Երևի մի 100 անգամ գրած լինեմ, որ դաշնակիցներ օդից ու անկապ չեն հայտնվում։ Դաշնակիցներ լինում են կոնկրետ շահի համընկնման ու ԱՆՊԱՅՄԱՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԴԵՄ, կամ մի քանիսի։ Այդ դեմը պարտադիր է։
ՈՒրեմն հայության գլխում մտցրել են մի թյուրիմացություն, թե Արցախի հարցում որևէ երկիր մեզ բարեկամ է, ու մենք էլ դրած սրանից-նրանից նեղանում ենք, թե բա` վատն են, խաբում են։
Բայց իրականությունը հետևյալն է. Արցախի հարցում հայության դաշնակիցը միայն հայությունն է, աշխարհի ցանկացած երկրում ապրող հայը։
Ոչ մի պետություն չկա աշխարհում, որ Արցախի հարցում լինի դաշնակից։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն միշտ հրաժարվել է, որ Արցախում ներկա է ՀՀ բանակը։
Իսկ ներկա վիճակում ՀՀ֊-ն Արցախի համար նույնիսկ թշնամական դիրք է ընդունել։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ապա նրանք ի պաշտոնե հանդիսանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ու երբեք չէին կարող լինել կողմերից մեկի դաշնակիցը։ Հենց լինեին կողմերից մեկի դաշնակիցը, ապա իսկույն կզրկվեին համանախագահի դիրքից։
Իսկ խոսելուց` բլա-բլա անելուց բոլորն էլ չեմպիոն են։ Իսկ այ Ադրբեջանն ուներ դաշնակից, գոնե հրապարակային, դա Թուրքիան է։
Մեր դեպքում մի թեթև կարող է Իրանն էր մեր կողմից, բայց դա էլ հիմնականում որպես Թուրքիային հակակշիռ, ու որ Ադրբեջանը հանկարծ շատ չուժեղանա։ Թե չէ Իրանի դարդն էլ այդքան չի, թե Ստեփանակերտն ու Շուշին ում են պատկանում։
Ի դեպ, 2016-ի քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը Գերմանիայում կոնկրետ հայտարարեց այդ մասին, որ մենք դաշնակից չունենք, ուղղակի զարմանալի էր այն, որ ասում էր դա այնպիսի տոնով, ոնց որ դա նոր իմացավ։
Ամեն դեպքում նա Հայաստանի միակ ղեկավարն էր, որ դա պարզ հայտարարեց, չնայած դա բոլորը գիտեին։ Ինչու նորությու՞ն էր, որ Ադրբեջանի դեմ մենք չունենք դաշնակից։ Ո՞ր երկիրն է համարվել Ադրբեջանին թշնամի, որ կարող էր լինել մեզ դաշնակից։
Չկար այդպիսի երկիր ու հիմա էլ չկա։
Հա՛, էլի մի թեթև Իրանի հետ կան ընդհանուր պահեր, բայց կան նաև լիքը հարցեր հենց հայ-իրանական հարաբերությունների պահով, քանի որ իրար դեմ պրետենզիաներ նույնպես կան։
Ի դեպ, մենք էլ ոչ մեկին պարտք չենք ու երդվյալ դաշնակից լինել պարտավոր չենք։
Օրինակ, եթե Ռուսաստանն ու Ֆրանսիան իրար հետ կռիվ տան, մենք պարտավոր չենք Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեմ կռվել ոչ մեկի համար։
Իսկ, ա՛յ, եթե որևէ երկիր Թուրքիայի դեմ կռիվ սկսի տալ, մենք կդառնանք դաշնակից այդ երկրին, քանի որ Թուրքիային միշտ էլ համարում ենք թշնամի։
ՈՒ հենց այդ դեպքում են Հայաստանն ու Ռուսաստանը դառնում լուրջ դաշնակիցներ, ու դրա համար էլ ռուսական բանակն է հսկում
հայ-թուրքական սահմանը։ Ադրբեջանի դեպքում առայժմ չեմ տեսնում որևէ երկիր, որը ցանկություն ունի Ադրբեջանի դեմ պատերազմելու։
Այնպես որ սխալ պատկերացումները բերում են սխալ եզրահանգումների։
Հա, մի բան էլ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները լուռ նայում էին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Երեքից երկուսն էլ մինչև վերջ լուռ մնացին, ու հաստատ էլի կլռեին, եթե ամբողջ Արցախն անցներ Ալիևին։ Երեքից միայն մեկը վերջում խառնվեց, բայց էլի իր շահերի համար, ոչ թե որպես դաշնակից, քանի որ իրեն պետք է, որ հարցը չփակվեր հանկարծ։ Իսկ այն երկուսին էլ պետք է, որ հարցը փակվի, կապ չունի ում օգտին։
ՄԽ համանախագահների միակ հակասությունն այս կետում է. Ռուսաստանին պետք է հարցի մնալը, որ իր ազդեցությունն էլ մնա, իսկ Արևմուտքին պետք է հարցի վերջնական լուծումը, որպեսզի Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից։ ՈՒ մեծ հաշվով թքած ունեն, թե Արցախն ում մնաց։
Ի դեպ, Արևմուտքի ուզածը շատ հաճախ լինում է տարբեր` ԱՄՆ-ը մի բան է ուզում, Եվրոպան` լրիվ ուրիշ բան, ուղղակի դա պարզ չեն ասում։
Ի՞նչ է պետք անել. Արցախին պետք է այնպիսի առաջնորդ, ով աշխարհի հայության կողմից հարգված ու ընդունված է։
Ա՛յ, դա այս փուլում կարող է բերել հաղթանակ։
Չգիտեմ էլ ով կա որպես այդպիսին։
Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ