Սկիզբը՝ այստեղ
Ոմանց կարող է թվալ, թե Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր (ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և Պետդումայի համանուն խմբակցության անդամ), Պետդումայի Զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևը զգացմունքային կերպով է արձագանքել Բաքվում Ռուսական տունը փակելու ադրբեջանական իշխանությունների որոշմանը և ինչ- որ անթույլատրելի գծեր հատել, բայց իրականում դա բնավ այդպես չէ. Վալուևն իրականությունը, ճշմարտությունն է հայտնել ու միանգամայն ճիշտ և արդարացի պահանջ ներկայացրել:
«Ինչո՞վ դուր չեկավ «Ռոսսոտրուդնիչեստվո»- ն,- հարցրել է Վալուևը Telegram ալիքի իր միկրոբլոգում ու հավելել. «Իսկ այս ամենը «ժողովուրդների դրյուչբայից» է, ազդեցության ոլորտներից և պանթուրքիզմի մասին»։
Նշելով, որ, որքան հայտնի է, Ռուսաստանում չկա այնպիսի կառույց, ինչպիսին Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ն էր, այսինքն՝ «Ազերսոտրուդնիչեստվո», Վալուևը գրել է. «Փոխարենը կան բազմաթիվ «սփյուռքներ»։ Եվ այդ սփյուռքները մշակութային փոխանակման մասին չեն։ Ավելի շուտ՝ փողի մասին: Եվ միշտ չէ, որ փողն օրինական է…»։
Պատգամավորը հաջորդ գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վրա ազդում է սփյուռքի միջոցով, որը հանդիսանում է «ուժի, ազդեցության, կրիմինալի և էլի շատ բաների» կենտրոն, և հավելել, որ մշակութային փոխանակումը վերջին տեղերում է:
«Թող վերջապես արդեն ստեղծեն իրենց պաշտոնական Ազերսոտրուդնիչեստվոն, Տաջիքսոտրուդնիչեստվոն, Ուզբեկստուգդնիչեստվոն, Ղրղզստուգդնիչեստվոն և այլն,- գրել է Վալուևը:- Խոսեք պաշտոնապես՝ կանոնադրությունների և հասարակական պայմանագրով նախատեսված պատասխանատվության հիման վրա: Կրկին առանց հույզերի: Մենք շուկայում չենք»։
Եվ, ահա, ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանի արտգործնախարարությունը վերոնշյալ գրառումից հետո Վալուևին պաշտոնապես արգելել է մուտք գործել երկիր։ Խորհրդարանականը նշել է, որ զարմացած է, բայց չի տխրել, և հավելել է, որ «առանձնապես չի էլ ձգտել այդ վայրերին», այսինքն՝ Ադրբեջան այցելել:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան՝ «Ադրբեջանական ժողովրդի և երկրի հասցեին նրա վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների պատճառով»:
«Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի դեմ հանդես եկող անձանց նկատմամբ այսուհետ ևս համապատասխան միջոցներ կձեռնարկվեն մեր երկրի օրենսդրության շրջանակներում»,- եզրափակել է Հաջիզադեն:
Դե ինչ, թուրքի, մեղմ ասած, զրպարտչական քաղաքականությունը մեզ վաղուց է հայտնի: Վալուևն ընդամենը ճշմարտությունն է գրել, որ Ադրբեջանը Ռուսաստանի վրա ազդում է այնտեղ իր սփյուռքի միջոցով, որն ավելի շուտ զբաղված է փող ձեռք բերելով (ընդ որում, ոչ միշտ օրինական ճանապարհով), քան թե մշակութային փոխանակմամբ:
Պատգամավորը ճշմարտությունն է գրել նաև այն առումով, որ Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքն «ուժի, ազդեցության, կրիմինալի և էլի շատ բաների» կենտրոն է, և որ երկրների միջև մշակութային փոխանակումը վերջին տեղերում է: Վալուևը նույնիսկ մեղմ է գրել, որովհետև ադրբեջանական սփյուռքը ՌԴ- ում պարզապես «կրիմինալի» կենտրոն չէ, այլ նաև դրանում ներառված ահաբեկչության, որն X պահին դեռ իրեն ցույց կտա «ամբողջ փայլով»…
Պատգամավորի գրառման մեջ սպառնալիք նույնպես չկա, այլ ընդամենը նրա ցանկությունն է, առաջարկությունը կամ, թեկուզ, պահանջը, որ ՌԴ- ում ադրբեջանական և վերոնշյալ մյուս սփյուռքներն այսուհետ գործեն կանոնադրությունների և հասարակական պայմանագրով նախատեսված պատասխանատվության հիման վրա, բայց այս ամենը բավական է եղել, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը Վալուևի խոսքին արձագանքի հիստերիկ և, կարելի է ասել, նույնիսկ թշնամական կերպով:
Պետդումայի Զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալն անիմաստ է համարել Բաքվի որոշումը վիճարկելը: Газетой.Ru-ի հետ զրույցում Վալուևը հայտարարել է, որ զարմացած է ադրբեջանական իշխանությունների որոշումից, բայց չի բողոքարկելու այն:
«Զարմացած եմ,- ասել է նա:- Տեսեք իմ Telegram- ալիքը, եզրակացություններ արեք: Եթե դա կարող է նման որոշման պատճառ լինել, հավանաբար, այդպիսի հույզեր… Ես բոլորովին չեմ նեղվել այդ առիթով… Իրական պատճառներն ինձ համար անհասկանալի են։ Վիճարկե՞լ… Իսկ իմա՞ստը»… Ես առանձնապես չէի ձգտում այդ վայրերին»։
Վալուևը, այնուամենայնիվ, ցանկանում է Բաքվից ստանալ պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է Ադրբեջան իր մուտքի արգելքը։ Նա մտադիր է հարցում ուղարկել, քանի որ նման որոշման մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի ստացել։
Այս ամենը, սակայն, դեռ բոլորը չէ… Ադրբեջանցիները ՌԴ- ում սպառնում են լրագրողին: «Ռեգնում»- ի գլխավոր խմբագիր Մարինա Ահմեդովան իր տելեգրամյան ալիքում նույնպես մեկնաբանել է Բաքվում Ռուսական տան փակումը՝ կատակելով, որ նմանատիպ ներկայացուցչություն Մոսկվայում է գտնվում «Садоводе»-ում և «Фудсити»- ում՝ նկատի ունենալով սննդամթերքի լայնամասշտաբ ներմուծմամբ, արտադրությամբ, առևտրով զբաղվող այդ հաստատությունների ադրբեջանական լինելը (դրանք ստեղծված են ադրբեջանական կապիտալով, տերերն էլ ադրբեջանցիներ են): Վերոնշյալ գրառումից հետո Ահմեդովան սկսել է սպառնալիքներ ստանալ։
«Դա պետք է ունենալ անծայրածիր լկտիություն, որպեսզի սպառնան ինձ իմ երկրում և արգելեն որևէ բանի մասին գրել: Ըստ երևույթին, «Садоводе»-ի և «Фудсити»-ի մարդիկ նյարդայնացել են։ Բայց դեռ պետք է նյարդայնանալ՝ ամեն ինչ կփոխանցեմ համապատասխան ծառայություններին»,- գրել է Ահմեդովան տելեգրամյան ալիքում:
Լրագրողի խոսքով՝ իրեն սպառնում են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Այս ամենի հետևում ինչ- որ կերպ չհաջողվեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի կողմից Ուկրաինային մարդասիրական կարիքների համար հատկացված մեկ միլիոն դոլարը,- նշել է Ահմեդովան։- Ուկրաինայի մարդասիրական կարիքները մենք գիտենք, որ այն միշտ զենք է գնում, ԱԹՍ։ Իսկ Ալիևն այդ օգնությունը հատկացնում է ուկրաինական ԱԹՍ- ների պատճառով տուժած ադրբեջանական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունից կարճ ժամանակ անց»:
Լրագրողը հավելել է, որ ադրբեջանցիների փոխարեն, հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին կհարցներ, թե ինչո՞ւ է նա «շնորհակալություն հայտնել Ուկրաինային»…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան