր համոզված, շատ շատերի հետ միասին, որ Ռուսաստանի պարտությունը շատ մոտ է, քանի որ նրա թույլ էկոնոմիկան չի դիմանա սանկցիաների ճնշմանը, այնպես էլ Ռուսաստանն էր համոզված, որ Ուկրաինան թույլ հակառակորդ է։

Այդ ամեն ինչով հանդերձ, ստամբուլյան բանակցությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը, Ուկրաինայի կողմից որոշ աննշան զիջումների դեպքում, համաձայն է խաղաղության, բայց այդ ժամանակ էլ պարզվեց, որ Արևմուտքը համաձայն չի դրան, քանի որ նման պայմաններում Ռուսաստանը մնում էր չպարտված, այսինքն, Արևմուտքի կողմից նրա ռեսուրսներին տիրանալու նպատակը մնում էր անկատար։

Եվ այդ իսկ պատճառով էլ Ուկրաինան, Արևմուտքի ճնշման տակ, հրաժարվեց Ստամբուլում ձեռք բերված համաձայնություններից, և պատերազմը շարունակվեց, որի ընթացքում շատ նոր բաներ պարզվեցին, որոնք հակիրճ ձևով հանգում էին նրան, որ Ռուսաստանը թույլ չէր, ինչպես բոլորն էին համոզված, և, որ ավելի կարևոր էր, Արևմուտքն էլ այն ուժն ու հզորությունը չուներ, ինչում ևս բոլորը համոզված էին։

Դրանից բացի, պարզվեց մի շատ ավելի կարևոր ճշմարտություն, որն այն էր, որ ուժային միաբևեռության կարճ ժամանակահատվածը Արևմուտքի, մանավանդ Եվրոպայի հետ չար խաղ է խաղացել։

Համոզված լինելով, որ այլևս Արևմուտքը լուրջ թշնամի չունի, մինչ այդ եղած զորեղ ռազմական արդյունաբերության հնարավորություններն ուղղվել էին դեպի կյանքի որակի բարձրացման հետ կապված ու այլ շահավետ բիզնեսների կողմը։

Դրան հակառակ, Ռուսաստանն էլ, տեսնելով իրեն սպառնացող պոտենցիալ գոյաբանական վտանգները, նախկին Խորհրդային Միությունից եկող ռազմարդյունաբերական ժառանգությանը տալով նոր իմպուլս, ստեղծել էր բազմաթիվ նոր ու հզոր զինատեսակներ։

Դրա արդյունքն էլ եղավ այն, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը ոչ միայն դիմացավ Արևմուտքի ճնշմանը, այլ նաև կշեռքի նժարը թեքեց իր օգտին։

Այս պայմաններում Արևմուտքը, այլ լուծում չտեսնելով, շարունակեց ուկրաինական պրոքսի պատերազմը՝ ունենալով ավելի համեստ նպատակ, այն է՝ Ուկրաինայի հաշվին Ռուսաստանին առավելագույնս թուլացնելը՝ նրա աշխարհաքաղաքական կշիռն ու ազդեցիկությունը հնարավորինս փոքրացնելով։

Նման իրավիճակում իշխանության գալով՝ Թրամփն ու իր մերձավոր շրջապատը, սթափորեն գնահատելով ստեղծված իրավիճակը, այսինքն այն, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը գնում է դեպի անխուսափելի հաղթանակ, և Չինաստանն էլ, գտնվում է ալյանսի մեջ ռուսների հետ, ռադիկալ ձևով փոխեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, որոնց հիմնական նպատակն էլ Ռուսաստանին ինչ-որ ձևով Չինաստանից հետ քաշելն էր ու վերջինիս գոյապայքարի դաշտում միայնակ թողնելը։

Դրա համար, առաջին հերթին, պահանջվում էր հնարավորինս արագ ավարտել ուկրաինական պատերազմը, առանց լրջորեն հաշվի առնելու Ռուսաստանի անվտանգության հետ կապված կրիտիկական պահանջները, որի պատճառով էլ այդ պատերազմը ձգձգվում է առ այսօր։

Դրանից բացի, Թրամփի իշխանությոան գալը նշանավորվեց ևս մի նոր որակական աննախադեպ փոփոխությամբ, երբ առաջին անգամը լինելով, ԱՄՆ-ը սկսեց վարել ԵՄ-ին, որպես աշխարհաքաղաքական ուժի, անտեսող քաղաքականություն։

Մի հանգամանք, որը Թրամփի բացահայտ ուժային քաղաքականության հետ միասին, առաջին անգամը լինելով, Դե Գոլի հակաամերիկյան քաղաքականությունից հետո, բերեց Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների որոշ սառեցման։

Այս պայմաններում, Վենեսուելայի դեպքերից և Գրենլանդիայի հարցից հետո, Թրամփն իր հաջորդ ուժային հարվածն ուղղեց Չինաստանի և Ռուսաստանի շահերի խաչմերուկում գտնվող Իրանի դեմ, որը նաև խանգարում էր Իսրայելի տարածաշրջանային պլանների իրականացմանը։

Եվ այստեղ տեղի ունեցավ հաջորդ անսպասելին. Իրանը ոչ միայն դիմացավ կործանիչ հարվածներին, այլև անցավ հակահարձակման՝ ամերիկյան ռազմաբազաներին, նավատորմին և Իսրայելին հասցվող ռմբակոծումների տեսքով և, որ ամենակարևորն է, Հորմուզի նեղուցը փակելու միջոցով։

Վերջինս էլ, թիթեռնիկի էֆեկտի նման, փոքր ջանքով ու անսպասելի ձևով ունեցավ մեծ ու կատաստրոֆիկ էֆեկտ՝ հարվածելով Եվրոպայի տնտեսությանն ու հարավարևելյան Ասիայի երկրներին և, ճակատագրի ծաղրով էլ՝ մեծ օգուտներ տվեց Ռուսաստանին։

Բացի դրանից, Իրանի պատերազմը ավելի խորացրեց հակասությունները ԱՄՆ-ի և աշխարհաքաղաքական բնույթի լուրջ որոշումների վրա իր ազդեցությունը կորցրած Եվրոպայի միջև, քանի որ վերջինս չարձագանքեց Հորմուզի նեղուցի բացման Թրամփի պահանջին՝ հայտարարելով, որ դա իր պատերազմը չէ։

Դրան ի պատասխան՝ Թրամփն էլ հայտարարեց, որ Իրանի պատերազմի ավարտից հետո ինքը կվերադառնա ՆԱՏՕ-ի հարցին և որի շարքերում ԱՄՆ-ի մնալը համարում է ավելորդ ու կասկածելի, մի բան, որը վնասներով լի պոտենցիալ ունի ԵՄ-ի և Բրիտանիայի համար, քանի որ նրանց միայնակ է թողնում Ռուսաստանի դիմաց ու, բացի դրանից, կարող է բերել նաև ԵՄ-ի տրոհման, որն էլ կարող է լինել նաև իր ներքին հակասությունների պատճառով։

Ներկայում Եվրոպան այլևս այն չէ, ինչ որ մի ժամանակ, երբ միաբևեռ աշխարհը նաև իրավացիորեն եվրոպակենտրոն էր համարվում, այլ բազմաթիվ իր ուժերից վեր ծանրությունների տակ կքած, բայց և իներցիայով դեռևս արտաքնապես հրապուրիչ, որն էլ իր վաղանցիկության պատճառով կարող է լինել խաբուսիկ։

Բացի դրանից, Եվրոպայի կայունությանը սպառնում են այնպիսի գոյաբանական մակարդակի պրոբլեմներ, ինչպիսիք են իմիգրանտների և Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրներից զրկվելու հարցերը։

Երբ որ խոսք է գնում Եվրոպայի հնարավոր տրոհման մասին, ապա սովորական առողջ դատողությունը իներցիայով դա համարում է անհնարին, բայց ունենալով ԽՍՀՄ-ի տրոհման թարմ օրինակը, որի կործանումը, նույնիսկ Գորբաչովի իշխանության գալուց հետո էլ, ոչ մեկի մտքով չէր անցնում, ու որը նաև շատ կարճ ժամանակ հետո իրականություն դարձավ, լուրջ մտածմունքների տեղիք է տալիս։

Մյուս կողմից էլ, եթե համեմատում ենք ԽՍՀՄ-ի կոլապսի հիմնական պատճառները, որոնք ունեին գաղափարական ու հոգեբանական բնույթ, ապա Եվրոպայի դեպքում լիբերալ դեմոկրատիայի տեսակի գաղափարական պրոբլեմներին ավելանում են նաև էներգետիկ, պասիոնարության կորստի, իմիգրանտների կողմից ճնշումների, ԱՄՆ-ի հետ շահերի հեռացման, հաճույքներով լի կյանքին վարժվելու և այլ պատճառներով, ներառյալ՝ էլիտայի հոգեբարոյական պատկերի մեջ տեղի ունեցած փոփոխությունները, ապա ԵՄ-ի կոլապսը այնքան էլ անհավանական բան չի թվում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 167

Մեկնաբանություններ