2023 թ. փետրվարի 8-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իլյիչով Պյոտրն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա:
Այսօր Արցախի ԱԺ-ն դիմեց ՀՀ-ին, խնդրելով
անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար:
Ի՞նչ է փոխվել 2023 թ. փետրվարի 8-ից և արդյոք պաշտոնական Ստեփանակերտի պահանջը համաձայնեցվա՞ծ է ռուսական կողմի հետ:
Եթե Ստեփանակերտի և Մոսկվայի միջև առկա լիներ համաձայնություն, ապա վերջինս ինչ-որ կերպ հանրայնորեն կտեղեկացներ դրա մասին իլյիչովպյոտրների, զախարովամարիաների կամ, գոնե՝ Զատուլին Կոնստանտինի շուրթերով:
Ավելին՝ տրամաբանորեն դա կարվեր մինչև Արցախի ԱԺ-ի ՀՀ-ին դիմելը:
Սակայն, թեմային վերաբերող վերջին՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը հակասող, հայտարարությունը հնչել է 2023 թ. փետրվարի 9-ին Իլյիչով Պյոտրի կողմից:
Մեծ հաշվով, քաղաքական իմաստով, 2023 թ. փետրվարի 9-ից այս կողմ տարածաշրջանում էական փոփոխություններ չկան:
Ռուս խաղաղապահները Արցախում շարունակում են ծառայությունը, Աղդամում անխափան գործում է
ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, ուժի մեջ է Իլյիչով Պյոտրի ասածն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա:
Այդ դեպքում, ո՞վ է Արցախի ԱԺ-ի այսօրվա պահանջի իրական շահառուն:
Ռուսաստանի իշխանական բուրգը երբեք (մանավանդ այժմ) միատարր չի եղել:
Կրեմլի տարբեր առանձնասենյակներում այս կամ այն խնդրի շուրջ ինքնուրույն քաղաքականություն է մշակվում և իրականացվում: Ի վերջո, հաղթում է առանձնասենյակներից մեկի պաշտոնյան: Կարծում եմ՝ այդպես եղավ 2018 թ., երբ Սարգսյան Սերժ-Փաշինյան Նիկոլ հակամարտությունում հաղթեց Կրեմլի՝ Փաշինյան Նիկոլին ուղղորդող պաշտոնյան:
Այժմ նույնն է:
Եթե Իլյիչով Պյոտրն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, ապա վստահ եղեք, որ Կրեմլում կա մեկ այլ առանձնասենյակ, որտեղ նստած, ենթադրենք՝ Պետրով Իլյիչն ասել է, որ առկա է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտությունը:
Դե, Հայաստանն էլ պետք է «վազվզի» Իլյիչով Պյոտրի և Պետրով Իլյիչի առանձնասենյակներով ու դրանցից մեկին հաղթանակ ապահովվի:
Ի դեպ, վերջիններիս համար հաղթանակի գինը կարևոր չէ, քանզի վճարողն իրենք չեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ