ԼԱՎԻՆ ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՉ ԹԵ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄՏՔԵՐԻՆ ՏՐՎԵՔ
Քանի գնում, էլ ավելի ենք հայերս ինքնաոչնչացմամբ զբաղվում։
«Մենք լավը չենք, չար ենք, չկամ ենք, նախանձ ենք ... աշխարհում հայից վատը չկա»:
Այս ձևակերպումները տարածվում են ու կոտրում հայի ոգին։
ՈՒ՞մ է սա ձեռք տալիս։ Մեզ որ հաստատ չէ։
Թշնամու՞ն, սատանայի՞ն։
Եթե գիտակցում ենք, որ թշնամուն մեզ ինքնաոչնչացնելու ճանապարհն ամենաձեռնտուն է, ապա ինչու՞ հանուն հազարավոր զոհերի խելքներս գլուխներս չենք հավաքում ու սկսում հակադարձել մահին։ Եվ ինչու՞ ենք շարունակում հերքել սատանայի գոյությունը, որ կարող էր մտնել մեր շարքերի մեջ։ ՈՒ, մտավ, բայց մենք շարունակում ենք չհավատալ, որ սատանան մեր տան գլխին է բազմել։
Խորը փիլիսոփայական գիտակցություն պետք չէ, որ հասարակ մի քանի բան ընկալենք ու ընդունենք։
Նախ, այն որ մարդը մարմնից և հոգուց է կազմված։ Երկրորդը, որ հենց տկարանում է հոգին, մարմինը սկսում է մեռնել։
ՈՒրեմն, որ մարմինը մնա առողջ, ոգին պետք է սնի մեր գիտակցությունը անսահման սիրո զգացմունքով։
Այդ սերը Արարչին լիովին վստահելու մեջ է։ Այդ սերը դրան, նրան ատելու մեջ չէ։
Եթե վստահենք, ավելի ճիշտ պարզապես հավատանք, որ մեր զոհված հայորդիները մարգարեություն կառնեն, կկենդանանան, մենք այդ պահին իսկ մեր երկրի, հողի վրա ապրելու, կորցրած Արցախը վերադարձնելու իրական, այլ ոչ ձևական հնարավորություն կունենանք։
Հայ Եկեղեցին գրեթե 5 դար չէր սրբադասել ու Հայոց Ցեղասպանության զոհերին սրբադասեց։
Բայց մենք հասկացա՞նք ի՞նչ կատարվեց, հասկացա՞նք, որ դա մեր նահատակների ժառանգության վերապրելու հավատամքն է։
Պահքային այսօրվա ընթերցանությամբ Սուրբ Էջմիածնի հավելվածում առաջարկվում է կարդալ «Եզեկիելի մարգարեությունը, 37.1-14»
Այն առավել պարզ ասում է. ԼԱՎԻՆ ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՉ ԹԵ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄՏՔԵՐԻՆ ՏՐՎԵՔ
1Տիրոջ ձեռքը յանգեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: 2 Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: 3 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»: 4 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց. “Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ եմ բերելու, 6 ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը”»: 7 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին: 8 Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար: 9 Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կկենդանանան“»: 10 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր: 11 Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են: Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր յոյսը կտրուեց, ու մենք մեռանք»: 12 Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը: 13 Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ: 14 Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը: Ասացի ու կատարելու եմ»,– ասում է Տէր Աստուած:
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ