«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2

Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
05.04.2025 | 17:21

Սկիզբը՝ այստեղ

Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ- ի հարձակումը կպայթեցնի ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքը՝ մեր տարածաշրջանի, ի մասնավորի, Իրանին սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի ընդգրկմամբ, այլև եթե չհանգեցնի միջուկային սպառազինության կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի, ապա առնվազն տակնուվրա կանի ողջ աշխարհը:

«Коммерсантъ»- ի մարտի 19-ի հրապարակման համաձայն, իսրայելական «Axios» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հղած նամակում 2 ամսվա ժամկետ է սահմանել միջուկային նոր գործարքի կնքման համար: Պորտալի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ- ի նախագահը Թեհրանին սպառնացել է հետևանքներով, եթե Իրանի իշխանությունները հրաժարվեն համաձայնագրից:

«Axios»- ի տվյալներով՝ Սպիտակ տունը, նամակն ուղարկելուց առաջ, դրա բովանդակության մասին տեղեկացրել է ամերիկյան որոշ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ- ին: «Axios»- ի աղբյուրները նամակն անվանել են «կոշտ»:

Իրանի գերագույն առաջնորդին նամակ ուղարկելու մասին Դոնալդ Թրամփը հայտնել էր մարտի 7- ին: ԱՄՆ- ի նախագահն ընդգծել է՝ Թեհրանը պետք է գործարք կնքի կամ խնդիրը կլուծվի «այլ կերպ»։ Ավելի ուշ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի գնա բանակցությունների նրանց հետ, ովքեր իրենց սեփական շահերից ելնելով են պարտադրում դրանք: Նրա խոսքով՝ «ագրեսիվ կառավարությունների» համառությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը։ Իրանի ԱԳՆ- ն հրաժարվել է բանակցություններ վարել «ճնշման և ահաբեկման պայմաններում»։

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին։ Խոսքը գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին է՝ Իրանի և վեց միջնորդ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև 2015թ. հուլիսի 15- ին կնքված քաղաքական համաձայնագրի, որը հայտնի է նաև որպես իրանական «միջուկային գործարք»: Այն նախատեսում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում՝ իր միջուկային ծրագրի մի շարք սահմանափակումների դիմաց։ Սակայն պատժամիջոցների նախատեսված չեղարկումը լիովին չի կատարվել, իսկ Իրանը, դրան ի պատասխան, զգալիորեն ավելացրել է իր տեխնոլոգիական ներուժը և բարձր հարստացված ուրանի պաշարները։

Ինչու է Իրանը հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին վերջերս խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցությունների թեմայի շուրջ: Խամենեին, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , ուղիղ հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին համարում է եսամոլներ, որոնք բանակցությունների անվան և խաղաղության մասին խոսքերի ներքո առաջ են տանում իրենց շահերը՝ վշտի հանգեցնող ամբողջ աշխարհում: Այաթոլլայի ելույթը հեռարձակել է SNN հեռուստաալիքը։

«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցություններ են վարում ոչ թե խնդիրները լուծելու, այլ իրենց սեփական շահերը պարտադրելու համար,- հայտարարել է Խամենեին իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:- Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց սպասելիքները»:

Ալի Խամենեիի խոսքով՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև հավաքական Արևմուտքի տխրահռչակ երկակի ստանդարտներն իսկական «քաղաքակրթության խայտառակություն» են: Այաթոլլան վստահություն է հայտնել, որ ոչ մի մեղսունակ մարդ չի դատապարտի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի գործողությունները և, միաժամանակ, Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնի:

ԱՄՆ- ի, Իսրայելի, Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառման, դրա վրա հիմնված քաղաքականություն վարելու առնչությամբ Իրանի գերագույն առաջնորդի քննադատական, մերժողական դիրքորոշումը միանգամայն հիմնավորված է և ճիշտ: Ընդ որում, այն, ինչ ասել է Ալի Խամենեին, պետք է համարել սոսկ մի մասն այն հիմնավորումների, թե Իրանն ինչու է հրաժարվում իր միջուկային հնարավորությունների սահմանափակման շուրջ ԱՄՆ- ի հետ բանակցություններից:

Եթե նույնիսկ համարենք, թե Իրանն իսկապես ձգտում է ուրանի հարստացումը հասցնել այն աստիճանի, որ այն արդեն վերածվի զինական ուրանի ու թույլ տա պատրաստել միջուկային զենք, ապա աշխարհում որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե դա ինչու էր կարելի ու թույլ տրվեց Իրանի և Աստծո ոխերիմ թշնամի Իսրայելին, իսկ Աստծո ընտրությունը կատարած Իրանի դեպքում համարվում է խստորեն մերժելի: Ընդ որում, ողջ աշխարհը՝ ԱՄՆ-ը, Արևմուտքը սիրահոժար կերպով, Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ ակամա կերպով, չունենալով պարտադրման որևէ միջոց, հանդուրժում են Իսրայելի կողմից իր միջուկային սպառազինության վերաբերյալ որևէ հաշվետվություն չներկայացնելը, որից պարզ կդառնար, թե քանի միջուկային մարտագլխիկ, ռումբ ունի և արտադրում է տարեկան, ինչ տեսակի ու հզորության են դրանք և այլն:

Ինչպես Ալի Խամենեին, այնպես էլ Իրանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանում են, որ Իսրայելը, ԱՄՆ- ը, Արևմուտքը ամեն կերպ ձգտում են թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել ոչ թե նրա համար, որ Իսլամական Հանրապետությունը դրանով երբևէ չհարձակվի Իսրայելի վրա, քանի որ քաջ գիտեն՝ Իրանը երբեք չի գնա ինքնասպանության՝ հաշվի առնելով Իսրայելի միջուկային զենք ունենալու և ԱՄՆ- ի՝ Իսրայելի ռազմավարական դաշնակիցը լինելու հանգամանքները, այլ նրա համար, որպեսզի առաջիկայում անհնար չդառնա Իսրայելի կողմից Իրանի, որպես պետության, ոչնչացումը: Կամ էլ՝ Իսրայելի, ԱՄՆ- ի, Արևմուտքի կողմից Իրանի հետ վարվելն այնպես, ինչպես վարվեցին Սիրիայի հետ՝ նախապես պարտադրելով նրան, որ հրաժարվի զսպման ռազմավարական ներուժ ունեցող իր քիմիական զենքից, ոչնչացման հանձնի դրանք:

ԱՄՆ- ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

Մասնավորապես, միջուկային զենքով զինված «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ տարածաշրջան, Կարմիր ծով է ուղևորվում ռազմանավերի երկրորդ խումբը: Այս մասին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը։ Որպես ԱՄՆ- ի նշված քայլի պատճառաբանություն, Փարնելն ասել է, որ ամերիկյան կողմը Մերձավոր Արևելքում կուժեղացնի իր ռազմական ներկայությունը, որպեսզի կանխի էսկալացիան, ինչպես նաև պաշտպանի իր շահերը:

Շահերի պաշտպանության մասով հասկանալի է, քանի որ Թրամփն Իսրայելի և ԱՄՆ- ի շահերը, ըստ էության, համարում է նույնական, իսկ Իսրայելն իր շահը համարում է Իրանի ոչնչացումը: Ինչ վերաբերում է էսկալացիան կանխելուն, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը ստում է, քանի որ ԱՄՆ- ն իր այդ քայլով հակառակը՝ տեղիք է տալիս տարածաշրջանում ռազմական էսկալացիայի:

Ավելի վաղ ԱՄՆ- ի պաշտպանության նախարարի հրամանով Կարմիր ծովում է գտնվում ավիակրային հարվածային մեկ այլ խումբ՝ «Հարի Թրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ։

«Նախարարը նաև կարգադրել է լրացուցիչ էսկադրիլիաներ և այլ օդային ուժեր ուղարկել՝ մեր պաշտպանունակությունն ուժեղացնելու համար»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 16298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ